2014թ. ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում:
Այն կազմակերպվել էր «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:
Հավաք-քննարկմանը մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՀ ՊՆ սպաներ:
Զեկուցումների համար նախատեսված թեմաներն էին.
- Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն.
- Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում.
- Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց.
- Թուրքիայի դերակատարությունը հայ -ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում:
Բացման խոսքով հանդես եկավ «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Կարապետյանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Սամվել Առաքելյանը ներկայացրեց «Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն» թեմայով զեկուցումը:
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Ավագ Հարությունյանը ներկայացրեց «Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում» զեկուցումը:
ԵՊՀ-ից հոգ. գիտ. դոցենտ Վլադիմիր Միքայելյանը կարդաց «Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց» թեմայով զեկուցումը:
Քաղաքական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներկայացրեց «Թուրքիայի դերակատարությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում» զեկուցումը:
Վերջում ծավալված ակտիվ քննարկումն անցկացվեց հարց ու պատասխանի ձևով:
Հարցեր ուղղվեցին և՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և՛ ուսանողների կողմից: