Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Հրանտ Թամրազյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումը

2016թ. դեկտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մեծանուն  գրականագետ Հրանտ Թամրազյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Միջոցառմանը ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր անվանի դասախոսի ծննդավայրից` Աչաջուր գյուղից, մարզային վարչական կառույցներից:

Կայացավ Հրանտ Թամրազյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումը

Բացման խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը: Ողջունելով ներկաններին` նա նախ հիշեց, թե քսան տարի առաջ` գրեթե այս նույն օրերին, տոնվում էր Հր. Թամրազյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը Երևանում` պետական համալսարանի բանասիրականի շենքում, որին ներկա էր ինքը` սիրելի ուսուցիչը: Իսկ այժմ` քսան տարի անց, տոնվում է Հրանտ Թամրազյանի 90-ամյա հոբելյանը, ցավոք, արդեն առանց իրեն, սակայն տոնվում է հենց իր բնաշխարհում, նաև իր գյուղական պատանեկությունից ու երիտասարդությունից եկած հարազատ մարդկանց միջավայրում:

Կայացավ Հրանտ Թամրազյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումը

Ընդգծվեց, որ Հրանտ Թամրազյանի անունը գրեթե յուրաքանչյուր հայի ծանոթ է արդեն դպրոցական տարիքից: Անցյալ դարի կեսերից սկսած` Թամրազյանը եղել է հայ գրական ու գիտական կյանքի կենտրոնում` գրական սերնդակից ու ընկերներ ունենալով այնպիսի մեծերի, որպիսիք են Սևակը, Դավթյանը, Խանզադյանը, Գևորգյանը, Աղաբաբյանը և ուրիշներ: Նա անաչառ քննադատ էր, գրականության հմուտ պատմաբան, քննադատական մտքի պատմության ներհուն ուսումնասիրող: Վ.Ավագյանը հակիրճ ներկայացրեց Հրանտ Թամրազյանի գիտական պատկառելի վաստակը` շուրջ քառասուն մենագրություն, ուսումնական ձեռնարկ ու դասագիրք, մոտ երկու հարյուր հիսուն հոդված ու ուսումնասիրություն: Նշվեց, որ Հրանտ Թամրազյանը ստեղծել է իր գրականագիտական դպրոցը, դարձել սերունդների ուսուցիչ: Հետաքրքիր և ուշագրավ էին Ավագյանի պատմությունները Հրանտ Թամրազյանի մասին, որոնց ականատես կամ անմիջական մասնակից էր եղել ինքը: Այդ հիշողություններում Թամրազյանը երևաց և´ որպես մեծ գիտնական ու ուսուցիչ, և´ որպես սովորական մարդ ու քաղաքացի` իր կենցաղով, հետաքրքիր հումորով, երբեմն բռնկուն բնավորությամբ, ավելի հաճախ նուրբ ու շոյող վերաբերմունքով:

Ավագյանը «Գրիգոր Նարեկացին Հրանտ Թամրազյանի գնահատմամբ» գիտական զեկուցման  մեջ ցույց տվեց, թե ինչպես է Թամրազյանը Նարեկացու ստեղծագործության, մասնավորապես  «Մատյան ողբերգության» երկի բնագրային հմուտ քննությամբ բացահայտել է նրա քնարերգության ստեղծման բազմաթիվ օրինաչափություններ, մեկնաբանել Մատյանին առնչվող ստեղծագործական բազմաբնույթ երևույթների միջև գոյություն ունեցող փոխադարձ պայմանավորվածությունը: Ակնառու փաստարկումներով հիմնավորեց, որ նարեկացիագիտության մեջ Թամրազյանն առաջինն է առաջադրել Մատյանում կերպավորման արվեստի հարցը և դրա հետ առնչվող առանձնահատկությունները:

«Եղիշե Չարենցը Հրանտ Թամրազյանի գնահատմամբ» թեմայով զեկուցում ներկայացրեց ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Մուշեղ Սարուխանյանը: Նա, արժևորելով Թամրազյանի գրականագիտական վաստակն ընդհանրապես, ընդգծուն անդրադարձ կատարեց Չարենցի ստեղծագործության վերլուծություններին՝ մասնավորեցնելով «Խմբապետ Շավարշը» պոեմի մասին մեծ գրականագետի ուշարժան դիտարկումները, նորովի ու ինքնատիպ մեկնաբանությունները: Սարուխանյանը Չարենցի ստեղծագործությունների բազմաբնույթ ու հաճախ էլ վիճահարույց ուսումնասիրությունների համատեքստում կարևորեց թամրազյանական ինքնատիպ դիտարկումները՝ արժևորելով, որ դրանք մնում են որպես մեծ բանաստեղծին բացահայտող կայուն ժառանգություն:

Կայացավ Հրանտ Թամրազյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումը

Թամրազյանի վերջին՝ «Հուշերիս հետ» գրքին ծանոթացրեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ,  բ. գ. թ. Ալիսա Հասանյանը: Ներկայացնելով, որ գիրքը օրագրային մտերմիկ խոստովանություն է, անցածի ու ծրագրերի համահավաք ընդհանրացում, որի բոլոր էջերը միավորում է հեղինակի ես-ը, նա արժևորեց հուշագրությունը՝ հավաստելով, որ այդ անավարտ ստեղծագործության մեջ մեծ գրականագետը մանկութ օրերի հիշողությունները ողողել է լուսառատ թրթիռներով, հայրենի բնաշխարհը ներկայացրել գունանկարչի նրբատեսությամբ, նովելագրի վարպետությամբ ու ինքնատիպ ոճավորմամբ մատուցել անցյալի վերհուշ-պատառիկները՝ գրքի տարբեր հատվածերում ներկայացնելով իր գրական սերնդակիցների հարազատ միջավայրը: Գրքի արժևորման ընթացքում Հասանյանը նաև հուշեր պատմեց սիրելի դասախոսի մասին:

Կայացավ Հրանտ Թամրազյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումը

Սրտաբուխ խոսքով հանդես եկավ նաև մեծ գրականագետի ազգական, մասնաճյուղի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, ՄԿՈԱ բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը: Անկեղծ հուշապատումը անմիջականություն հաղորդեց միջոցառմանը՝ ընդգծուն դարձնելով Թամրազյան մարդու, աչաջրեցու, հայրենի եզերքի նվիրյալի կերպարը:

Կայացավ Հրանտ Թամրազյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումը

Ուսանողները ևս ներկայացրին իրենց հարազատ-բարեկամներից լսած գեղեցիկ պատմություններ մեծ գրականագետի մասին:

Կայացավ Հրանտ Թամրազյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումը

Զեկուցումներն ընդմիջեցին ուսանողների կատարումները (Թամրազյանին նվիրված բանաստեղծություններից, նրա սիրած երգերից):

Կայացավ Հրանտ Թամրազյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումը

Վերջում ներկաներն իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն արտահայտեցին բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման, հայրենի եզերքում մեծ գրականագետին հարգանքի տուրք մատուցելու համար: