Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում

2015թ. ապրիլի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնաճյուղի ուսանողական կառույցների անդամներ, ուսանողներ:

Միջոցառումն ուներ յուրօրինակ բացում. բոլոր մասնակիցները հանդես եկան մաթեմատիկական բանաձևերի տեսքով, և ստացվեց կոմպլեքս թիվ՝ արմատ (ապրիլի 7-մարտի 8):

Ներկայացվեցին տոնին համահունչ երգեր, բանաստեղծություններ, թևավոր խոսքեր, պարեր (վիեննական վալս, պոպուրի և այլն):

Միջոցառումը եզրափակվեց հումորային բեմադրությամբ:

Վերջում Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը հանդես եկավ խրախուսական և շնորհակալական խոսքով:

Աշխատանքի հնարավորություն մեր շրջանավարտների համար

2015թ. ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի կունենա հանդիպում «Կրթություն Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

«Կրթություն Հայաստան» ՀԿ-ի համանուն ծրագրի շրջանակներում ավելի քան 20 շրջանավարտներ այս տարվա սեպտեմբերին հնարավորություն կստանան բարձր աշխատավարձով աշխատանքի անցնելու Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի դպրոցներում:

ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որը միացել է առաջնորդության հմտությունները զարգացնող ծրագրին, իսկ ընդհանուր առմամբ` այս ծրագրից օգտվում է 36 երկիր:

«Կրթություն Հայաստան» ծրագիրը նախատեսում է Հայաստանի և Սփյուռքի համալսարաններից հավաքագրել և ընտրել լավագույն շրջանավարտներին, ովքեր հնգամսյա վերապատրաստման դասընթացներից հետո հնարավորություն կունենան աշխատելու ցածր եկամուտ ունեցող մարզային դպրոցներում:

Ըստ այդմ էլ` ծրագրում ներառված յուրաքանչյուր դպրոցում աշխատանքի կտեղավորվեն երկու մասնագետներ: Բացի բարձր աշխատավարձից՝ նրանց կտրամադրվի նաև կրթաթոշակ, որը բավարար կլինի առօրյա ծախսերը հոգալու համար:

«Կրթություն Հայաստան» ծրագրի նախաձեռնողներն այդ երկու տարիների ընթացքում իրականացնելու են շարունակական վերահսկողության գործառույթ և վերապատրաստման գործընթաց, իսկ մարզիչները կապահովեն մասնակիցների մասնագիտական և առաջնորդության զարգացումը:

Ծրագրին կարող են մասնակցել նաև դպրոցում դասավանդվող համապատասխան առարկաներին մոտ մասնագիտություններ ունեցող շրջանավարտները: Օրինակ` Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած շրջանավարտը դպրոցում կարող է աշխատել որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

«Կրթություն Հայաստան» ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը www.teachforarmenia.org կայքում, որտեղ կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ նախաձեռնության և մասնակիցների ընտրման ընթացակարգի, ինչպես նաև կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ:

«Ծրագրային ապահովման նախագծում. նախագծման ձևանմուշներ և հակաձևանմուշներ» թեմայով գիտական զեկուցում կարդաց ֆ.մ.գ.թ. Սուրեն Բալիկյանը

2015թ. ապրիլի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Ծրագրային ապահովման նախագծում. նախագծման ձևանմուշներ և հակաձևանմուշներ» թեմայով գիտական զեկուցում կարդաց ֆ.մ.գ.թ. Սուրեն Բալիկյանը, որին հրավիրել էր մասնաճյուղի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը:

Ներկա էին Ծրագրավորման և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ռ.Քամալյանը, դասախոսներ և ուսանողներ:

Թեման բավականին հետաքրքիր էր:
Զեկուցողը ներկայացրեց օբյեկտային կողմնորոշված ծրագրավորման հիմնական սկզբունքները, ծրագիր գրելու համար անհրաժեշտ քայլերը:

Ներկայացված զեկուցումը բավականին հետաքրքրեց ուսանողներին, որոնք զեկուցողին ուղղեցին հարցեր և ստացան լիարժեք պատասխաններ:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նիստ

 

 

2015թ. ապրիլի 11-ին` ժամը 12:20-ին, տեղի կունենա Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նիստ` հետևյալ օրակարգով.

 

1. 2014-2015 թթ. 2-րդ կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների արդյունքների քննարկում

 

Զեկուցող` Վ. Ավագյան

 

2. «Հայ և ընդհանուր դիցաբանություն» դասընթացի բովանդակության և ծրագրի կառուցվածքի մասին

 

Զեկուցողներ` Հ.Զորոյան, Ա.Ադամյան,
Ա.Հասանյան, Վ.Ավագյան

 

3. Ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Գարիկ Մկրտչյանի «Բարբառագիտության հիմունքներ» ուսումնամեթոդական ձեռնարկը հրատարակության երաշխավորելու մասին

 

Զեկուցողներ՝ Ա.Սարհատյան, Լ.Թումանյան, Կ.Պողոսյան

 

4. Ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանի «Սերո Խանզադյանի վիպակներն ու պատմվածքները» մենագրությունը հրատարակության նախապատրաստելու մասին

 

Զեկուցող` Վ. Աղաբաբյան

 

5. Ընթացիկ հարցեր:

 

Հայոց լեզվի և գրականության ամբիոն

 

Վոլեյբոլի բաց առաջնություն

2015թ. ապրիլի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի բաց առաջնություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Խաղերը կմեկնարկեն ժամը 12:00-ից:

Մասնակցել ցանկացողները մինչև ապրիլի 17-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: