Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Էլեկտրոնային կառավարման հզորացում՝ ի նպաստ էլեկտրոնային ժողովրդավարության և ներառական որոշումների կայացման» դասընթացը

1.գլխավոր 2023 թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Էլեկտրոնային կառավարման հզորացում՝ ի նպաստ էլեկտրոնային ժողովրդավարության և ներառական որոշումների կայացման» խորագրով դասընթացը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի և աշխատակազմի 3 տասնյակ ներկայացուցիչներ:

Դասընթացը վարեցին «Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ, ի.գ.թ. Սուրեն Քրմոյանը և համահիմնադիր Մերի Շերոյանը:

Սույն դասընթացը «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում «Թվային Հայաստան» ՀԿ նախաձեռնությունն է, որի կազմակերպմանն աջակցում է նաև «Կողբ» հիմնադրամը: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որն իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից, հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: 

Այն միտված էր մասնակիցներին ապահովելու Հայաստանում էլեկտրոնային ժողովրդավարության և կառավարման ոլորտում առկա էլեկտրոնային գործիքների, իրավական կարգավորումների, վերջիններիս տեսական և գործնական կիրառման գիտելիքներով, ինչպես նաև զինելու անհրաժեշտ տեղեկատվությամբ վերոնշյալ ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին:

Ինտերակտիվ քննարկումների և դասընթացի միջոցով տրամադրված գիտելիքների շնորհիվ մասնակիցները բացահայտեցին Հայաստանում էլեկտրոնային կառավարման և ժողովրդավարության գործիքների միջոցով ներառական որոշումների կայացման, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներում ակտիվ և արդյունավետ ներգրավման միջոցները:

 

Դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է

ԵՊՀ ԻՄ  (12) Այսօր՝ 2023 թ. դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը: 1988 թվականի նույն օրը ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:

Երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41 րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավել, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ:

Ավերվել է ՀՀ ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին, ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ (զոհված կամ կենդանի), հոսպիտալացվել 12500 մարդ: Երկրաշարժը հիմնովին ավերել է Սպիտակ քաղաքը, ոչնչացրել է Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

Հայաստանը մինչև այսօր շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Մեզանից յուրաքանչյուրը՝ որպես սեյսմիկ գոտում գտնվող երկրի բնակիչ, պետք է պատշաճ իմանա երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար. չէ՞ որ ով իրազեկված է, նա պաշտպանված է: Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: 2019 թվականից սկսած՝ Հայաստանում դեկտեմբերի 7-ը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչելով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից բոլորիս ցանկանում ենք անվտանգ և դիմակայուն պետություն, բոլոր դժվարությունները հաղթահարելու ամուր կամք և տոկունություն, խաղաղություն, ստեղծագործ աշխատանք և ամենայն բարիք:

Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում մասնաճյուղում

1․ գլխավոր 2023 թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և «Պատմություն» մասնագիտության I-IV կուրսերի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում:

2012 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ որոշվեց դեկտեմբերի 4-ը՝ հայ անվանի պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանի ծննդյան օրը, նշել որպես Պատմաբանի օր:

Այդ առիթով մասնաճյուղում կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էռնեստ Խանումյանը՝ շնորհավորելով պատմաբաններին մասնագիտական տոնի առթիվ: Նա կարևորեց անցյալում մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերն ու կյանքի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս հասկանալ այսօրվա մարտահրավերներն ու ճիշտ կազմակերպել մեր պատմության վաղվա օրը: Պատմության ուսումնասիրումը հնարավորություն է տալիս տեսնելու մարդկության զարգացման ուղին, ուսումնասիրելու մարդկության անցյալը, վերստեղծելու պետության, ժողովուրդների և անհատների կյանքի պատկերը անցյալում, ներկայում և ապագայում:

Մասնագիտական օրվան նվիրված զեկուցումներով հանդես եկան ուսանողներ Վանուհի Խուդավերդյանը և Թամարա Մկրտչյանը:

Այնուհետև ելույթ ունեցան և շնորհավորական խոսքով հանդես եկան Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները՝ պ.գ.թ., դոցենտ Նաթելլա Գրիգորյանը և Վլադիմիր Պողոսյանը: Շեշտվեց, որ պատմական գիտության գործառույթները պայմանավորված են ժամանակակից իրականության վրա պատմական փորձի և գիտելիքների ազդեցությամբ: Հենց դրանց համախմբությամբ էլ որոշվում է պատմական գիտության արժեքը, այն, թե դրա միջոցով որքանով են լուծվում հասարակության առջև ծառացած հիմնախնդիրները, որքան է դրա սոցիալական պահանջվածությունը: Իհարկե, մարդկանց կողմից իրենց անցյալով հետաքրքրվելն ամբողջապես պայմանավորված չէ միայն դրա հասարակական ազդակներով: Պատմության նկատմամբ հետաքրքրությունը կարող է պայմանավորված լինել նաև զուտ գիտականության պահանջով, անցյալի իրողությունները վեր հանելու, դրանք ճանաչելու ձգտումով, այսինքն՝ ճշմարտության բացահայտման մղումով: Անցյալի փորձն ուսումնասիրելը օգնում է իմաստավորել ներկան և կանխատեսել ապագան:

Ընդգծվեց, որ պատմական գիտելիքներն ավելի ակտիվ են թափանցում հասարակական կյանքի մեջ: Ընդլայնվում են դրանց գործունեության ոլորտները, հետազոտության օբյեկտները, դիֆերենցացումը (տարբերակումը): Դա իր հերթին հանգեցնում է պատմական գիտության գործառույթների ընդլայնմանը: Միևնույն գործառույթը տարբեր տարածաժամանակային պայմաններում կարող է ունենալ միանգամայն հակառակ դեր: Օրինակ՝ պատմության դաստիարակչական գործառույթը նացիզմի ժամանակաշրջանում օգտագործվել է սեփական նպատակների համար: Դրանից անշուշտ չի հետևում, որ պատմությունը պետքական չէ: Պարզապես դրա գործառույթները պետք է դիտարկել միասնականության մեջ՝ առաջնային համարելով գիտականությունը:

Ելույթներից հետո քննարկվեցին պատմության՝ գիտաճանաչողական, կանխատեսման, դաստիարակչական և հասարակական հիշողություն լինելու գործառույթները: 

Մասնաճյուղն անցկացրեց սեղանի թենիսի բաց առաջնություն

1․ գլխավոր  

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. դեկտեմբերի 2-ին կայացավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որին մասնակցում էին 55 մարզիկ-մարզուհիներ Տավուշի մարզից՝ Դիլիջանից, Դիլիջանի միջազգային դպրոցից, Թեղուտից, Պտղավանից, Վերին Ծաղկավանից, Պառավաքարից, Իջևանից և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

Առաջնությանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը՝ հասարակության շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդման և սպորտի մասսայականացման գործում կարևորելով նման միջոցառումների դերն ու նշանակությունը, հաջող և դիտարժան խաղ մաղթելով մասնակիցներին և ներկաներին:

Խաղերն անցկացվեցին խմբային ձևով (9 խումբ, 6-ական խաղացող). երկու պարտություն ունեցող մարզիկը դուրս էր մնում հետագա պայքարից:

Ամեն խմբից դուրս եկավ 2-ական մարզիկ, ովքեր պայքարը շարունակեցին օլիմպիական կարգով:

Առաջնությունն ընթացավ համառ և հետաքրքիր պայքարով:

Իրենց գեղեցիկ խաղով և վարպետությամբ աչքի ընկան թեղուտցի թենիսիստները՝ հատկապես Մուշեղ Անանյանը և Ալիկ Հախվերդյանը (մարզիչ՝ Արտակ Աղաջանյան):

Տղաներից մրցանակային տեղեր գրավեցին թեղուտցի մարզիկներ Ռուբեն Բեգլարյանը (1-ին տեղ), Ալիկ Հախվերդյանը (2-րդ տեղ) և Վազգեն Մուկուչյանը (3-րդ տեղ):

Աղջիկներից 1-ին տեղը գրավեց Մարիետա Մնացականյանը (Դիլիջանի թիվ 6 դպրոցի աշակերտ), 2-րդ տեղը՝ Վարդիթեր Պողոսյանը (ԵՊՀ ԻՄ դասախոս), 3-րդ տեղը՝ Լիլիթ Քոչարյանը (ԵՊՀ ԻՄ «Զբոսաշրջություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող):

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և գավաթներով:

 

 

Գիտաճանաչողական այց Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

1 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Մերի Ազիզյանի հետ ս․թ․ դեկտեմբերի 2-ին այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան:

«Էթնոհոգեբանություն» դասընթացի շրջանակներում «Հոգեբանություն» կրթական ծրագրի տվյալ կուրսի ուսանողներն ուսումնասիրում են տարբեր ազգերի հոգեկերտվածքները, կարծրատիպերը, քսենոֆոբիկ դրսևորումները, պատմական ճակատագիրը, մշակույթը, լեզունը և կրոնը: Սեմինարների, ինքնուրույն աշխատանքների միջոցով ուսանողները հոգեբանական ուսումնասիրության են ենթարկում հայկական մշակույթը, լեզունը, քրիստոնեության դերը հայ էնթոսի պահպանման և զարգացման գործում: Ըստ այդմ՝ ուսանողների և դասախոսի համար կարևոր էր նաև ծանոթանալ Տավուշում հայտնաբերված գտածոներին, տարածաշրջանի պատմության համար արժեքավոր նմուշներին:

Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Տավուշում գտնված տարբեր ժամանակաշրջանների կարասներին, զինամթերքին, հողագործական իրերին, սահմանաքարերին, կենդանիներին, քարատեսակներին, գրքերին, Տավուշի մարզի նշանավոր մարդկանցից մի քանիսի անձնական իրերին, հագուստներին, գորգերին: