2015թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Արմին Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ներկա էին մասնաճյուղի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը:
Սա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսանողական միջոցառումների շարքից առաջինն էր:
Վերջին տարիներին Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական ֆիլմեր («Արտույտների ագարակը», «Մայրիկ», «Վանա ծովուն արշալույսը» և այլն) շատ են ցուցադրվել, և այս անգամ մասնաճյուղի ուսանողական կառույցները նախընտրել էին ցուցադրել ոչ թե գեղարվեստական, այլ վավերագրական ֆիլմ:
«Արմին Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը պատմում էր գերմանական բանակի բուժաշխատող Արմին Թեոֆիլ Վեգների մասին, ով ականատես է եղել Հայոց ցեղասպանությանը և գաղտնի լուսանկարել իրադարձությունները:
Վեգների լուսանկարները դարձել են Հայոց ցեղասպանության անհերքելի փաստեր:
Ֆիլմի ցուցադրությունից հետո ուսանողների միջև տեղի ունեցավ քննարկում` Հայոց եղեռնի թեմայով: