2017թ. մարտի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ միջոցառում, որին, որպես հատուկ հյուր, հրավիրված էր Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, մասնակցում էին ֆակուլտետի դասախոսները և ուսանողները:
Միջոցառման ընթացքում ուսանողները, տիկին Խուդավերդյանին ուղղելով իրենց հետաքրքող հարցերը, ստացան անկեղծ ու անմիջական պատասխաններ:
Հարցերի մոտավոր շրջանակն այսպիսին էր.
- «Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը»,
- «Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել հաջողակ, հասնել հաջողությունների»,
- Ինչպե՞ս է հաջողվում զուգակցել ընտանիքը և սիրելի աշխատանքը»,
- «Ի՞նչպես եք ընդունում Ձեր հասցեին ուղղված քննադատությունները»,
- «Ի՞նչ դեր պետք է ունենա փողը մարդու կյանքում»,
- «Ի՞նչ եք սիրում անել ազատ ժամանակ»,
- «Ո՞րն է Ձեր ամենամեծ խորհուրդը, որը կարող եք այժմ մեզ տալ»:
Պատասխանելով, օրինակ, «Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը» հարցին՝ Ն.Խուդավերդյանը նշեց, որ իր երկու զավակները:
«Ի՞նչ եք սիրում անել ազատ ժամանակ» հարցին պատասխանեց, որ սիրում է լրացնել սուդոկու, նվագել և նկարել:
«Ի՞նչ երգ է սիրում լսել, ի՞նչ գիրք կարդալ և ի՞նչ ֆիլմ դիտել» հարցերին նա պատասխանեց, որ նախընտրում է դասական երաժշտություն, քանի որ այն ավելի խորն է և հոգեհույզ, թեև կան բազմաթիվ գեղեցիկ երգեր, սակայն սիրելի երգ դժվարանում է առանձնացնել: Ընդգծելով, որ առհասարակ չկա վատ գիրք կամ ֆիլմ (ցանկացածից կարելի է դաս քաղել)՝ Ն.Խուդավերդյանը խորհուրդ տվեց ընթերցել առնվազն Աստվածաշունչը:
Ուսանողների այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար ինքն իրեն 6, 16 և 20 տարեկանում, նա ափսոսանք հայտնեց, որ մանուկ հասակում չի զարգացրել նկարելու իր ձիրքը, իսկ ներկաներին խորհուրդ տվեց կյանքին վերաբերվել թեթև, բայց չլինել մակերեսային:
Միջոցառման վերջում տիկին Խուդավերդյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ նման նախաձեռնության, ստեղծված մտերմիկ-անմիջական մթնոլորտի համար, իսկ ներկաները հույս հայտնեցին, որ նախաձեռնությունը կլինի շարունակական: