Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողների տոնին նվիրված միջոցառում մասնաճյուղում

1. գլխավոր 2022թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշական միջոցառում, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ:

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով, որ ուսանողական տարիները մարդու՝ որպես մասնագետի ձևավորման ամենակարևոր տարիներն են, մաղթեց, որ դրանք լինեն նրանց կյանքի լավագույն ու հիշարժան, հարուստ գիտելիքների ամբարման, մեծ գաղափարների, լուսավոր երազանքների ու նպատակների ձևավորման և իրականացման տարիներ:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան գրական-երաժշտական, պարային, թատերական հետաքրքիր և գեղեցիկ կատարումներով:

Տրվեց տոնի նախապատմությունը, թե ինչպես է այն ծագել, տարբեր երկրներում ուսանողներն ինչպես են նշում իրենց տոնը:

Ներկայացվեցին աշխարհի համալսարանների վերաբերյալ հետաքրքիր փաստեր, ցուցադրվեցին ուսանողական առօրյային, բուհական միջավայրին վերաբերող երգիծական իրավիճակներ:

Ուսանողների տոնի առթիվ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի մի շարք ուսանողներ ուսումնական պարապմունքների և պրակտիկայի ընթացքում իրականացրած ստեղծագործական աշխատանքների համար տնօրենության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով, որոնք հանձնեց ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վահան Աղաբաբյանը:

Միջոցառման վերջում մասնակիցներն առանձնակի շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ-ի թատերական խմբակին և նրա գեղարվեստական ղեկավար Արմինե Զարգարյանին՝ միջոցառմանը յուրահատուկ երանգ հաղորդելու համար:

 

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Ուսանողների ուղերձի նկարը - Ա. Մ.  Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում նշանակալի ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում, անսպառ եռանդ և նպատակասլացություն՝ իրականացնելու նորարար և հետաքրքիր նախաձեռնություններ, ձեր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ի սպաս դնելու մեր երկրի առաջընթացին:

Հիրավի, ցանկացած պետության զարգացման և բարգավաճման գրավականը կրթված և ստեղծագործ երիտասարդությունն է: Դուք եք մեր հասարակության շարժիչ ուժը, ազգային արժեքների կրողն ու պահապանը, հայրենի հողի և ազգային շահերի տերն ու պաշտպանը….   

Մասնաճյուղի ողջ անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում իր տրամադրած կրթության որակի շարունակական բարելավման և աշխատաշուկայում պահանջված և մրցունակ մասնագետներ պատրաստելու համար: Դուք էլ եղեք պահանջատեր, նախաձեռնող, պրպտող, ներդրեք բոլոր ջանքերը կրթվելու և պիտանի մարդ դառնալու գործում: Այսօրվա ուսանողի ձգտումով, հաստատակամությամբ ու երազանքով է պայմանավորված մեր պետության վաղվա օրը:

Ի վերջո, յուրաքանչյուրս պիտի քաջ գիտակցենք և կյանքում առաջնորդվենք այն պարզ ու անվիճելի ճշմարտությամբ, որ, այո՛, կրթությունն է այն հզոր զենքը, որով կարելի է բարեփոխել, ավելի լավը դարձնել մեր հայրենիքը… Եվ յուրաքանչյուրս պիտի մեր ներդրումն ունենանք այդ կարևոր գործում, ուստի, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, մասնագիտական և անձնական մեծ ձեռքբերումներ, նպատակների իրականացում…

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթգիտթեկն., դոցենտ Անուշավան Մակարյան

Հանդիպում հեռակա ուսուցման առաջին կուրսի ուսանողների հետ

1. գլխավոր

 2022թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը նախաձեռնել էր հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսեցիների հետ հանդիպում, որին հրավիրված էին նաև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և փոխտնօրեն Մ.Օթարյանը:

Հանդիպման սկզբում պարոն Մակարյանը ողջունեց 2022-2023 ուստարում հեռակա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված շուրջ հինգ տասնյակ առաջին կուրսեցիներին, շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նրանց մաղթեց, որ լինեն ուսումնատենչ, նախաձեռնող և նպատակասլաց, ակտիվորեն մասնակցեն ուսանողական նախաձեռնություններին, այլ խոսքով՝ լիարժեք ներգրավվեն համալսարանական միջավայրում:

Ա.Մակարյանը ուսանողներին համառոտ ներկայացրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները, կոչ արեց մանրամասն ծանոթանալ ուսանողներին վերաբերող բոլոր փաստաթղթերին, որոնք հիմնականում զետեղված են մասնաճյուղի կայքում տեղադրված «Առաջին կուրսի ուսանողի ուղեցույց»-ում:

Փոխտնօրեն Մ.Օթարյանը նույնպես նախ շնորհավորեց ուսանողներին մասնաճյուղ ընդունվելու առթիվ, ապա ներկայացրեց Ներքին կարգապահական կանոնները, ընդգծեց կարգապահության կարևորությունը ուսումնական գործընթացում:

Այնուհետև Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրսեցիներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը:

Ն.Գրիգորյանը շեշտեց, որ 2022թ. սեպտեմբերին և դրանից հետո ԵՊՀ ԻՄ ընդունված ուսանողներին համար փոխվել է գնահատման կարգը. ներդրվել է գնահատման բազմագործոն համակարգ՝ նպատակ ունենալով մեծացնել դասախոսի ազատությունը և բացառել մեկ բաղադրիչով դրական արդյունարար գնահատականի ձևավորումը: Նշվեց, որ գնահատման համակարգում այսուհետև բավարար է համարվելու 10 միավորը:

Այնուհետև Ն.Գրիգորյանն անդրադարձավ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացների գնահատման բաղադրիչներին և դրանց հատկացվող միավորներին:

Ներկայացվեց, թե որ դեպքում է ուսանողը համարվում քննաշրջանը չհաղթահարած, երբ է դասընթացը համարվում առարկայական պարտք, կրեդիտի պարտք, և որ դեպքում է ուսանողը ստիպված լինելու կրկնելու դասընթացը:

Տեղի ունեցավ քննարկում. ուսանողները տնօրենից և փոխտնօրենից ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները:

 

Ա. Վ. Պաշկովը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար կարդաց դասախոսություն

 2022թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության հրավերով ակնարկային դասախոսությամբ հանդես եկավ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռուս և համաշխարհային գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ալեքսանդր Վիտալևիչ Պաշկովը, ով նաև որպես հրավիրված դասախոս առցանց վարում է «20-րդ դարի ռուս գրականության պատմություն» դասընթացը մասնաճյուղի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դասախոսներ մ.գ.թ., պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը և բ.գ.թ., դոցենտ Մարատ Զուրաբյանը, «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության I-IV, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության III կուրսերի ուսանողները:

Ա. Վ. Պաշկովը կարդաց «Ժամանակակից ռուս գրականություն. պոստմոդեռնիզմից մինչև նոր ռեալիզմ» թեմայով դասախոսություն ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար:

Դասախոսության ընթացքում Ալեքսանդր Վիտալևիչ Պաշկովը բացահայտեց ժամանակակից գրողների երկերի ուսումնասիրությանը վերաբերող արդիական հարցեր (Զախար Պրիլեպին, Բորիս Ռիժիյ, Թիմուր Կիբիրով, Սաշա Սոկոլով), անդրադարձավ 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի մշակութային ամենաազդեցիկ երևույթներին՝ գրական հոսանքներին (պոստմոդեռնիզմ, նեոռեալիզմ, նոր ռեալիզմ):

Ա. Վ. Պաշկովի դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում:

Ծավալվեց ակտիվ քննարկում՝ ռուսական պոստմոդեռնիզմի և նոր ռեալիզմի ներկայացուցիչների կողմից ճշմարտության որոնման շուրջ:

Հանդիպումից հետո կազմակերպվեց Ա. Վ. Պաշկովի այցելությունը Իջևանի և ընդհանրապես Տավուշի մարզի տեսարժան վայրեր:

Տրվեցին վկայականներ մասնաճյուղում վերապատրաստում անցած ուսուցիչներին

1. գլխավոր. IMG_6234 2022թ. նոյեմբերի 2-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում կայացավ մասնաճյուղում վերապատրաստում անցած ուսուցիչների վկայականների հանդիսավոր հանձնումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի անձնակազմը, մասնաճյուղում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համակարգող Ա.Սարգսյանը:

Ս.թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել են պարտադիր ատեստավորման  ենթակա  ուսուցիչների վերապատրաստումներ, որոնցում ընդգրկված են եղել Տավուշի և Գեղարքունիքի մարզի 10 դպրոցների շուրջ երկու տասնյակ ուսուցիչներ:

110 ժամ տևողությամբ վերապատրաստումներն անցկացվել են հետևյալ մոդուլներից.

  • Հանրակրթության բնագավառի օրենսդրություն – 10 ժամ,
  • Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ – 20 ժամ,
  • Տարիքային հոգեբանություն – 10 ժամ,
  • Համընդհանուր ներառում – 10 ժամ,
  • Գնահատում – 15 ժամ,
  • Դիրքորոշում և արժեք – 10 ժամ,
  • Առարկայի դասավանդման մեթոդիկա – 30 ժամ,
  • Հետազոտական աշխատանքներ կատարելու սկզբունքներ – 5 ժամ:

 Վկայականները հանձնելուց առաջ ուսուցիչներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ նրանց շնորհավորելով վերապատրաստումները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով արդյունավետ փոխհամագործակցության համար, կարևորելով իրականացված վերապատրաստումների դերը թե՛ ուսուցիչների մասնագիտական կոմպետենցիաների, մասնավորապես՝ աշակերտակենտրոն մոտեցումներով ու նորարարական մեթոդներով դասավանդման հմտությունների զարգացման և թե՛ փորձի փոխանակման հարցում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վերապատրաստում անցած բոլոր ուսուցիչների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Հայրապետյանը՝ գոհունակություն արտահայտելով բարձր մակարդակով կազմակերպված վերապատրաստումների և կառուցողական ջերմ մթնոլորտի, իրենց վերապատրաստած առաջատար ու արհեստավարժ մասնագետների տրամադրած հիմնարար գիտելիքների և առաջավոր փորձի համար: