Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Վիքիմեդիա Հայաստան»-ի ներկայացուցիչները մասնաճյուղում

1. գլխավոր

2022թ. մարտի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ վարչական հարցերով պատասխանատու Մհեր Բեքարյանը, տարածքային ծրագրերի համակարգող Արթուր Խումարյանը, միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը, նախագահի օգնական Մարի Ավետիսյանը, Վիքիպեդիայի դասընթացների համակարգող Վիոլլա Մոսիկյանը:

Նախ՝ նրանք հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և փոխտնօրեն Մ.Օթարյանի հետ, քննարկեցին «Վիքին սիրում է պատմություն» վիքինախագիծը, որը ստեղծվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» կրթական ծրագրի մասնագիտական պրակտիկայի շրջանակում:

2022թ. փետրվարի 9-ից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների մասնագիտական պրակտիկան, որը ղեկավարում է Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ն.Գրիգորյանը: Մասնագիտական պրակտիկան իրականացվել է ԵՊՀ ԻՄ-ի և «Վիքիմեդիա Հայաստան»-ի միջև համագործակցության հուշագրի շրջանակներում: Վերջինիս նպատակն է ուսանողներին սովորեցնել Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու հմտությունները, բարելավել հայերենով պատմության թեմայով հոդվածները և ստեղծել նոր հոդվածներ: Ս.թ. փետրվարի 9-ից մինչև մարտի 22-ը տևողությամբ պրակտիկայի ընթացքում նախատեսված է ուսումնասիրել 6 թեմա՝ «Մեծ Հայքի վարչական միավորներ», «Սփյուռքի նշանավոր քաղաքներ», «Հայաստանի առաջին Հանրապետության նշանավոր դեմքեր», «20-րդ դարի հայ նշանավոր զորահրամանատարներ», «Հայ նշանավոր պատմաբաններ», «Արցախյան շարժման գործիչներ»: Յուրաքանչյուր ուսանող պրակտիկայի ընթացքում պետք է պատրաստի 7 հոդված: Մասնագիտական պրակտիկայի արդյունքում ուսանողները կկարողանան դրսևորվել խմբային աշխատանքներում, հավաքագրել և համակարգել Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մասին տեղեկությունները, աշխատել սկզբնաղբյուրների հետ:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության հետ հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն, մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն», Գիտելիքի նորարարական հաբ, Կիրառական արվեստի ֆակուլտետ, ծանոթացան ուսանողների աշխատանքներին:

Այնուհետև «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցներն ուսումնասիրեցին «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների պատրաստած հոդվածները՝ ուսանողներին ցուցաբերելով օգնություն:

 

Հանդիպում-քննարկում «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ

1. գլխավոր2022թ. մարտի 10-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-4 կուրսերի մի խումբ ուսանողներ մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում ունեցան հանդիպումքննարկում Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Արինա Պարոնյանի հետ:

Հանդիպման կազմակերպիչ, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Էմմա Թեմրազյանը նախ մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ և այժմ դասախոս Ա.Պարոնյանին, ով հաջողությամբ սովորել և ավարտել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան՝ անգլերեն լեզվի դասավանդման մասնագիտությամբ:

Ա.Պարոնյանը ուսանողներին ներկայացրեց իր փորձը՝ կարևորելով մասնաճյուղում իր ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնց շնորհիվ նա կարողացել է ընդունվել հայտնի բուհի մագիստրատուրա: Սակայն նա կարևոր համարեց նաև, որ մեր ուսանողները տեղյակ լինեն արտասահմանյան համալսարանների ընդունելության կարգի, դիմումների հանձնման, քննությունների անցկացման տարբերությունների մասին:

Բանախոսն ուսանողներին մանրամասն բացատրեց դասապրոցեսի կազմակերպման, ընտրովի և պարտադիր առարկաների, ընթացիկ և ավարտական աշխատանքների, կամավորության և պրակտիկայի, ուսման վարձի փոխհատուցման և ուսանողների ու դասախոսների շփման էթիկայի մասին հարցերը:

Հանդիպման մասնակից ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին Ա.Պարոնյանին, նրանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և իրենց հետ հետագա համագործակցության պատրաստակամությունն ընդունեցին շնորհակալությամբ:

ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 8-րդ երիտասարդական գիտաժողով

Pde7MlVMctCUWEnxljKZyBanEb Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2022 թ. հոկտեմբերի 3-7-ը կազմակերպում է միջազգային 8-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ 75-ամյակին:

Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտություններն, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտա­կան հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմ­նախնդիր­ների շուրջ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ. օգոստոսի 14-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ հոդվածն [1] ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հաս­ցեին՝ ysusss.conference@gmail.com:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա­կան արդ­­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­­նին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն մինչև 2022 թ. սեպտեմբերի 4-ը

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝

1. Աշխարհագրություն և երկրաբանություն

2. Աստվածաբանություն

3. Արևելագիտություն

4. Գրականագիտություն

5. Ժուռնալիստիկա

6. Իրավագիտություն

7. Լեզվաբանություն

8. Կենսաբանություն

9. Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ

10. Մաթեմատիկա և մեխանիկա

11. Մանկավարժություն

12. Պատմություն

13. Ռադիոֆիզիկա և ֆիզիկա

14. Սոցիոլոգիա

15. Տնտեսագիտություն և կառավարում

16. Փիլիսոփայություն և հոգեբանություն

17. Ցեղասպանագիտություն

18. Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ

19. Քիմիա և ֆարմացիա,

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պա­րա­­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում: Պարբերականի էլեկտրո­նա­յին հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքէջում՝ http://www.ysu.am/ssspub/hy:

[1] Մեկ մասնակիցը կարող է ներկա­յաց­նել միայն մեկ զեկուցում: Մեկից ավե­լի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույլատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղե­կաց­նում այլ նախընտ­րու­թյան մասին:

Հոդվածի կազմման չափորոշիչներին ծանոթանալու համար տե´ս

https://www.ysu.sss.files.com,

*Արտասահմանցի մասնակիցների համար գիտաժողովն անցկացվելու է հիբրիդային եղանակով: Նրանք կարող են զեկուցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևով:
*Մասնակցության հայտերի և հոդվածների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է,

Աղբյուրը՝ ysu.am:

Հրապարակվել է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական համաժողովի հոդվածների ժողովածուն

Beige Olive Green Modern Minimalist Nature Photo Collage (1)

 Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի «Գիտություն» բաժնի «Գիտաժողովի նյութեր»  էջում կարող եք ծանոթանալ «Սոցիալմանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական համաժողովի (“Социальнопедагогические инновации в образовании” международная научнопрактическая конференция) հոդվածների ժողովածուին

 

«Մաշտոց» հիմնադրամի կրթաթոշակի դիմումների ընդունելություն

Տավուշի թեմ Մաշտոց հիմնադրամ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը հայտարարում է Մոնրէալի Եգիպտահայերու Ընկերակցութեան «Մաշտոց» կրթական հիմնադրամի աջակցությամբ  իրականացվող ուսման վարձի փոխհատուցման ծրագրի դիմումների ընդունելություն:

Կրթաթոշակները տրամադրվում են 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` խրախուսելու բարձր առաջադիմությամբ և ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Դիմումներ կարող են ներկայացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակալավրի առկա և հեռակա վճարովի ուսուցման համակարգում սովորող 1-5-րդ կուրսերի ուսանողները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Անձնագիր՝ երկկողմանի պատճենահանված,
  2. գրավոր դիմում՝ ուսման վարձի փոխհատուցման կարիքի հիմնավորմամբ,
  3. ընտանիքի կարիքի գնահատման թերթիկ,
  4. տեղեկանք ՄՍԾ-ից՝ ընտանիքի սոցիալական վիճակի մասին,
  5. տեղեկանք բնակության վայրի, ընտանիքի կազմի և սոցիալական վիճակի մասին,
  6. տեղեկանք՝ կրթաթոշակներից օգտվելու վերաբերյալ,
  7. ուսանողի ակադեմիական տեղեկագիր,
  8. հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր:

 

Դիմումները կարող եք ներկայացնել  2022թ. մարտի 15-31-ը «Մաշտոց» հիմնադրամի ծրագրի համակարգող Էրինե Ղարայանին:

Դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից: