Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների և ուսանողների այցը մասնաճյուղ

1. glxavor2024 թ. ապրիլի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Գայանե Սարգսյանը, նույն ամբիոնի դասախոսներ Թագուհի Բլբուլյանը, Հեղինե Ավետիսյանը և տվյալ կրթական ծրագրի մի խումբ ուսանողներ:

Այցի նպատակն էր խորացնել և ընդլայնել կապը մայր բուհի և մասնաճյուղի միջև:

Նախ կայացավ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հետ ԵՊՀ-ից ժամանած դասախոսների հանդիպումը, որի ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց այցի օրակարգը՝ ֆրանսերենով «Սպանել մոծակին» բեմականացման ներկայացում, «Ստեղծագործական խոսքի հմտություններ», «Թատերական և երաժշտական խաղեր» թեմաներով քննարկումներ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ:

Տնօրենի հետ հանդիպման ընթացքում նաև առաջարկվեց կազմակերպել փոխայցելություններ մայր բուհի և մասնաճյուղի միջև, խոսվեց ֆրանսերենի խթանմանը նպաստող գործոնների և հնարավորությունների մասին:

Այնուհետև մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում տեղի ունեցավ ԵՊՀ ներկայացուցչական խմբի հանդիպումը ԵՊՀ ԻՄ ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների և ուսանողների հետ:

Հանդիպումն անցավ ջերմ և հաճելի մթնոլորտում: Ուսանողներն առաջին անգամ էին դիտում ֆրանսերենով ներկայացում, և շատ տպավորված ու ոգևորված էին: Ներկայացման ավարտից հետո տեղի ունեցան խմբային քննարկում և կարծիքների փոխանակում: