Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտաժողովի հրավեր

 Գիտաժողովի հրավեր

2017 թվականի հոկտեմբերի 12-13-ը Լեհաստանի Ժեշով քաղաքում, Ժեշովի համալսարանի Պատմության ինստիտուտի և Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի Արևելքի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո, տեղի է ունենալու «Կովկաս. պատմություն, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով 6-րդ միջազգային գիտաժողովը:    

Մանրամասն տեղեկատվությունն այստեղ:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը  

2017թ. հուլիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտխորհրդի` այս ուստարվա վերջին ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ԵՊՀ-ի ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանը, ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Գրիգորյանը, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վ.Դումանյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պ.Բալայանը, Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիիչ, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Ա.Սաղյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, մասնաճյուղի գիտխորհրդի անդամները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուները:

Նիստը վարում էր Մայր բուհի ռեկտոր Ա.Սիմոնյանը:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը

Գիտական խորհրդի նիստում ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքները, քննարկվեցին մասնաճյուղի՝ 2018թ. ընդունելության մասնագիտությունների ցանկին, ՄԿՈԱ բաժնի՝ 2016-2017 ուստարվա գործունեությանը, ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխություններին, Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ Մհեր Ստեփանյանին ԵՊՀ-ի գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելուն և միջնորդելուն վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում հաստատվեցին Գիտակազմակերպական բաժնի, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգերը, Միջազգային կապերի բաժնի, ԵՊՀ ԻՄ-ի արխիվի, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի կանոնադրությունները:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ, տնօրեն Ս. Ա. Առաքելյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2017թ. մայիսի 12-ից  հունիսի 25-ը մասնաճյուղում ըստ ժամանակացույցի իրականացվել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորման (առկա և հեռակա) գործընթացը: Ընդհանուր առմամբ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները գոհ են եղել ամփոփիչ քննություններին ուսանողների պատրաստվածության մակարդակից և ավարտական աշխատանքների պաշտպանություններից, շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ կատարել են համապատասխան առաջարկություններ:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը

Ներկայացվեց, որ 2017թ. բակալավրի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցմամբ մասնաճյուղն ավարտել են 416 ուսանողներ, որոնցից 165-ը՝ առկա ուսուցմամբ (1-ը նախորդ տարիներից), 251-ը՝ հեռակա ուսուցմամբ (1-ը նախորդ տարիներից): Վերոնշյալ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ 24 ուսանող ստացել է գերազանցության դիպլոմ: Համեմատության կարգով նշվեց, որ այս տարի առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով գերազանցության դիպլոմ ստացող ուսանողների թիվն աճել է ≈10,8%-ով: Ընդգծվեց, որ 31 շրջանավարտներ ցանկություն են հայտնել ընդունվել մագիստրատուրա:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. ընդունելության մասնագիտությունների հետ կապված՝ նշվեց, որ հանրապետությունում տարեցտարի նկատվում է դիմորդների թվի նվազում, ուստի անհրաժեշտ է մասնագիտությունների ընտրության ճիշտ քաղաքականություն վարել: Ներկայացվեց, որ առաջիկա տարում Կիրառական արվեստի ֆակուլտետեում ընդունելություն կատարվելու է «Դիզայն» կրթական ծրագրով, Բնական գիտությունների ֆակուլտետում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրով, Տնտեսագիտության ֆակուլտետում՝ «Ֆինանսներ» կրթական ծրագրով, Հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ «Անգլերեն լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերով:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը

ՄԿՈԱ բաժնի՝ 2016-2017 ուստարվա գործունեության վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Մասնավորապես նշվեց, որ մասնաճյուղում որակյալ ուսումնառության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման գրավականը բուհում դեռևս 2009 թվականից կայուն ներդրված որակի ներքին ապահովման համակարգն է: ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման կազմակերպական  կառուցվածքին համապատասխան՝ այդ գործընթացները կանոնակարգվում և իրականացվում են Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի կողմից՝ Որակի կառավարման հանձնաժողովի մշտական աջակցությամբ և խորհրդատվությամբ: Ընթացիկ ուստարում բաժինն առաջնորդվում է կրթության որակի բնագավառում մասնաճյուղի ընտրած  քաղաքականությամբ և բաժնի՝ 2016-17 ուստարվա աշխատանքային պլանով, որը կազմվել է համաձայն մասնաճյուղի զարգացման՝ 2016-20 ռազմավարական ծրագրի պլան-ժամանակացույցից բխող կարճաժամկետ պլանի: ՄԿՈԱ բաժնի՝ 2016-2017 ուստարվա գործունեությունը գնահատվեց լավ:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը

ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխությունների մասին հարցի կապակցությամբ որոշվեց.

  • Հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման բաժինը Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին վերակազմավորելու վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի առաջարկին:
  • Համապատասխան առաջարկով դիմել ԵՊՀ-ի ռեկտորին:

Մյուս հարցի վերաբերյալ որոշվեց Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր Ստեփանյանին մասնաճյուղի գիտխորհրդում երաշխավորել և միջնորդել ԵՊՀ-ի գիտական խորհրդին՝ նրան շնորհելու դոցենտի գիտական կոչում ու համապատասխան առաջարկով դիմելու ՀՀ ԲՈՀ:

Ամփոփելով նիստը՝ ԵՊՀ-ի ռեկտոր պարոն Արամ Սիմոնյանը բարձր գնահատեց  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2016-2017 ուստարվա գործունեությունը, իր գոհունակությունն արտահայտեց մասնաճյուղի ղեկավարությանը և ամբողջ անձնակազմին՝ իրենց բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքի համար, ընդգծեց Մայր բուհի կողմից մասնաճյուղի շարունակական զարգացմանն աջակցելու պատրաստակամության մասին:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2017թ. հուլիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ-ի ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հ. Սիմոնյանը, ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Գրիգորյանը, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.դ., դոցենտ Վ.Դումանյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մ.գ.թ., դոցենտ Պ.Բալայանը, Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիիչ, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.կ.դ., պրոֆեսոր Ա.Սաղյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները` տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ, հյուրեր:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հանդիսավոր արարողությունն իր օրհնության խոսքով ու աղոթքով բացեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով. «ԻՄ համալսարանի սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ և ցանկանում, որպեսզի դուք այն, ինչ ամբարել եք այս սքանչելի համալսարանում, կարողանաք ձեր կյանքում կիրառել, ներդնել և ձեր սրտին, հոգուն, մասնագիտությանը համապատասխան գործ, առաքելություն գտնել այս կյանքում: Ես ուզում եմ շնորհավորել մեր պետական համալսարանի ռեկտորին՝ պարոն Սիմոնյանին և նրա բոլոր ուղեկիցներին, բարի գալուստ մաղթել Տավուշ աշխարհ: Ուզում եմ մասնավոր շնորհավորանք և շնորհակալություն հայտնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենին: …Մենք համալսարանի ճակատին ունենք ԵՊՀ ԻՄ հապավումը. ես ԻՄ-ը առջև եմ բերում, և դառնում է ԻՄ ԵՊՀ՝ անձնականացված: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ուսանող, ծնող, դասախոս՝ Ձեզանից սկսած, պարո՛ն Առաքելյան, այդ մտքով է նայում այս կրթօջախին: Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ձեր բոլոր գործակիցներին՝ մե՜ծ աշխատանքի համար: ԻՄ համալսարանը իսկապես մեր տարածաշրջանի կրթամշակութային ամենամեծ օրրանն է, մեր լույսն է ու հույսը…»:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Այնուհետև 2017թ. շրջանավարտներին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին Մայր բուհի ռեկտոր Ա.Սիմոնյանը, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը, այս տարվա շրջանավարտներից և դիմորդներից:

Պարոն Ա.Սիմոնյանը մասնավորապես նշեց. «Երևանի պետական համալսարանը միշտ գնահատել և գնահատում է Իջևանի մասնաճյուղի կատարած աշխատանքը՝ նրա ղեկավարի՝ պարոն Առաքելյանի գլխավորությամբ: Եվ ուզում եմ ասել, որ ԵՊՀ-ն գոհ է և հպարտ, որ Իջևանում մենք ունենք այս մասնաճյուղը, մի հաստատություն, որը քաղաքին և ամբողջ տարածաշրջանին շունչ է տալիս. այսքան երիտասարդություն, որ հավաքված է այսօր այստեղ, մասնաճյուղի շնորհքն է: Մյուս կողմից՝ հպարտ եմ, որ մասնաճյուղի շրջանավարտները կայուն գիտելիքներով, հմտություններով և կարողություններով կյանք են մտնում: Սիրելի՛ շրջանավարտներ, դուք այս տարիների ընթացքում ստացել եք այն ամենը, որը ձեզ թույլ կտա ձեր տեղը գտնել կյանքում, բայց դրա համար դժվարին ուղի պիտի հաղթահարեք: Այսօր փոփոխությունների և նոր աշխարհաքաղաքական իրավիճակների ստեղծման ժամանակ է, և դուք այնքան ուժ, կարողություն և կամք պիտի ունենաք, որ ձեր գիտելիքների, կարողությունների և հմտությունների շնորհիվ կարողանաք ձեր ճանապարհը գտնել:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ես ձեզ բոլորիդ ցանկանում եմ նախ քաջառողջություն, ապա կամային այնպիսի հատկություններ, որոնք ձեզ թույլ կտան արժանավոր քաղաքացին լինել մեր սիրասուն հայրենիքի, արժանի զավակը լինել մեր հասարակության: Միշտ իմացեք, որ ԵՊՀ-ն այն փարոս-լույսն է ձեզ համար, որը լուսավորելու է ձեր ամբողջ կյանքի ճանապարհը: Եվ ամենակարևորը՝ ես ձեզ մեծ և ուրախ, երջանիկ կյանք եմ ցանկանում, աղջիկներին՝ առաջնահերթ բախտավորություն: Ընտանեկան ամուր կապերով կապվեք մայր հողի հետ, և մայր հողը շնորհակալ ձևով ձեզ կվերադարձնի տասնապատիկ ավելին: Բոլորիդ ցանկանում եմ անձնական երջանկություն, լավ աշխատանք, հարմարավետ և բարեկեցիկ կյանք: Առա՛ջ դեպի ձեր նախանշած ուղին: Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն»:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհավորելով 2016-17 ուստարվա շրջանավարտներին, նշեց.

«Մեծարգո՛ ռեկտոր, հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր 20-ամյա գործունեության ընթացքում ոգեղեն կյանքը մարզում բարձրացրեց մի այլ աստիճանի, և մենք այդ ոգու կրողներն ենք: Սիրելի՛ շրջանավարտներ, անկեղծ ասած, դուք բախտավոր մարդիկ եք, երջանիկ այն առումով, որ մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա ստացել եք համալսարանական կրթություն և այսօր բուհի ռեկտորի կողմից ստանալու եք ձեր ավարտական դիպլոմները: Իսկապես շատ դժվար է եղել այս պայմաններում՝ այս հեռավորության վրա, կրթություն ապահովել Տավուշի տարածաշրջանում, շատ ջանքեր ենք գործադրել, շատ ենք աշխատել, բայց, կարծում եմ, մեզ հաջողվել է դա իրականացնել: Եվ այսօր մենք պարզ ճակատով ենք նայում մեր շրջանավարտներին, որովհետև նրանք հպարտությամբ կարող են բախել ցանկացած դուռ և իրենց մասնագիտությամբ աշխատանք ունենալ: Դրա վառ ապացույցն են մեր այն հարյուրավոր շրջանավարտները, որոնք այսօր հաջողությամբ աշխատում են մեր տարածաշրջանի տարբեր բնագավառներում, նույնիսկ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում հանրակրթության և տնտեսական համակարգի  տարբեր ոլորտներում: Դրա  վառ ապացույցն են մեր՝ շուրջ մեկ տասնյակ այն շրջանավարտները, որոնք պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն և այսօր աշխատում են մասնաճյուղում: Միանշանակ, ամենայն պատասխանատվությամբ և հպարտությամբ կարող ենք ասել, որ Մայր բուհի միակ մասնաճյուղը կայացած կրթօջախ է, կայացած՝ իր արդեն տված և այսօրվա 416 շրջանավարտներով:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

 Սիրելի՛ շրջանավարտներ, մենք վստահ ենք, որ դուք անպայմանորեն այս արևի տակ ձեր տեղն ունենալու եք: Եվ վստահ ենք, որ դուք կարևոր առաքելություն եք իրականացնելու ձեր հայրենի բնօրրանում, ձեր ընտանիքների կողքին, սահմանում, քանզի դուք եք այս երկրի տերերը, դուք պետք է շենացնեք, հզորացնեք ազգը, դուք պետք է ծնեք այն զավակներին, որոնք պիտի մեր երկիրը է՛լ ավելի ուժեղ և միասնական դարձնեն: Հատուկ շնորհակալություն ձեր ծնողներին և մեր դասախոսներին, ովքեր անմնացորդ նվիրումով կանգնել են ձեր կողքին, ոչ միայն գիտելիք են տվել, այլև ամենայն հոգատարություն են ցուցաբերել ձեր նկատմամբ: Լավ եղեք, սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ բարի ճանապարհ ենք մաղթում, բարի բախտ, հաջողություն, խաղաղ երկինք… Փա՛ռք Աստծուն, որ մենք ունենք ազատ, անկախ Հայաստան, և փա՛ռք Աստծուն, որ այն վստահում ենք ձեզ նման երիտասարդությանը, մենք հպարտանում ենք ձեզանով, շնորհակալ ենք բոլորիդ»:

Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանն էլ շնորհավորեց մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման շրջանավարտներին՝ նրանց հղելով բարեմաղթանքներ:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ապա տեղի ունեցավ դիպլոմների հանձնումը. նախ` ռեկտորի կողմից գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին  տրվեցին կարմիր դիպլոմները, ապա, ըստ ֆակուլտետների, պատվավոր հյուրերը դիպլոմները հանձնեցին շրջանավարտներին:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Տոնական միջոցառումն ուղեկցվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ինքնատիպ աշխատանքների ցուցահանդեսով  և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված համերգային ծրագրով:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ելույթ ունեցան մասնաճյուղի ՈՒԽ-ի և Իջևանի պարային խմբերը՝ ներկայացնելով ոչ միայն ազգային խրոխտ կատարումներ, այլև տարբեր ոճերի գունեղ պարեր:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները:

Միջոցառմանը հաջորդեց Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

«Արտասահմանում ուսանելու առավելություններն ու դժվարությունները» թեմայով անվճար թրեյնինգ

«Արտասահմանում ուսանելու առավելություններն ու դժվարությունները» թեմայով անվճար թրեյնինգ

Ինչու՞ սովորել դրսում՝ լավ կրթություն ստանալու հաշվարկված նպատա՞կ, թե երկրից դուրս գալու ինքնանպատակ ցանկություն։ Ի՞նչ առավելություն կտա ձեզ արտասահմանյան կրթությունը, և ինչպե՞ս լավագույնս օգտվել այդ առավելություններից։ Իսկ կարելի՞ է արդյոք հասնել այդ առավելություններին առանց արտասահման մեկնելու։ Ի՞նչ դժվարություններ կարող են լինել արտասահմանում ուսանող դառնալու ճանապարհին և սովորելու ընթացքում․ որո՞նք են դրանց հաղթահարման ուղիները։

Այս հարցերին պատասխանելու և արդյունավետ լուծումներ գտնելու համար ArmScoop EduLab-ը և #LOFT-ը համատեղ հրավիրում են հուլիսի 18-ին մասնակցելու սեմինար-քննարկման, որն անցկացվում է «StudyAbroad» ամառային դպրոցին ընդառաջ։ Սեմինարի ընթացքում իրենց փորձը կներկայացնեն և մասնակիցների հարցերին կպատասխանեն Նյուքասլի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտներ Գայանե Աթոյանը և Դիանա Նազարյանը։

Երբ՝ հուլիսի 18, 19։00
Որտեղ՝ «Լոֆթ» կենտրոն, Մոսկովյան 3
Գրանցման հղում՝ https://goo.gl/forms/KkEo3PnYrtE5M1zD3
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 16
Լեզուն՝ հայերեն
Մասնակցությունն անվճար է:

ԵՊՀ ՈՒԳԸ 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

 

Գիտաժողով

Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազ­­մա­կեր­պում է 4-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյա­կին: Գիտաժողովը ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավո­րու­թյուն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազո­տու­թյան արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի՝ տարբեր ոլորտներում մասնա­գի­տացած երիտասարդ հետազոտողների հետ:


ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են հետևյալ մասնագիտական բաժանմունքներում.

     ԲՆԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհագրություն
Երկրաբանություն
Քիմիա
Կենսաբանություն

Ֆիզիկա
Ռադիոֆիզիկա
Մաթեմատիկա և մեխանիկա
Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ

     ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատմագիտություն
Ցեղասպանագիտություն
Հնագիտություն, ազգագրություն և մշակութաբանություն
Արվեստաբանություն
Արևելագիտություն
Աստվածաբանություն
Լեզվաբանություն
Հայ և արտասահմանյան գրականություն

Իրավագիտություն
Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
Սոցիոլոգիա
Տնտեսագիտություն
Կառավարում
Փիլիսոփայություն
Հոգեբանություն
Ժուռնալիստիկա
Սերվիս

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտական հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմնախնդիրների շուրջ:

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտա­դի­մու­մը, իսկ զեկուցման սեղմագիրը (մինչև 300 բառ)՝ ուղարկել sss@ysu.am էլ. փոստի հասցեին: Մեկ մասնակիցը կարող է ներկա­յաց­նել միայն մեկ զեկուցում: Մեկից ավելի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույ­լատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղեկացնում այլ նախընտ­րու­թյան մասին:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական գրախոսության փուլ, և միայն դրական արդ­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­նին:

Գիտական նստաշրջանի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:


ԿԱՐԵՎՈՐ ԺԱՄԿԵՏՆԵՐ
 

2017 թ. հունիսի 30        Հայտերի ներկայացման առաջին վերջնաժամկետ*
2017 թ. հուլիսի 30         Մասնակցության վերաբերյալ պատասխան

2017 թ. օգոստոսի 5       
Հայտերի ներկայացման երկրորդ վերջնաժամկետ
2017 թ. օգոստոսի 15     Մասնակցության վերաբերյալ պատասխան

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պարա­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում, որը ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ճանաչված է որ­պես ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ըն­դունելի պարբերական գիտական հրատարակություն: Պարբերականի էլեկտրոնային հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am:

Միջոցառման տեղեկատվական թերթիկը կարող եք ներբեռնել այստեղից:


Հայտն առաջին վերջնաժամկետում ներկայացնելու դեպքում հայտատուներն ավելի շատ ժամանակ կունենան որևէ խնդրի պարագայում տեղեկացվելու և անհրաժեշտ շտկումներ կատարելու համար: