2016-17 ուստարվա I կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի համակարգչային սրահում բացվել է «Դիզայն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Աշխատանքները կատարվել են «Համակարգչային գրաֆիկա» դասընթացի շրջանակներում, Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանի ղեկավարությամբ:
Հարցազրույցի ընթացքում Մ.Հարությունյանը նշեց, որ «Կոմպոզիցիա» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների ծրագրերին զուգահեռ՝ ուսանողներին տրվել էր «ՀՀ անկախության 25-ամյակը» թեմայով գրաֆիկական աշխատանքների՝ պոստերների հանձնարարություն: “Corel Draw” և “Adobe Photoshop” ծրագրերը խորապես ուսումնասիրելուց հետո ուսանողները կարողացան ցուցադրել իրենց կոմպոզիցիոն կառուցման և համակարգչային գրաֆիկական նախագծման գիտելիքները տվյալ առաջադրանքը կատարելիս:
«Ընդ որում՝ աշխատանքներն իրականացնելիս ուսանողներին ուղղորդել եմ միայն տեխնիկական հարցերով, իսկ ստեղծագործական մտքի ու օգտագործված դետալների ընտրության առումով, – շեշտեց պարոն Հարությունյանը,- ուսանողները եղել են լիովին ազատ, այսինքն՝ աշխատելիս յուրաքանչյուր ուսանող փորձել է զուգահեռներ տանել ՀՀ անկախության 25 տարիների դրական և բացասական երևույթների միջև, քանզի նրանցից յուրաքանչյուրը անկախության սերնդի լիարժեք ներկայացուցիչ է»:
Ցանկացողները կարող են այցելել ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի համակարգչային սրահ՝ դիտելու ուսանողների՝ շուրջ 2 տասնյակ գրաֆիկական աշխատանքները, առաջիկայում ևս սպասվում են նման ցուցադրություններ: