Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 5-ից

Ուս. վերապ. հայտ. նկար (1)
 Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացվեն 2022թ. սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝   https://forms.gle/3RBHW3YtUDE2i41p8 :

Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 29-ն է:

Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:

Վերապատրաստումները տեղի կունենան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փող. Ուսանողական 3)՝ ժամանակակից տեխնիկական ու նյութական միջոցներով հագեցած սրահներում ու լսարաններում: Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում նախատեսված է, որ մեր մասնագետները կգործուղվեն Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներ՝ տեղում դասընթացները կազմակերպելու նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի բոլոր բաղադրիչներով հետևյալ առարկաների համար.

  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսերեն,
  • պատմություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • տեխնոլոգիա,
  • նախնական զինվորական պատրաստականություն,
  • տարրական դասարաններ,
  • կերպարվեստ,
  • անգլերեն,
  • ֆրանսերեն,
  • հասարակագիտություն,
  • ֆիզիկական կուլտուրա,
  • ինֆորմատիկա:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 40 60 32 կամ 093 93 71 11:

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը ՝ 4 օրակարգային և 3 ընթացիկ հարցերով:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա ամփոփիչ ատեստավորման  արդյունքների մասին զեկուցող Ա.Դավթյանը նշեց, որ 2021-2022 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ ամփոփիչ ատեստավորումը մասնաճյուղում իրականացվել է ս.թ. մայիսի 21-ից հունիսի 26-ը: 2021-2022 ուստարում առկա և հեռակա ուսուցմամբ մասնաճյուղն ունեցել է ընդհանուր 245 շրջանավարտ, այդ թվում՝ առկա ուսուցմամբ 8 կրթական ծրագրով 79 շրջանավարտ (38 անվճար, 41 վճարովի) և հեռակա ուսուցմամբ 8 կրթական ծրագրով 155 շրջանավարտ (ևս 11 շրջանավարտ նախորդ տարիներից): Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել և դրական են գնահատվել առկա ուսուցման շրջանավարտների 100%-ը և հեռակա ուսուցման 92.2%-ը (1 ուսանող չի ներկայացել, 12 ուսանող ստացել է անբավարար):

2021-2022 ուստարում մասնաճյուղն ունեցել է նաև մանկավարժի լրացուցիչ որակավորման 22 շրջանավարտ:

Ամփոփիչ ատեստավորման միջին գնահատականով ամենաբարձր ցուցանիշը գրանցել է «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագիրը (նույն ցուցանիշը գրանցվել է նաև ըստ 2020թ. և 2021թ. արդյունքների), իսկ ամենացածրը՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»:

Գերազանցության դիպլոմ առկա ուսուցմամբ ստացել է ընդամենը 18 շրջանավարտ, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 1 շրջանավարտ: Ամփոփիչ ատեստավորման գործընթացում բողոքարկումներ չեն եղել:

Գիտխորհրդի նախագահ Ա.Մակարյանը դեկաններին հանձնարարեց ամբիոններում ավելի խորն ուսումնասիրել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կարծիքները՝ որակավորման շնորհման գործընթացը մասնաճյուղում առավել արդյունավետ կազմակերպելու և օբյեկտիվ իրականացնելու նպատակով:

ԵՊՀ ԻՄ-ում սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի   մասին զեկուցող Լ.Բեգինյանը նշեց, որ 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում, ըստ բակալավրի և մագիստ­րատուրայի ուսումնական պլանների, նախատեսված է եղել 40 պրակ­տիկա (1-ին կիսամյակում՝ 16, 2-րդ կիսամյակում՝ 24):

Ուսանողների պրակ­­տի­կայի կազմակերպ­ման համար հաշվետու ժամանակահատվածում մաս­նաճյուղը պետական և ոչ պետական տարբեր կազմակեր­պութ­յուն­նե­րի, հիմ­նարկ-ձեռնար­կությունների հետ ունեցել է 11 հուշագիր, 1 համա­ձայնա­գիր և 35 պայմանագիր:

Ուսումնական պրակտիկաները կազ­մա­կերպվել են 6 կրթական ծրագրով առկա եղանակով (մասնա­ճյուղում և մեկ օր տևողու­թյամբ երթուղային եղանակով), առաջին կիսամյակում համավարակով պայմանա­վորված նաև առկա և առցանց ձևերի համադրմամբ: Մասնակցել է 163 ուսանող: Աշխարհագրական առումով ընդգրկվել են Երևանը և ՀՀ 6 մարզ (Տավուշ, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի):

Ուսումնական պրակտիկաների վերաբերյալ Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժինն առաջարկում է մասնագիտական ամբիոնների կողմից ներկայացվող ծրագրերում առաջնային համարել կրթական ծրագրով նախատեսված վերջնարդյունքների ապահովումը, պրակտիկայի ծրագրում ունենալ ծրագրի իրականացման նախնական ֆինանսական հաշվարկ:

Արտադրական (մանկավարժական) պրակտիկաները վճարային հիմունքներով կազմակերպվել են մասնաճյուղի հետ պայմա­նա­­գիր ունեցող երեք դպրոցներում, գիտամանկավարժական պրակտի­կան կազմակերպվել է Տավուշի մարզի 11 դպրոցներում: Մանկավարժական պրակտիկային մասնակցել է 119 ուսանող, գիտամանկավարժականին՝ 37 ուսանող:

Մասնագիտական պրակտիկաներն իրականացվել են 8 կրթական ծրագրով՝ խմբային և ոչ խմբային եղանակներով: Մասնակցել է 167 ուսանող:

Ընդհանուր առմամբ 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում պրակտիկա է կազմակերպվել 515 ուսանողի հա­մար (առկա ուսու­ցում՝ 269 ուսանող, հեռակա ուսուցում՝ 246), որից հեռացվել է 1 ուսանող, ակադեմիական պարտք կուտակել՝ 4 ուսանող:

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հաստատման կապակցությամբ զեկուցող Ն.Գրիգորյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի՝ 2022-2026 թթ. առկա ուսուցման 12, 2022-2027 թթ. հեռակա ուսուցման 6 կրթական ծրագրերի և 2022-2024 թթ. մագիստրատուրայի 1 կրթական ծրագրի վերանայման ընթացքը: Տնօրենի հրամանների համաձայն հաստատված կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերը մինչև ս.թ. մայիսի 21-ը պիտի ԿԲԴՎ բաժին ներկայացնեին վերանայված կրթական ծրագրերը: Տնօրենի կողմից սահմանված ժամկետում պատրաստ է եղել միայն երկու կրթական ծրագիր՝ «Պատմություն» և «Ֆրանսերեն լեզու և գրականություն»:  Հաշվի առնելով փոփոխությունների մեծ ծավալները՝ կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերի համար տնօրենի թույլտվությամբ ժամկետը երկարաձգվել էր մինչև ս.թ. հունիսի 11-ը:

Բաժնի աշխատակիցների կողմից առկա 2022-2026 թթ. կրթական ծրագրերի հիման կազմվել են նաև հեռակա ուսուցման 6 կրթական ծրագրերը՝ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Զբոսաշրջություն» և «Ֆինանսներ»:

Հաստատվեցին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը՝ բացառությամբ «Դեկորատիվկիրառական արվեստ» կրթական ծրագրի, որը կհաստատվի գիտխորհրդի առաջիկա նիստում:

ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների  բավարարվածության վերաբերյալ 2022թ. հարցման արդյունքների մասին զեկուցող Մ.Ճաղարյանը նշեց, որ ամփոփիչ ատեստավորման քննություններից հետո Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից իրականացված հարցման և հանդիպումների նպատակն էր պարզել շրջանավարտների բավարարվածությունը մասնաճյուղում կրթական ծրագրերի բովանդակությունից, ուսումնական գործընթացի կազմակերպումից և իրականացումից, պրակտիկաների կազմակերպումից, մատուցվող ծառայություններից և ռեսուրսներից, համալսարանական միջավայրից, գնահատման գործող համակարգից, գնահատման օբյետիվությունից և այլն:

Այս ուստարվա շրջանավարտների կողմից հիմնականում վերհանվել են հետևյալ խնդիրները.

  1. տեսական գիտելիքները գործնականում կիրառելու խնդիրներ, որը զգացվում է հատկապես պրակտիկաների ժամանակ, նաև մասնագիտական գործունեություն սկսելիս,
  2. օտար լեզվի իմացության ցածր մակարդակ, որը դժվարացնում է օտարալեզու գրականության հետ աշխատանքը,
  3. մասնագիտական գրականության սակավություն, մասնավորապես՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար:

Ընդհանուր առմամբ ԵՊՀ ԻՄ-ում ստացած իրենց կրթությունը շրջանավարտները գնահատել են բարձր (միջին գանահատականը 4.5), և նրանց 94%-ը խորհուրդ կտա իր մերձավորներին և ընկերներին ընդունվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: Ի դեպ, այս արդյունքները ամենաբարձրն են վերջին 5 տարվա համար:

Շրջանավարտները հանդիպում-քննարկումների ժամանակ իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն են հայտնել ԵՊՀ ԻՄ-ին ջերմ մթնոլորտի, բարձրագույն  և որակյալ կրթության, փայլուն մասնագետների և ուսանողակենտրոն միջավայրի համար:

Գիտխորհրդի նախագահի կողմից Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնին հանձնարարվեց վերհանված խնդիրների վերլուծությունը ուղարկել համապատասխան ստորաբաժանումներ՝ դրանց լուծման պլանների մշակման նպատակով:

Գիտխորհրդի նիստում զեկուցողների հաղորդումներն ընդունվեցին ի գիտություն:

Հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կանոնակարգը՝ նոր խմբագրությամբ (զեկուցող՝ Ն.Գրիգորյան) և ԵՊՀ ԻՄ-ում շահերի բախման բացահայտման և սահմանափակման կանոնակարգը (զեկուցող՝ Ն.Նազարյան):

ԵՊՀ ԻՄ-ի ներքին դրամաշնորհային մրցույթի մասին զեկուցեց գիտխորհրդի նախագահ, մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ ներկայացված բոլոր դրամաշնորհները հաղթահարել են անհրաժեշտ միավորների շեմը և ներկայացվում են երաշխավորման: Գիտխորհրդի նախագահն առաջարկեց դրամաշնորհի մրցույթում ընդգրկված թեմաները իրականացնող խմբերում, ելնելով ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի խնդիրներից, ներգրավել ուսանողներ, հնարավորության դեպքում նաև փոխել ծրագրերի իրականացման ժամանակացույցը՝ 12 ամսվա փոխարեն դարձնել 7 ամիս:

Որոշվեց.

  1. երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի ներքին դրամաշնորհային մրցույթի թեմաները,
  2. դրանցում ներգրավել ուսանողներին,
  3. 1 շաբաթվա ընթացքում ներկայացնել ծրագրերի իրականացման նոր ժամանակացույց:

Վավերացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռուսաստանի պետական մասնագիտական-մանկավարժական համալսարանի միջև համագործակցության հուշագիրը

1. գլխավոր 

 2022թ. հունիսի 30-ին տեղի ունեցավ գործնական առցանց հանդիպում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռուսաստանի պետական մասնագիտական-մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների միջև:

Առցանց հանդիպմանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից մասնակցում էին տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, փոխտնօրեն Մհեր Օթարյանը, գիտական քարտուղար Մհեր Աթոյանը և Օտար լեզուների ամբիոնի դոցենտ Սվետլանա Միխայլովնա Մինասյանը: Ռուսաստանի պետական մասնագիտական-մանկավարժական համալսարանը ներկայացնում էին դաստիարակչական աշխատանքի և երիտասարդական քաղաքականության գծով պրոռեկտոր Անտոն Իգորևիչ Լիժինը և մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաց լեզվի և խոսքի մշակույթի ամբիոնի վարիչ Ալյոնա Ալեքսանդրովնա Եվտյուգինան:

Հանդիպման ընթացքում համալսարանների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին հետամուտ լինել կնքված համագործակցության հուշագրի նպատակների իրականացմանը, որից հետո առավել մանրամասն քննարկեցին երկու բուհերի առաջնահերթությունները, Հայաստանում և Ռուսաստանում համակցված/հիբրիդային կրթության զարգացման ապագա համատեղ գործունեության և նախագծերի ճանապարհային քարտեզը:

Քննարկումն անցավ անմիջական մթնոլորտում: Ա.Մակարյանը նշեց, որ նման հանդիպումներն ամրապնդում են երկրների և համալսարանների միջև բարեկամությունը, թույլ են տալիս գնահատել աշխատանքի որակը, զարգացնել և ընդլայնել մտահորիզոնը գիտական հետազոտական ոլորտում. «Այսպիսի հանդիպումներն ու քննարկումները տարբեր բուհերի գործընկերների հետ, որոնք ակտիվորեն աշխատում և հաջողություն են գրանցում ուսումնագիտական աշխատանքում ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, կարող են ունենալ զգալի ներդրում կրթության որակի բարձրացման գործում: Այսօր բարենպաստ հնարավորություններ են բացվում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման համար: Դրանց նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմը: Մենք շահագրգռված և պատրաստ ենք համագործակցության, փորձի փոխանակման, համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման»:

Ա.Լիժինն իր հերթին նշեց, որ այսօր անհրաժեշտ է իրականացնել դասախոսների և ուսանողների փոխանակում, զարգացնել համատեղ հետազոտական և ուսումնամեթոդական հրատարակությունների առկա դրական փորձը, կիրառել ուսուցման հատուկ համակցված ձևեր: Ա.Եվտյուգինան ավելի մանրամասն ներկայացրեց հիբրիդային ուսուցման Ռուսաստանի պետական մասնագիտական-մանկավարժական համալսարանի փորձը: Ս.Մինասյանը խոսեց համակցված ուսուցման հնարավոր ձևափոխությունների մասին՝ որպես օրինակ բերելով 2022 թվականի մարտին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացված «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային երիտասարդական գիտագործնական համաժողովը:

Կնքված հուշագրով և գործողությունների ճանապարհային քարտեզի հիման վրա կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցությունը զարգացնելու հետևյալ  ուղղություններով.

  • համատեղ դասագրքերի, ուսումնական նյութերի մշակում,
  • համատեղ դասընթացների մշակում մագիստրանտների, ավագ կուրսերի ուսանողների համար,
  • համալսարանական գիտնականների պլանավորված համատեղ հրապարակումներ գիտական ամսագրերում,
  • ուսումնական գործընթացի արդիականացում՝ որպես կրթական միջավայրի որակի բարելավման երաշխիք,
  • համատեղ գիտական կոնֆերանսների, օլիմպիադաների, մրցույթների կազմակերպում (առցանց)՝ օլիմպիադաների և մրցույթների արդյունքների, կոնֆերանսի նյութերի հրապարակմամբ,
  • ՀՀ և ՌԴ գիտական ու նախաձեռնող նախագծերի մրցույթներին մասնակցության համատեղ նախագծեր մշակելու նպատակով գիտական ստեղծագործական խմբերի ձևավորում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռուսաստանի պետական մասնագիտական-մանկավարժական համալսարանի համագործակցությանը նվիրված առցանց հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Երկուստեք ցանկություն հայտնվեց զարգացնելու համագործակցությունը՝ մասնագիտական-մանկավարժական գործունեության մեջ նոր բարձունքներ նվաճելու նպատակով:

2022-23 ուսումնական տարում ԵՊՀ ԻՄ-ում ներդրվում է ուսանողների գնահատման նոր համակարգ

1. գլխավոր

2022թ. հունիսի 30-ին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը Ուսումնամեթոդական վարչության հետ համատեղ անցկացրեց ԵՊՀ ԻՄ-ում ուսումնական գործընթացի կազմակերպման նոր կարգի վերաբերյալ հանդիպումքննարկում:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄտնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, ֆակուլտետների դեկանները, կրթական ծրագրերի ղեկավարները, դեկանատների գործավարներն ու ամբիոնների լաբորանտները:

Ա.Մակարյանը ողջունեց երկու ստորաբաժանումների համատեղ նախաձեռնությունը՝ մասնավորապես նշելով, որ այդ հանդիպումը շատ կարևոր է, քանի որ ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման նոր կարգում (30.04.2022թ. հաստատված ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի կողմից) կան գնահատման համակարգին վերաբերող էական փոփոխություններ, որոնց մասին պետք է տեղյակ լինեն բոլոր համալսարանականները, առաջնահերթ՝ ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները, դասախոսները, դեկանատների աշխատակիցները, ովքեր այս սեպտեմբերից աշխատելու են այդ կարգի համաձայն:

Պարոն Մակարյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կարգն ուժի մեջ է մտնելու 2022թ. սեպտեմբերի 1-ից և վերաբերելու է 2022-2023 ուստարում և դրանից հետո ԵՊՀ ԻՄ ընդունված և՛ բակալավրիատի, և՛ մագիստրատուրայի ուսանողներին:

Այնուհետև Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը մանրամասն ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում կատարված փոփոխությունները: Նախ նա անդրադարձավ կարգի փոփոխման նպատակներին, որոնք են՝ բազմագործոն  գնահատման  համակարգ ներդնելը, դասախոսի  ազատության  աստիճանը մեծացնելը, դրական արդյունարար գնահատական միայն  մեկ  բաղադրիչով  չձևավորելը:

Ա.Դավթյանը շեշտեց, որ փոխվել է նաև գնահատման սանդղակը. այսուհետ «անբավարար» է համարվում 0-9, «բավարար»՝ 10-13, «լավ»՝ 14-17 միավորները:

Ապա առավել հանգամանորեն ներկայացվեցին եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացների գնահատման ձևերը, պարտադիր և ընտրովի բաղադրիչները, նրանց տրվող առավելագույն և նվազագույն միավորները, քննությունների վերահանձնման կարգը և քննական տեղեկագրերի տեսքերը:

Վերջում տեղի ունեցավ քննարկում. մասնակիցների կողմից ուղղված հարցերին տրվեցին պատասխաններ: