2017թ. մարտի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց մ.գ.դ., պրոֆեսոր Հ. Հ. Պետրոսյանը:
Պրոֆեսորը ներկայացրեց դասի նպատակը և խնդիրները, մանկավարժական արդի տեխնոլոգիաների տեսական հիմունքները, տեխնոլոգիաների դասակարգումը, անդրադարձավ հումանիտար տեխնոլոգիաների առանձնահատկություններին:
Ապա Հ.Պետրոսյանն անդրադարձավ ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների բովանդակության, ընտրության և դրանց կիրառման հարցերին: Նրա խոսքով` ուսուցման տեխնոլոգիան մանկավարժական համակարգի բաղադրիչն է, և նրա կառուցվածքը կարելի է ներկայացնել երկու տարբերակով՝ ըստ այն կազմող տարրերի (մեթոդներ, ձևեր, եղանակներ, միջոցներ, հնարներ և ուսուցման, տեղեկատվության, ղեկավարման ձևեր) և ըստ գործառնությունների (նախագծում, իրականացում, վերլուծություն, արժևորում և գնահատում):
Փորձառու մանկավարժը շեշտեց, որ ուսուցման տեխնոլոգիա ասելով` պետք է հասկանալ կրթական գործընթացի մասնակիցների փոխազդեցության միջոցներն ու եղանակները: Մեթոդները, միջոցները, ձևերը, եղանակները, հնարները ուսուցման տեխնիկայի բաղադրիչներն են, որոնք ընտրվում և օգտագործվում են:
Դաս-քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվեցին և ուսուցման մեթոդները, դրանց բովանդակությունը, ընտրությունը և իրականացումը, դրանց տեղն ու դերը ընդհանրապես կրթական տեխնոլոգիայում:
«Ուսուցման մեթոդը, – սահմանեց պարոն Պետրոսյանը, – դասավանդողի և ուսումնառողի կարգավորված փոխկապակցված գործունեության եղանակ է, գործունեության ճանապարհ՝ ուղղված ուսուցման գործընթացում դրված նպատակների իրականացմանը, խնդիրների լուծմանը»: