Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տարածություն և քաղաք․ խորհրդային Իջևանի քաղաքային միջավայրի ձևավորումը» թեմայով բանախոսություն

7

2024 թ. հունիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Տարածություն և քաղաք. խորհրդային Իջևանի քաղաքային միջավայրի ձևավորումը» թեմայով բանախոսություն, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

Բանախոսությանը մասնակցում էին Իջևանի համայքապետարանի և համայնքապատկան կառույցների շուրջ 20 աշխատակիցներ, ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսներ:

Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում և ֆինանսավորում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջև կնքված EU4Culture դրամաշնորհային պայմանագրով իրականացվող «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:

Անդրադառնալով տարածություն և քաղաք համադրամիասնությանը՝ բանախոսը նշեց, որ խորհրդային Իջևանի փոխակերպման գործընթացն ակտիվ փուլ մտավ հատկապես հետպատերազմյան առաջին տարիներին: 1948 թ. մի խումբ ճարտարապետների (Պ․ Թումանյան, Հ․ Դավթյան և այլք) աշխատասիրությամբ ստեղծվեց Իջևան քաղաքատիպ համայնքի հատակագիծը, որում օրինաչափորեն հաշվարկված էր բաց տարածության վերափոխումը քաղաքային պահանջներին համապատասխան՝ հստակ, ուղղաձիգ փողոցներով, հրապարակներով, հանրային միջավայրն ապահովող գործառութային տարածքներով: Հարկ է նշել, որ տվյալ շրջանի քաղաքաշինական մտքում նկատելի էր ճարտարապետական այնպիսի կերպի ձևավորումը, որը պետք է համապատասխաներ հասարակության յուրաքանչյուր անդամի և ընդհանուրի պահանջներին:

Անդրադառնալով Իջևանի քաղաքաշինական և կառուցապատման առանձնահատկություններին՝ Վ. Պողոսյանը նշեց. «Բնակեցված տարածքի վրա բարձրացող քաղաք Իջևանը ներկայանում էր որպես քաղաքաշինության յուրօրինակ փորձարարական լաբորատորիա, որտեղ ճարտարապետական միտքը պետք է ընդգրկեր նորարարն ու ավանդականը: Քաղաքային տարածքը պարառող խաչաձև բլուրներն ու բարձունքները, անտառը, գետը, հանրապետական մայրուղին, բնական է, այնպիսի հանգամանքներ են, որոնք պահանջում են մանրակրկիտ մոտեցում, տարածաչափական հնարավոր լուծումների համադրում»:

Բաց դասախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Տեղի ունեցավ քննարկում, որի շրջանակներում մասնակիցները փորձեցին ադրադառնալ ապագայում քաղաքի կերպափոխման իրենց տեսլականին, մշակութային արժեքների պահպանության և քաղաքային միջավայրի ձևավորման առանձնահատկությունների շուրջ համաքաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանը, որը միանշանակորեն կնպաստի քաղաքային զբոսաշրջության զարգացմանը և մշակութային գործընթացների շուրջ ընկալումների տարածմանը:

Բանախոսության մասնակիցները՝ հատկապես համայնքային կառույցների ներկայացուցիչները, մեծապես կարևորեցին նմանօրինակ միջոցառումների, բանախոսությունների կազմակերպումը, որը նպաստում է ոչ միայն քաղաքի մասին հավելյալ տեղեկույթի ձևավորմանն ու տարածմանը, այլև բուհ-համայնք կապի սերտացմանը: Բանախոսը հավելեց, որ նման փորձառությամբ բուհը կարող է որպես փորձագիտական հարթակ ծառայել համայնքի համար՝ աջակցելով համայնքային խնդիրների շուրջ հետազոտությունների, հարցումների և ուսումնասիրությունների իրականացմանը և հնարավոր լուծումների հիմնավոր առաջարկությունների փաթեթների ձևավորմանը: