Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-19 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

_DSC4124

 2019թ. հուլիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2018-19 ուստարվա 377 (առկա ուսուցման 154 և հեռակա ուսուցման 223) շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ սպասված տոն, որին մասնակցում էին պատվավոր հյուրեր, հանրապետության և մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, համալսարանականներ՝ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ:  

Տոնական միջոցառումն ուղեկցվեց ԵՊՀ ԻՄ-ի բակում Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ինքնատիպ աշխատանքների ցուցահանդեսով: 

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով:

2019թ. շրջանավարտներին շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ մասնավորապես նշելով.

«Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, զորամասի հրամանատարական հարգարժան կազմ՝ հրամանատարի գլխավորությամբ, Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, հարգարժան հյուրեր, տնօրեններ, ուսանողներ, համալսարանականներ, ծնողներ, ողջունում եմ բոլորիդ: Մենք՝ համալսարանականներս, այս տարի առանձնակի հպարտություն ենք ապրում, որովհետև, բոլորդ գիտեք, որ այս տարի նշվում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանը: Շուտով կլրանա նաև մասնաճյուղի՝ նրա միակ մասնաճյուղի հիմնադրման 25-ամյա հոբելյանը: Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը աշխատել և աշխատում է կրթության որակի բարձրացման վրա և շարունակելու է աշխատել՝ տալով անհրաժեշտ գիտելիքներ, աշխարհայացք, մտահորիզոն, ապրելու և արարելու ձև իր բոլոր շրջանավարտներին:

Սիրելի՛ շրջանավարտներ, ԵՊՀ ԻՄ-ում դուք ստացել եք բազային անհրաժեշտ գիտելիքներ, և այս կրթության հիման վրա, որտեղ որ դուք ունեք տեսական և գործնական հմտություններ, ես վստահ եմ, որ դուք հաջողելու եք, դրա համար ես ձեզ մաղթում եմ եռանդ, կամք և կորով: Եվ կուզեմ, որ կյանքում դուք ունենաք մեծագույն հաջողություններ, որովհետև այլևս դուք Երևանի պետական համալսարանի գաղափարախոսության, լույսի կրողներն եք մեր հասարակության մեջ: Ես կուզեմ, որ ձեր կրթությունը օգնի ձեզ բարեկեցիկ կյանք կառուցելու ասպարեզում, և դրանով է՛լ ավելի բարձրացնեք Երևանի պետական համալսարանի և նրա միակ մասնաճյուղի հեղինակությունը: Մենք միասին չորս-հինգ տարի աշխատել ենք, այդ ճանապարհին եղել են հաջողություններ, կորուստներ, վշտեր, անարդարություններ, բայց ես կուզեմ, որ մեր բոլոր շրջանավարտները մեկ-երկու դրվագները չհիշեն և գեներացնեն: Ես կուզեմ, որ նրանք հիշեն այն հրաշալի ապրումները, այն գիտելիքը, այն լույսը, որը ստացել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում և հեռացնեն, վանեն իրենցից այն վատը, ինչ որ կա մեր շրջապատում: Հետագան ձերն է լինելու, և դուք հետագա արարողն եք լինելու. այն, ինչ լավն եք տեսել ԵՊՀ ԻՄ-ում, եղեք նրա շարունակողը, զարգացնողը, կրողը, իսկ այն, ինչ կգտնեք, որ անարդար ու վատ է, փորձեք ձեր շրջապատում այլևս չունենալ: Ես ձեզ հաջողություն և բարի երթ եմ մաղթում, սիրելի՛ շրջանավարտներ: Շատ ուրախ եմ ձեզ շնորհավորելու և հատկապես ձեր ծնողներին, որոնք ամեն ինչ արել են, որ դուք ստանաք այս անհրաժեշտ կրթությունը: Շնորհավո՜ր, սիրելի՛ շրջանավարտներ»:

Օրհնության խոսքով ու Տերունական աղոթքով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա մասնավորապես նշեց. «…Մեծ սրտով և ուրախությամբ ուզում եմ շնորհավորել մեր համալսարանին, որովհետև, ինչպես մշտապես ասել եմ, սա մի ամրոց է և դարբնոց է մեր տարածաշրջանում, ինչպես Տավուշ աշխարհը հայրենիքի, մեր պետականության դարպասն է, այնպես էլ այս համալսարանը, գտնվելով խորհրդանշական այս չքնաղ վայրում՝ մեր աշխարհում, նաև մեր կրթության, մեր ազատագրության, մեր հոգևոր-մշակութային մարդակերտումի կարևորագույն դարպասն ու ամրոցն է: Ես շնորհավորում եմ բոլոր ավարտողներին, պարոն Ցուցուլյանն ասաց, որ մոտ 380 հոգի է այսօր կյանք մեկնում: Հուսամ, որ 380 ուղղություններով դուք մեծապես ներդրում կունենաք մեր ժողովրդի կյանքում (դա կլինի Տավուշում, թե թունելից այն կողմ), ներդրում ունենալով՝ կփոխեք կյանքը, ձեր հմտություններով, ձեր վաստակած գիտելիքներով, ձեր ներկայությամբ, ձեր մարդկային տեսակով և որակներով կյանքին նոր որակ և համ կփոխանցեք: Շնորհավորում եմ մեր համալսարանի տեսչությանը, պարո՛ն Ցուցուլյան, Ձեզ և Ձեր շուրջը գտնվող բոլոր գործակիցներին, շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, շնորհավորում եմ վերստին մեր ավարտողներին և ձեր ծնողներին, ընտանիքներին և բոլորիս: Աստված օրհնի ձեր ընթացքը: Կեցցե՛ մեր համալսարանը, կեցցե՛ Իջևանի (ինչպես միշտ ասում եմ՝ անձնականացված ԻՄ) մասնաճյուղը, մեր ժողովուրդը, Տավուշ աշխարհը, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհավո՛ր բոլորիդ»:

Ապա հնչեց սիրելի Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնը, որին հաջորդեց Տավուշի հիմնը (խոսքը և երաժշտությունը՝ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի)՝ Տավուշի թեմի երգչախմբի կատարմամբ:

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը. «Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր, հիրավի, չափազանց կարևոր և հիշարժան օր է ձեր կյանքում. դուք կատարեցիք ձեր կյանքի կարևոր քայլերից մեկը՝ արդեն իսկ դառնալով, հանդիսանալով համալսարանական: Համալսարանական լինելը, համալսարանականի կոչումը կրելը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն, պատասխանատվություն ձեր շրջապատի առջև, մեր ժողովրդի և հանրության, մեր պետության առջև, ուստի ձեր հետագա աշխատանքային, մասնագիտական գործունեության մեջ դուք պետք է ձգտեք անել առավելագույնը մեր պետության զարգացման, բարօրության համար: … Մենք հուսով ենք, որ դեռևս ձեր կարևոր հաջողությունների, ձեռքբերումներ և նվաճումների ականատեսը կլինենք և առիթներ կունենանք ձեզ շնորհավորելու և մաղթանքներ հղելու: Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանական տարեդարձի շրջանակում դուք ստանում եք ձեր ավարտական վկայագրերը. սա չափազանց կարևոր, հիշարժան և խորհրդանշական է… ԵՊՀ-ի ղեկավարության` ռեկտորատի անունից շնորհավորում եմ այս կարևոր և հիշարժան օրվա կապակցությամբ՝ մաղթելով ձեզ բարի երթ, կարևոր ձեռքբերումներ, նվաճումներ և հաղթանակներ՝ ի շահ մեր ժողովրդի և մեր պետության»:

Շնորհավորական խոսքով հանդես եկան Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Ղալումյանը, «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, մ.գ.թ., պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, Իջևանի զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը, հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի այս տարվա շրջանավարտ, «ԵՊՀ լավագույն ուսանող-2019» մրցույթի հաղթող Սյուզաննա Շահնազարյանը և ուրիշներ:

Ելույթներն ընդմիջարկվեցին մասնաճյուղի ուսանողների երաժշտական գեղեցիկ կատարումներով:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը մասնաճյուղի` 2018-2019 ուստարվա գործունեությանը մեծապես աջակցելու, բուհում տարբեր թեմաներով հետաքրքիր և ուսանելի դասընթացներ վարելու համար շնորհակալագրեր հանձնեց ՀՀ և Տավուշի մարզի տարբեր ոլորտների մի շարք ներկայացուցիչների:

Շնորհակալագրերից հետո տեղի ունեցավ 2019թ. շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնումը:

Նախ գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին պարոն Ցուցուլյանը հանձնեց կարմիր դիպլոմները, ապա բուհի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, ըստ ֆակուլտետների և մասնագիտությունների, դիպլոմները հանձնեցին առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտներին:

Տոնական միջոցառումը շարունակվեց Տավշո գեղատեսիլ բնության գրկում՝ Ենոքավանի «Ապագա տուր» հյուրանոցային համալիրի տարածքում կազմակերպված երաժշտական-պարային երեկույթով և հյուրասիրությամբ:

Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նաև պետական խորհրդանշանների օրն է

 e431d118d315cc3f468816e9ec2e3649

 1991թ. ՀՀ անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ Սահմանադրության ընդունումը։ Նոր Սահմանադրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ 

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: 2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։

2005-ին և 2015-ին համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության մեջ կատարվեցին փոփոխություններ. 2005թ. փոփոխություններն ուղղված էին խորհրդարանի լիազորությունների ընդլայնմանը, 2015թ. փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց կիսանախագահականից խորհրդարական կառավարման մոդելի։

Նշենք նաև, որ հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր է:

 Հուլիսի 5-ին նշվում է նաև պետական խորհրդանշանների օրը:  Պետական խորհրդանշաններն են՝ դրոշը, զինանշանը և օրհներգը: Հայաստանի դրոշի պատմությունը սկսվում է 1918 թվականի մայիսի 28-ից, երբ ձևավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայաստանի ազգային խորհուրդը սկսեց քննարկել պետական դրոշի հարցը: Այդ ժամանակ ՀԽՍՀ ապագա ակադեմիկոս Ստեփան Մալխասյանի ելույթից հետո՝ 1919թ. հունիսին, կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշն ընդունելու մասին որոշում կայացվեց: Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը՝ ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, նարնջագույնը՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը: Տարիներ անց՝ 1990թ. օգոստոսի 24-ին «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքով  հաստատվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. այն 1919թ. եռագույնի օրինակով վերականգնված դրոշն էր` պաստառ, որը բաղկացած էր երեք, միմյանց հավասար հորիզոնական շերտերից` կարմիր, կապույտ և նարնջագույն (ծիրանագույն):

Ինչպես դրոշը, այնպես էլ Առաջին հանրապետության զինանշանը «ՀՀ պետական զինանշանի մասին» օրենքով դարձավ արդեն Հայաստանի Հանրապետության զինանշանը: Հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի 4 թագավորությունների՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշեսյանների, Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա ու ժապավեն:

Պետական օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի՝ 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը` «Մեր հայրենիք»:  «ՀՀ պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքով 2006 թվականին այն դարձավ Հայաստանի Հանրապետության օրհներգը: Խոսքերի հեղինակը  Միքայել Նալբանդյանն է, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանը:

Պետական օրհներգը պարտադիր հնչում է պաշտոնական հանդիսությունների ժամանակ պետական դրոշը բարձրացնելիս, նորընտիր նախագահի երդման արարողության, Ազգային ժողովի նստաշրջանների, հանրապետությունում անցկացվող զորահանդեսների,  միջազգային և համապետական մարզական մրցումների պաշտոնական բացման ու փակման, միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունների ժամանակ, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

DSCN9278

 2019թ. հուլիսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները և բուհի աշխատակիցները:

Ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. (01.01.2019-01.07.2019)  եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Մասնաճյուղի՝ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը:

Նա մասնավորապես նշեց, որ 2019թ. հունվարից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ի դրամական միջոցների մուտքերը կազմել են 258 մլն 166 հազար ՀՀ դրամ, որի 71%-ը գոյացել է ուսման վարձավճարներից, 15.84 %-ը՝ պետական ֆինանսավորումից:

Ընթացիկ ծախսերի  85%-ն ուղղվել է աշխատանքի վարձատրությանը և դրան հավասարեցված վճարումներին: Ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների ընդհանուր գումարը կազմել է մասնաճյուղի ծախսերի 2,4%-ը, կոմունալ վճարումները՝ 3,3 %-ը:

Պարոն Ցուցուլյանն անդրադարձավ ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպման  և ֆինանսավորման, տարբեր վարչական ստորաբաժանումների համար նախատեսված բյուջետային ծախսերին՝ ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկելով տարեսկզբին ներկայացնել մյուս տարվա համար նախատեսվող ծրագրերի անհրաժեշտ ֆինանսական ծախսերը:

Տնօրենի պաշտոնակատարը նշեց նաև, որ ոչ տեղացի դասախոսների ուղևորափոխադրման հաճախականության ավելացմանը զուգընթաց մեծացել են գործուղումների ծախսերը:

Խոսելով տարվա ձեռքբերումների մասին՝ Ա. Վ. Ցուցուլյանն աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, իսկ դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին, հաշվի առնելով, որ հուլիսի 8-ից նրանք անցնում են հերթական արձակուրդի, մաղթեց արդյունավետ հանգիստ: 

«…Եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: …Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես… ». Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

146a43fa7a69128df2cf068596813bd1

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն ինչ ասում եմ։ Ես իրերը կգնահատեի՝ հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան։ Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի,միչդեռ մյուսները քնած են։ Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը։

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:

Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված … սիրուն: Ես կբացատրեի բոլոր նրանց, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել: Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:

Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդի՛կ. ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում` չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինն իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:

Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդի՛կ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:               

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:

Միշտ կա վաղը, և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ, և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ո՛չ պատանին, ո՛չ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի՛ սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունն իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:

Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

Եթե դու չասես այդ ամենն այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

 

Գաբրիել Գարսիա Մարկես.  «Նամակ մահվանից առաջ»

Տեղի ունեցավ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից «ԵՊՀ օլիմպիադա 2019»-ում մրցանակների արժանացած աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը

DSCN9208

 2019թ. հունիսի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից «ԵՊՀ օլիմպիադա 2019»-ում մրցանակների արժանացած աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Պարգևատրմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արտակ Ցուցուլյանը, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, պ.գ.թ., ասիստենտ Լիաննա Բեգինյանը, նույն բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը, օլիմպիադայի մրցանակակիրներ, հարազատներ, դասախոսներ, ուսանողներ:

Ա. Վ. Ցուցուլյանը շնորհավորեց մրցանակակիրներին, մաղթեց հաջողություններ, խորհուրդ տվեց հետագայում ևս մասնակցել տարբեր մրցույթների, ուժերը փորձել տարբեր ասպարեզներում:

Այնուհետև Ս.Ալավերդյանը ներկայացրեց, որ ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող ամենամյա օլիմպիադային այս տարի Տավուշի մարզից մասնակցել են 235 աշակերտներ, որոնցից 27-ը անցել է 2-րդ փուլ: Նրանցից 2-ը արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի, 18-ը՝ գովասանագրի: Դիպլոմների հանձումը տեղի է ունեցել ԵՊՀ-ում, իսկ գովասանագրերի հանձնման առթիվ կազմակերպվել էր այս մրցանակաբաշխությունը:

Գովասանագրերից բացի՝ մրցանակակիրները ստացան ԵՊՀ-ի հրատարակած գրքեր:

Տնօրենի պաշտոնակատարը հանձնեց պարգևները, ևս մեկ անգամ շնորհավորեց մրցանակակիրներին, ինչպես նաև հաջողություն մաղթեց դեռևս ներբուհական և կենտրոնացված քննություն ունեցող դիմորդներին: