Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գ. Բալասանյանի գրքի շնորհանդեսին մասնակցելու հրավեր

Գրքի շնորհ. հայտ. նկար 2022թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանի «Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները 1920-1927 թթ.» մենագրության շնորհանդեսը:

Բոլորին սիրով հրավիրում ենք

Մասնաճյուղում նշվեց Պատմաբանի օրը

1. գլխավոր 

 2022թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում «Պատմություն» մասնագիտության ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում, որին հրավիրվել էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները:

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ արդեն 11-րդ տարին է, ինչ դեկտեմբերի 4-ը նշվում է որպես Պատմաբանի օր։

Մասնագիտական օրվան նվիրված միջոցառումը բացվեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի շնորհավորական ողջույնով։

Ա․Ազատյանն իր խոսքում ընդգծեց, որ մասնագիտական օրը ուսանողի և կայացած մասնագետի համար տարվա կարևոր օրերից մեկն է, երբ պետք է արժևորես մասնագիտական ձեռքբերումներդ, մասնագիտությանդ հատուկ նորություններն ու նոր հայացքով քննես անցյալի, ներկայի և ապագայի պատմական զուգահեռումները։

«Յուրաքանչյուրս հանձնառու ենք բարձր պահելու մեր մասնագիտության նկատմամբ հարգանքն ու վստահությունը, ինչի աղբյուրը մեր ամենօրյա մասնագիտական անշահախնդիր անշխատանքն է, տարբեր պատմաքաղաքական և հասարակական գործընթացների նորահայաց ուսումնասիրությունն ու ապագա Հայաստանի լուսավոր տեսլականը։ Սիրենք մեր մասնագիտությունը, արժևորենք մասնագիտական համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչին ու նրա աշխատանքը, իսկ ապագա պատմագետներին ցանկանանք մասնագիտական բազում ձեռքբերումներ, ուսումնական նորանոր հաջողություններ, անցյալի և ապագայի կամրջման գործում իրենց վերապահված առաքելությանը համարժեք ուսումնառություն», – նշեց նույն ամբիոնի դասախոս Վ․Պողոսյանը։

Այնուհետև «Պատմություն» մասնագիտութան տարբեր կուրսերի ուսանողներ հանդես եկան զեկուցումներով՝ անդրադառնալով հայ պատմագիտության երևելի գործիչների կյանքին ու գործին։ Ներկայացվեց Միքայել Չամչյանի, Լեոյի, Արտակ Մովսիսյանի, Արամ Սիմոնյանի պատմական ժառանգությունը, արժևորվեց նրանց դերակատարումը հայ պատմագիտական մտքի զարգացման գործում։

Ուսանողներն անդրադարձան Արցախյան ազատագրական պայքարի մասնակից պատմաբան-ուսանողներին՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, Վլադիմիր Բախշյանի, մեր բուհի շրջանավարտ Շիրակ Գասպարյանի, հավերժ ուսանող Գարիկ Դավթյանի կյանքին ու գործունեությանը։

Միջոցառումը եզրափակվեց մասնակիցների փոխադարձ շնորհավորանքներով և հաջորդ տարի մասնագիտական նոր ձեռքբերումների ներկայացման հույսով ու ակնկալիքով:

ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ

1

2022թ. դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ-ում կայացավ հանդիպում ԱԻՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Վիկտոր Աբազյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Մելքումյանի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ Էդգար Քամալյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Գ.Գուլակյանը և ուսանողներ: 

Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները խոսեցին 1988թ. ավերիչ երկրաշարժի ուժգնության, տևողության, դրա ծանր հետևանքների և կորուստների մասին:

Հանդիպման ընթացքում բացատրվեցին երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները, ներկայացվեց, թե նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո (ԱԻՆ սեյսմիկ ծառայության կողմից մշակված «Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ» ուղեցույցը՝ այստեղ):

Վերջում ուսանողները ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ:

Այսօր Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է

Երկրաշարժի մասին նյութի նկար

 2022թ. դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցը:

34 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:

Այն տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավել, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին, ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Անսպասելի աղետը հանկարծակիի է բերել ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ են մտել 2-3 օր հետո: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ (զոհված կամ կենդանի), հոսպիտալացվել 12500 մարդ:

Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվել է Սպիտակ քաղաքը: Սպիտակի և մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերել է 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրել Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

Մինչև այսօր Հայաստանը շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Մեզանից յուրաքանչյուրը՝ որպես սեյսմիկ գոտում գտնվող երկրի բնակիչ, պետք է պատշաճ իմանա երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: 2019 թվականից սկսած՝ Հայաստանում Դեկտեմբերի 7-ը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Ոգեկոչելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը՝ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության անունից մեր ժողովրդին մաղթում ենք ամուր և հաստատուն կամք՝ բոլոր դժվարություններին դիմակայելու, ստեղծագործ աշխատանքով ապրելու և արարելու համար, վաղվա օրվա հանդեպ հույս և հավատ, խաղաղություն և բարօրություն: 

Գիտաճանաչողական այցեր՝ պատմաբանի օրվա առթիվ

1. գլխավոր 

  ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ 2012թ. որոշվեց դեկտեմբերի 4-ը՝ հայ անվանի պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանի ծննդյան օրը, նշել որպես պատմաբանի օր:2022թ. դեկտեմբերի 4-ին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության նախաձեռնությամբ «Պատմություն» կրթական ծրագրի 1-4-րդ կուրսերի ուսանողները նույն կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Ն.Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Հայաստանի պատմության թանգարանում` պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոնում, մեր ուսանողները ծանոթացան հայ ժողովրդի` հին քարե դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի պատմության բազմաթիվ ցուցանմուշներին:

Նրանք շրջեցին նաև Հայաստանի ազգային պատկերասրահում` հմայվելով հայ և արտասահմանայան արվեստի նմուշներով: Պատկերասրահի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Ուղևորության հաջորդ նպատակակետը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն էր, որտեղ ապագա պատմաբանները ծանոթացան երեք նշանավոր հնավայրերից (Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ) հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդներին և գտածո նմուշներին: «Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են վերոնշյալ 3 հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումների շնորհիվ հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանկաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաներ` խմբավորված 161 հավաքածուներում: Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Վանի թագավարության պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցնները:

Վերջում ուսանողները ծանոթացան ՀՀ հնագիտական ժառանգության՝ Երևանի հարավարևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդի բլրի վրա պահպանված ամենանշանավոր հուշարձաններից մեկի՝ Էրեբունի բերդաքաղաքի մնացորդներին: