«Լույսի» կրթաթոշակի ծրագիրը հիմնադրամի երկու հիմնական ծրագրերից է: Այն ապահովում է Հայաստանի զարգացումը և մասնակցությունը գիտելիքահենք համաշխարհային տնտեսությանը, աշխարհի առաջատար երկրներին համաքայլ ընթացքը:
«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու:
«ԼՈՒՅՍԻ» ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ, ԵՐԲ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԱՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ «ԼՈՒՅՍԻ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
«Լույսի» դրամաշնո՞րհ, թե՞ փոխառություն. ուսանողն ինքն է որոշում:
«Լույսի» յուրաքանչյուր կրթաթոշակառու, ով համապատասխանում է «Լույսի» չափորոշիչներին, hիմնադրամի կողմից իրեն հատկացվող գումարը վերածում է
- դրամաշնորհի, եթե ծառայում է «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին (ԶՀՄ ծրագիր) և/կամ մասնակցում «Ստարտ Արմենիա» պրակտիկայի ծրագրին,
- փոխառության, որը պետք է փոխհատուցվի ուսանողի ակադեմիական ծրագրի ավարտին, եթե ուսանողն ընտրում է ԶՀԾ-ին կամ «Ստարտ Արմենիա» պրակտիկայի ծրագրին չմասնակցելու տարբերակը:
Ընտրության չափորոշիչներն անփոփոխ են։
«Լույսի» հատկացրած գումարը դրամաշնորհ է, եթե
- ուսանողն ուսումնառության յուրաքանչյուր տարվա ընթացքում՝ ամռան ամիսներին, մասնակցում է «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին: Կրթաթոշակի վերջին տարում կամ մեկամյա ուսումնական ծրագրին հաջորդող ամռանն ուսանողը երկամսյա պրակտիկա է անցնում հայաստանյան ընկերություններից մեկում:
Այդ աշխատանքը գնահատվում է 1-10 միավորանոց սանդղակով: 7 միավորից ցածր գնահատական վաստակած ուսանողի գումարը վերածվում է փոխառության, որը ենթակա է փոխհատուցման:
«Լույսի» ներկայացուցիչ կամ «Լույսի» դեսպան լինելը լրացուցիչ միավորներ է բերում ուսանողին` գումարվելով համայնքներում նրա աշխատանքի որակին, նախապես պատրաստված ու առաջարկված զարգացման ծրագրի որակին, ինչպես նաև որպես մենթոր` ուսանողի ջանասիրությանը:
«Լույսի» հատկացրած գումարը փոխառություն է, եթե
- ուսանողը չի կատարում «Լույսի» պայմանագրով ստանձնած պարտականությունները. ուսումնական ծրագրի ընթացքում ուսանողը որոշում է հետաձգել և/կամ չկատարել իր պարտականությունները «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի մասով կամ կատարում է մասամբ:
Չափորոշիչներ
«Լույսի» կրթաթոշակին համապատասխանելու համար ուսանողը պետք է
- լինի ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենա հայկական արմատներ (խառնամուսնությունների զավակների համար),
- ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու,
- «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան:
Դիմորդները պետք է ներկայացնեն անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ, որ կապացուցի անմիջական հայկական արմատների գոյությունը: Հայաստանի քաղաքացի դիմորդները պետք է ներկայացնեն վավեր անձնագիր կամ ՀՀ նույնականացման քարտ: Ոչ քաղաքացիներին խնդրում ենք ներկայացնել ծննդյան վկայական, ծնողի անձնագիր (հայկական ծագում ունեցող մոր կամ հոր) կամ մկրտության վկայական (ապացույց, որ դիմորդը մկրտվել է հայկական եկեղեցում):
Ուսանողը չի կարող դիմել «Լույսի» կրթաթոշակին, եթե համալսարանից միայն պայմանական հրավեր է ստացել (Conditional Offer):
Ուսումնառությունը պետք է լինի առկա համակարգով կրթական ծրագրի ողջ ընթացքում: Չի թույլատրվում կրթաթոշակի ստանալը հետաձգել:
Ուսանողը կարող է դիմել «Լույսին», միայն եթե արդեն իսկ դիմել է իր ընտրած համալսարանի ֆինանսական աջակցության գրասենյակ: Համալսարանի ֆինանսական հայտը պետք է լինի թարմ և ներկայացվի տվյալ ուսումնական տարվա համար, որպեսզի ուսանողը ստանա «Լույսի» կրթաթոշակ: Ուսանողը չի կարող «Լույսին» ներկայացնել բուհի` նախորդ տարվա ֆինանսական հայտը:
Ուսանողը չի կարող երկու անգամ դիմել հիմնադրամին նույն ակադեմիական աստիճանի համար, օրինակ` երկրորդ անգամ մագիստրատուրայում սովորելու համար:
«Լույսից» կրթաթոշակ կարելի է ստանալ միայն մեկ ակադեմիական աստիճանի համար: Հաջորդ ակադեմիական փուլ անցնելու դեպքում (բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա) երկրորդ անգամ «Լույսի» աջակցությանը դիմելիս ուսանողը կհայտնվի սպասողների շարքում: Նրան կրթաթոշակ կշնորհվի, միայն եթե համալսարանին հատկացված 10 տեղերի շարքում ազատ հնարավորություն լինի:
«Լույսի» կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը:
Առաջին 10 ուսանողները, ովքեր դիմում են ամբողջական փաթեթով, որում ներառված է առաջիկա ուստարվա համար հաստատված բուհերից մեկի վերջնական հրավերը (unconditional offer), կհամապատասխանեն «Լույսի» կրթաթոշակի պայմաններին:
Պահանջվող փաստաթղթեր
Կցվող փաստաթղթերի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 20Mb-ը։
Վավեր անձնագրի պատճեն (ՀՀ քաղաքացիները` անձնագրի երկու էջերը)
Համալսարանի ընդունելության վերջնական նամակը
Համալսարանի կրթաթոշակին դիմելու Ձեր հայտը
Համալսարանին գրված նպատակների հիմնավորման նամակը (Statement of Purpose)
Լրացուցիչ փաստաթղթեր ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար
Ծնողի անձնագիր (հայկական ծագում ունեցող մոր կամ հոր)
Լրացուցիչ փաստաթղթեր (չի վերաբերում 1-ին կուրսի ուսանողներին)
Միջին որակական գնահատականը (GPA score)
Աղբյուրը՝ www.luys.am