Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը

1. գլխավոր
  2023թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

Նախքան պաշտպանությունը մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ հանձնաժողովի աշխատանքներին մաղթելով բարի ընթացք, իսկ ապագա մագիստրոսներին ցանկացավ հաջողություն՝ իրենց մասնագիտական կոմպետենցիաները պաշտպանության ընթացքում անկաշկանդ և լիարժեք դրսևորելու համար:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը:

Պաշտպանությանը մասնակցում էր 13 ուսանող (1 ուսանող նախորդ տարվանից):

Աշխատանքներն իրականացված էին ըստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի:

Մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների համաձայն՝ 7 ուսանող ստացավ «գերազանց», 6 ուսանող՝ «լավ». գերազանցության դիպլոմ կստանա 6 շրջանավարտ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն իր գոհունակությունն արտահայտեց շրջանավարտների պատրաստվածության մակարդակի վերաբերյալ: Աշխատանքների թեմաներն արդիական էին, դրանք հիմնականում նվիրված էին մանկավարժության ժամանակակից մեթոդներին վերաբերող խնդիրներին: Դրանց բնորոշ էին հետազոտական և փորձարարական տարրերի առկայությունն ու վերհանված խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը, շրջանավարտների կողմից մասնագիտական գրականության հմուտ շրջանառումը:

Հանձնաժողովի կարծիքով՝ թեզերի թեմատիկան և իրականացման մակարդակը համապատասխանում էր որակավորմանը:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է թեզերի թեմաները ձևակերպել ոչ ընդհանրական, այլ կոնկրետ և հստակ, ներկայացման ժամանակ համառոտ անդրադառնալ բոլոր բաժինների բովանդակությանը:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի 2023թ. շրջանավարտներին՝ նրանց մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ մասնագիտական ոլորտում և անձնական կյանքում, ստացած գիտելիքները մեր երկրի զարգացմանը և առաջընթացին անմնացորդ ծառայեցնելու կամք, եռանդ և նպատակասլացություն:   

Ի գիտություն ուսանողների

Gray and Black Dark Modern Desktop Wallpaper  (1) 

 Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի «Ուսանող» բաժնում տեղադրվել են «Ուսանողի ուղեցույց» ձեռնարկը և «Իրազեկ ուսանող» տեղեկատվական թերթիկը։

Հրապարակված փաստաթղթերի միջոցով կարող եք ծանոթանալ ձեր իրավունքներին և պարտականություններին, պատասխանատվությանը ուսումնական կագապահության խախտման դեպքում, բողոքարկման ձևերին, ԵՊՀ  ԻՄ-ի ռազմավարական զարգացման խնդիրներին, ֆակուլտետներին և մասնագիտություններին, մասնաճյուղի կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցում (զեղչ) տրամադրելու կարգին ու պայմաններին, ուսանողներին տրվող անվանական կրթաթոշակների ցանկին և այլն։