Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության նիստ

1․ գլխավոր

2024 թ. մայիսի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ա. Մակարյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին դասապրոցեսին ուսանողների մասնակցությանը, Տավուշի մարզում «ԵՊՀ օլիմպիադա 2024»-ի անցկացմանը, վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքներին, դասախոսների և ուսանողների կրթական և այլ կարիքների վերհանմանը, մատուցվող ծառայություններից նրանց բավարարվածության գնահատմանը, 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի 2-րդ ընթացիկ քննությունների, ստուգումների, ստուգարքների և քննաշրջանի կազմակերպմանը, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացին, մասնաճյուղ ճանաչողական այցերի կազմակերպմանը, ԵՊՀ ԻՄ-ից ուսանողների հեռացմանը վերաբերող հարցեր:

Առաջին հարցի՝ դասապրոցեսին ուսանողների մասնակցության վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի փոխտնօրեն Մ. Օթարյանը: Ներկայացվեց 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի դասապրոցեսին ուսանողների մասնակցության պատկերը՝ ըստ կուրսերի: Առանձնակի ուշադրություն դարձվեց այն կուրսերին, որոնցում կային բացակայությունների թույլատրելի սահմանը հատած (կամ դրա շեմին հայտնված), նկատողություն ստացած ուսանողներ, որոնց մեջ գերակշռող էին առաջին կուրսեցիները:

Դասապրոցեսին ուսանողների մասնակցության վիճակն առավել վերահսկելի դարձնելու և թույլատրելի սահմանի խախտումները կրճատելու նպատակով առաջարկվեց և տնօրենի կողմից դեկաններին հանձնարարվեց ուսանողների բացակայությունների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել ոչ թե ամսվա, այլ շաբաթվա կտրվածքով:

ԵՊՀ-ի հետ համատեղ Տավուշի մարզի դպրոցների ա­վար­տական դասարանների աշակերտների համար հանրակրթական տար­բեր առարկաների գծով ամե­նամյա օլիմպիա­դաներն անցկացնելու հարցի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ում այդ գործընթացի պատասխանատու Վ. Աղաբաբյանը: Նշվեց, որ 2024 թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրել է ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը: Օլիմպիադան նախատեսված էր անցկացնել հանրակրթական («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա») և լրացուցիչ կրթական առարկաներից («Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետություն և իրավունքի հիմունքներ», «Էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ», «Տնտեսագիտություն»): «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան նախատեսված էր իրականացնել մեկ փուլով:

Այս տարի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 30 դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի 153 աշակերտ: Նրանցից I փուլը  հաղթահարել է 10 դպրոցի 29 աշակերտ:

Օլիմպիադայի II փուլը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Երևանի պետական համալսարանում: Տավուշի մարզի մասնակիցները հաջող են հանդես եկել, և 2 աշակերտ ստացել է I կարգի դիպլոմ, 5 աշակերտ՝ գովասանագիր:

Զեկուցողը ներկայացրեց հաղթողներին՝ ըստ առարկաների․

  • «Աշխարհագրություն».
  • Թևոսյան Մաքսիմ – I կարգ – Դիլիջանի ավագ դպրոց,
  • Աղաջանյան Վահագ – գովասանագիր – Դիլիջանի ավագ դպրոց,
  • Մուսայելյան Իգոր – գովասանագիր – Աղավնավանքի միջնակարգ դպրոց:
  • «Հայոց լեզու և գրականություն».
  • Առաքելյան Թամարա – I կարգ – Իջևանի ավագ դպրոց,
  • Կալեյան Նելլի – գովասանագիր – Դիլիջանի ավագ դպրոց:
  • «Գերմաներեն».
  • Սիմոնյան Մերի – գովասանագիր – Այրումի միջնակարգ դպրոց:
  • «Ֆրանսերեն».
  • Դավթյան Ջուլիետա – գովասանագիր – Իջևանի ավագ դպրոց:

Իբրև ամփոփում՝ նշվեց, որ ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը ևս մասնաճյուղը կազմակերպել է բարձր մակարդակով, որի կապակցությամբ բուհի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց օլիմպիադայի բոլոր կազմակերպիչներին և պատասխանատուներին, առանձնապես՝ Վ. Աղաբաբյանին:

Վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքների հարցի վերաբերյալ զեկուցեց փոխտնօրեն Մ. Օթարյանը: Մասնավորապես նշվեց, որ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար ԵՊՀ ԻՄ մանդատային հանձնաժողովին դիմում է ներկայացրել 45 ուսանող (առկա ուսուցման համակարգի 26 և հեռակա ուսուցման համակարգի 19 ուսանող):

Ուսանողների վարձավճարների զեղչում է իրականացվել ոչ միայն ԵՊՀ ԻՄ մանդատային հանձնաժողովին, այլև անմիջապես տնօրենին ուղղված դիմումների հիման վրա (տնօրենին դիմում են ներկայացրել առկա ուսուցման համակարգի 32 և հեռակա ուսուցման համակարգի 33 ուսանողներ):

Ընդհանուր առմամբ այս կիսամյակում առկա ուսուցման համակարգում իրականացվել է ԵՊՀ ԻՄ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում՝ 6 միլիոն 410 հազար ՀՀ դրամի չափով, հեռակա ուսուցման համակարգում՝ 2 միլիոն 392 հազար ՀՀ դրամի չափով:

Դասախոսների և ուսանողների կրթական և այլ կարիքների վերհանման, մատուցվող ծառայություններից նրանց բավարարվածության գնահատման հարցի մասին զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի վարիչ Մ. Ճաղարյանը: Ներկայացվեց, որ ՄԿՈԱ բաժնի կողմից 2022-23 ուստարում տարբեր մեխանիզմներով վերհանվել են դասախոսների և ուսանողների մի շարք խնդիրներ և կարիքներ:

Բաժնում այդ խնդիրները տրոհվել են ըստ ուղղությունների (ստացվել է խնդիրների 34 խումբ), ապա առանձնացվել են ըստ պատասխանատվության և ընթացիկ ուստարում ուղարկվել են բոլոր ստորաբաժանումներին, որով ստորաբաժանումները կազմել են ներառված խնդիրների լուծման իրենց ծրագրերը՝ նշելով խնդիրների լուծման իրենց քայլերը, ակնկալիքները և ժամկետները:

Այդ խնդիրների պատճառների հստակեցման, դրանց հնարավոր լուծման համար պատասխանատու ստորաբաժանումները կազմակերպել են հանդիպում-քննարկումներ ուսանողների և դասախոսների հետ:

Նիստում զեկուցողն անդրադարձավ վերհանված հիմնական խնդիրներին և դրանց լուծման համար իրականացված գործընթացներին՝ ըստ կատարված ուսումնասիրության աղբյուրների․

  1. ուսանողների նշած խնդիրներ՝ կապված հետազոտական աշխատանքների իրականցման և գնահատման հետ, դասավանդման որակի և արդյունավետության հետ,
  2. շրջանավարտների նշած խնդիրներ,
  3. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների նշած խնդիրներ,
  4. պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների բարձրաձայնած խնդիրներ,
  5. Դասախոսական կազմի բարձրաձայնած խնդիրներ:

2023-2024 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի 2-րդ ընթացիկ քննությունների, ստուգումների, ստուգարքների և 2-րդ կիսամյակի բակալավրի ու մագիստրատուրայի քննաշրջանի կազմակերպման հարցի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ առկա ուսուցման 2-րդ կիսամյակի 2-րդ ընթացիկ քննությունները, ստուգումները և ստուգարքները տեղի կունենան ս.թ. մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, հեռակա ուսուցմանը՝ մայիսի 25-ից հունիսի 1-ը: 2023-24 ուստարվա առկա ուսուցման քննաշրջանը կիրականացվի ս.թ. հունիսի 11-29-ը, հեռակա ուսուցման (բակալավրի և մագիստրատուրայի) քննաշրջանը՝ հունիսի 4-29-ը: Կատարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ քննաշրջանը պատշաճ կերպով իրականացնելու համար:

Մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի ամփոփման հարցի վերաբերյալ զեկուցեց ՈՒՄՎ ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն. Առուշանյանը: Մասնավորապես նշվեց, որ մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերը վերահանձնելու համար դիմել էր 11 ուսանող: Դիմումների ընդունելության գործընթացը տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 4-10-ը, քննությունների հանձնումը՝ ապրիլի 25-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում: 11 ուսանողից 1-ը Բնական գիտությունների ֆակուլտետից էր (հեռակա ուսուցում), 10-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետից (առկա ուսուցման 4 և հեռակա ուսուցման 6 ուսանող, այդ թվում՝ 1-ը՝ մագիստրատուրայից): Դիմած 11 ուսանողներն էլ քննությունները դրական են հանձնել:

Ավագ դպրոցներում և քոլեջներում սովորողների համար ամենամյա «Բաց դռների օրեր» և ճանաչողական այցեր մասնաճյուղ կազմակերպելու հարցի վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի վարիչ Լ. Բեգինյանը:

Զեկուցողը նշեց, որ ըստ ԵՊՀ ԻՄ 2022-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2024 թվականին նախատեսված էր կազմակերպել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 5 ճանաչողական այց, որոնցից 4-ը (Աչաջրի (2 այց), Հովքի և Խաշթառակի միջնակարգ դպրոցների սաների այցերը) արդեն իրականացվել է, իսկ 1-ը՝ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի այս տարվա շրջանավարտների այցը, կիրականացվի հաջորդ շաբաթ:

Աշակետրները շրջայց են կատարել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ծանոթացել են համալսարանական առօրյային, ֆակուլտետներին, իրականացվող կրթական ծրագրերին, բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններին, ստացել են տեղեկատվություն մասնաճյուղում գործող ուսումնագիտական կենտրոնների (Տավուշի մարզի Գիտելիքի նորարարական հաբ, «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն» և այլն), ուսանողական կառույցների մասին:

Ելնելով իրենց հետաքրքրություններից՝ Խաշթառակի միջնակարգ դպրոցի աշակերտները համալսարանում նաև մասնակցել են դասերի՝ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրերում ընդգրկված դասընթացների շրջանակներում:

Տնօրենը նշեց մասնաճյուղի կողմից դպրոցների հետ մշտապես սերտ կապ պահելու անհրաժեշտության մասին՝ տարբեր միջոցառումների և նախաձեռնությունների («Բաց դռների օրեր», ճանաչողական այցեր, ակնարկային դասախոսություններ, ինտելեկտուալ խաղեր և այլն) միջոցով: Գործընթացի արդյունավետության առումով պարոն Մակարյանը կարևորեց գործողությունների հստակ ու մանրակրկիտ պլանավորումը և դրանց հետևողական իրականացումը:

Ընթացիկ՝ մասնաճյուղից ուսանողների հեռացման հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները խախտելու, մասնավորապես՝ բացակայությունների թույլատրելի սահմանը հատելու պատճառով ֆակուլտետների կողմից 5 ուսանող ներկայացվել է հեռացման: 5 ուսանողից 3-ը առկա ուսուցման (Կիրառական արվեստի, Տնտեսագիտության ֆակուլտետ), 2-ը հեռակա ուսուցման (Տնտեսագիտության ֆակուլտետ) ուսանողներ են:

Մագիստրատուրայի 1 ուսանող էլ ենթակա էր հեռացման՝ ընթացակարգով սահմանված ժամկետներում դասընթացը կրկնելու համար չդիմելու պատճառով:

Նշված 6 ուսանողները հեռացվեցին մասնաճյուղից: