Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Վլադիմիր Պողոսյանի հետ

9. Վլադիմիր Պողոսյան 2019թ. ապրիլի 22-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2012թ. շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Արմենի Պողոսյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1991 թվականին Իջևանում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

– Ապրում եմ սովորական հայկական ընտանիքում: Այնպես է ստացվել, որ հումանիտար ուղղվածություն ընտանիքում միայն ես ունեմ: Հայրս մասնագիտությամբ տեխնիկ-շինարար է, մայրս՝  ճարտարագետ: Քույրերս ևս ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ են:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Այս պահին հիշողությամբ անցում կատարեմ մեկ այլ նմանատիպ առաջադրանքի, որ հանձնարարել էր ուսուցիչս 5-րդ դասարանում՝ շարադրություն «Ի՞նչ եմ ցանկանում դառնալ»: Այս հարցին 5-րդ դասարանում պատասխանել էի՝ քաղաքական գործիչ, թեև այդ տարիքում քաղաքականության և երազանքի համամասնության մասին երևի թույլ պատկերացում ունեի: Իսկ պատմության առաջին դասից հետո ինձ համար պարզ էր, որ ինչ էլ դառնամ, ուր էլ գնամ, այս առարկան ինձ ուղեկցելու է, և սկսեցի ֆանատիկորեն հետաքրքրվել պատմությամբ և մեծ, ստվարածավալ տետրերում (որոնք մինչև հիմա պահել եմ) գրում էի այն, ինչ դասագրքում չկար:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– Միջնակարգ կրթությունս ստացել եմ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2008-2012 թվականներին սովորել եմ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ «Պատմություն» մասնագիտությամբ: Նեղ մասնագիտական կրթությունը շարունակել եմ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնում: Այժմ Համաշխարհային պատմության ամբիոնի հայցորդ եմ և աշխատում եմ «Սառը պատերազմը և գլոբալ հակամարտությունները՝ աֆղանական պատերազմի օրինակով» գիտական թեմայի շրջանակներում:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Որպես մարդ և քաղաքացի դաստիարակելու համար շնորհակալ եմ ծնողներիս ու շրջապատիս, որպես պատմագետ՝ միանշանակ ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմին՝ դասախոսից մինչև գրադարանավար, ովքեր հսկայական դեր ունեն ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ուսանողի մասնագիտական կարողությունների զարգացման գործում: Ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, գաղափարակիրներ և մարդիկ, առանց որոնց իմ առօրյան մի քիչ այլ կերպ կընթանար:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 2016 թվականին ԵՊՀ ԻՄ-ում՝ նախ որպես դասախոս, ապա նաև գրադարանի վարիչ: Դասավանդում եմ «Ռուսաստանի պատմություն»՝ մեծ երկրի մեծ պատմությունը:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Աշխատելով և հիմնական ժամանակս անցկացնելով գրադարանում՝ ես, անկեղծ ասած, շատ չեմ կարդում և մեկ-մեկ երազում եմ բանակային առօրյաս, երբ ազատ ժամանակս հիմնականում ընթերցանությամբ էի անցկացնում: Սիրելի գրքերը շատ են, բայց կշեշտեմ երկուսը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպերը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Վերջին կարդացած գիրքը ամերիկաբնակ գրող Վարդգես Դավթյանի «Կնքամայր» գիրքն էր, որտեղ մեկտեղված էր և՛ մշակույթների, և՛ ավանդականի, և՛ համամարդկայինի անտեսանելի բախումը:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Անսահմանորեն սիրում եմ դասական երաժշտություն՝ հատկապես Շոպենի «Դրախտի մեղեդին», Լեգրանի ստեծագործությունները: Բանակային շրջանում ինձ համար մեկ այլ նշանակություն ստացան խմբերգերը, քայլերգերը, որոնք մեծապես բարձրացնում եմ զորքի մարտական տրամադրությունը: Ազատ ժամանակ լսում եմ նաև փոփ և ջազ երաժշտություն:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Մի քիչ դժվարանում եմ պատասխանել, երևի հիշատակեմ Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը», Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմերը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Սպորտով, ցավոք, չեմ զբաղվում, բայց հաճույքով հետևում եմ աշխարհի առաջնություններին ու Օլիմպիական խաղերին:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Սիրում եմ իմ ծննդավայր Իջևանը, սրբազան է Հայաստանի յուրաքանչյուր անկյուն, հիացած եմ Արցախի գեղատեսիլ բնությամբ ու արցախցու աննկուն խիզախութամբ ու կամքով: Արտերկրում կցանկանամ լինել միայն որպես զբոսաշրջիկ և ցանկություն ունեմ շրջագայել Եվրոպայում:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Խոնարհվում եմ սկզբունքային անհատների առջև, գնահատում եմ արդարամտությունը, ազնվությունը և պարզությունը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– «Այն, ինչ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ» և այնպես ապրել, որ հետդարձին խանգարող հանգամանքներ չթողնես:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Երբեքը հարաբերական հասկացություն է, այսօրվա երբեքը վաղը հնարավոր է:

Ինչի՞ց եք վախենում:

– Նախ ինձնից, հետո մնացյալից:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Ափսոսում եմ չարածի և վատնած ժամանակի համար, որը ճիշտ չեմ գնահատել ու օգտագործել:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Երևի հաստատակամությունս, իրավիճակը միշտ ոչ միանշանակ գնահատելը:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Ընտանիքս և ընկերներս են իմ ամենամեծ ձեռքբերումը: Կարծում եմ՝ դեռ կյանքը հնարավորություն կտա ունենալու բազմաթիվ ձեռքբերումներ:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Ձգտումը և նվիրվածությունը քո մասնագիտությանն ու գործին, անհնար ոչինչ չկա, հազարամղոն ճանապարհորդություններն սկսվում են մեկ հատիկ քայլից:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– «Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել: Փորձի՛ր նաև դու». չապլինյան այս ուղերձը յուրաքանչյուր քայլիս ուղեկցում է ինձ: Լինել մարդ և հումանիտար այդ առաքելությամբ փոխել շրջապատը ամեն մեկիս պարտքն է: Հասարակության երջանկությունը կախված է յուրաքանչյուր երջանիկ քաղաքացուց:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Ուսանողներին խորհուրդ կտամ, որ նախ սիրեն իրենց հայրենիքը, իրենց շրջապատը, ինչու չէ նաև իրենց համալսարանը: «Վարվի՛ր այնպես, որ կարողանաս ասել ամեն մեկին՝ վարվի՛ր ինձ պես: Եղի՛ր նպատակասլաց, քանզի նյութապաշտը դառնում է մարդ-մեքենա, կոկորդ  և ստամոքս միայն: Իսկ նմանը և՛ ապրում է, և՛ չի ապրում: Եղի՛ր ընդունակ ինքնանորոգումի ճամփով սատար հանդիսանալու բարոյական վերանորոգումին՝ խորապես գիտակցելով, թե միակ մարդը, որին կարող ես բարձրացնել, դա ինքդ ես: Սկսի՛ր քեզնից…». նժդեհյան այս պատգամը թո՛ղ ուղեկից լինի յուրաքանչյուրիս:

Շատ շնորհակալ ենք հետաքրքիր հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: