Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աչաջրի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը մասնաճյուղ

 

1․ գլխավոր2024 թ. մայիսի 23-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին Աչաջրի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ մասնագիտական կողմնորոշման աշխատակից Շ․ Գասպարյանի ուղեկցությամբ:

Այցելության նպատակն էր դպրոցի սաներին ծանոթացնել համալսարանական միջավայրին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, կրթական ծրագրերին, բուհում գործող կենտրոններին:

ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանի ուղեկցությամբ աշակերտները շրջայց կատարեցին մասնա­ճյուղում, ծանոթացան համալսարանի պատմությանը, ֆակուլտետների գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին և հնարավորություններին, ունեցան հանդիպում-քննարկումներ:

Տնտեսագիտության ֆակուլտետում աշակերտները հանդիպումներ ունեցան ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա․ Մարգարյանի, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., պրոֆեսոր Գ. Հովհաննիսյանի և դասախոս Ս․ Սաֆարյանի հետ: Համալսարանի աշխատակիցները աշակերտներին ներկայացրին «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերում սովորելու համար սահմանված քննությունները, պահանջվող գիտելիքները, ինչպես նաև ոլորտում առկա հեռանկար­ները և աշխատաշուկայի պահանջները:

Բնական գիտությունների ֆակուլտետում աշակերտները Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Գ․ Գուլակյանի հետ քննարկեցին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի հնարավորությունները, ծանոթացան ուսանողների կողմից իրականացված և ընթացիկ աշխատանքներին, տեղեկություններ ստացան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից նախագծերի, զարգացման հեռանկարների և աշխատաշուկայի պահանջարկի մասին:

Կիրառական արվեստի ֆակուլտետում դեկանի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Վ․ Աղաբաբյանը աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունը, ծանոթացրեց քանդակի, խեցեգործության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության և այլ ոլորտներում ու ժանրերում ուսանողների կատարած աշխատանքներին, դրանց թեմատիկային և կատարողական վարպետությանը:

Մասնաճյուղում դպրոցի սաները տեղեկատվություն ստացան նաև «Ամերիկյան գրա­դա­րան և դասընթացների կենտրոն»-ի գործունեության, ընթացիկ աշխատանքների, հասարակությանն առաջարկվող ծրագրերի և հնարավորությունների վերաբերյալ:

Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին բուհի ներկայացուցիչներին, նրանցից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Նման ճանաչողական այցերը մասնաճյուղ կրում են պարբերական բնույթ, իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում՝ դպրոցականներին հնարավորություն տալով տեղում և մոտիկից ծանոթանալու համալսարանական միջավայրին, ուսանողական առօրյային: