2017թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` մասնաճյուղի անձնակազմի, ուսանողական կառույցների անդամների մասնակցությամբ:
Նիստի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ, մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
- Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն) մասին:
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
- ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:
- ԵՊՀ ԻՄ-ում Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի՝ 2016-2017 ուստարվա համալիր միջոցառումների կատարման արդյունքների մասին:
- Ընթացիկ հարցեր:
Հատկանշվեց, որ ՀՀ հյուսիսարևելյան սահմանամերձ գոտում կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կարևոր ձեռքբերումներն են աշխատաշուկայի պահանջներին համահունչ մասնագիտություններով ուսումնառության կազմակերպումը, կրթական վերջնարդյունքներով ձևակերպված և ներդրված 16 կրթական ծրագրերն ու դասավանդվող բոլոր դասընթացների համար փաթեթները, որակի ներքին ապահովման գործընթացը, կրեդիտային համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական «SuperVision» համակարգի լիարժեք կիրառումը:
Ներկայացվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի մատուցած որակյալ կրթության ու տարածաշրջանում ունեցած բարձր հեղինակության մասին են վկայում շրջանավարտների տված գնահատականները: Մասնաճյուղի առկա ուսուցմամբ 165 շրջանավարտների 92,4%-ը բավարարված է բուհում իր ստացած կրթությունից, 97,5%-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմից: Շրջանավարտների 92%-ը խորհուրդ է տալիս իր մերձավորներին և ընկերներին ընդունվել ԵՊՀ ԻՄ: Մասնաճյուղը հպարտանում է տարածաշրջանի աշխատաշուկայում մրցունակ իր շրջանավարտներով:
2016-2017 ուստարում միջազգային չափանիշներին համապատասխան երկլեզու (հայերեն և անգլերեն) հավելվածով դիպլոմներ է հանձնվել մասնաճյուղի 416 շրջանավարտի (165-ը՝ առկա և 251-ը՝ հեռակա ուսուցման):
Իր կատարած ուսումնասիրությունների շնորհիվ մասնաճյուղն անմիջապես արձագանքում է աշխատաշուկայի պահանջներին՝ վերաբացելով կամ փոխարինելով մասնագիտություններն ավելի ժամանակակից մասնագիտություններով: Արդարացված ներդրում է եղել առկա և հեռակա ուսուցմամբ «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով ուսումնառության կազմակերպումը: «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով 2016-2017 ուստարում ընդունելության կազմակերպումը, որն ունեցել է 44 առաջին կուրսեցի, ուղղակի արձագանքն էր տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջների: Արդարացված էր նաև «Դիզայն» կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպումը:
Հաշվետու ուստարում որակավորումների ազգային շրջանակին և միջազգային առարկայական հենանիշերին համապատասխան` մասնաճյուղում կազմվել և հաստատվել են «Սոցիալական աշխատանք», «Ֆինանսներ» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերը՝ 2017-2018 ուստարում դրանցով ուսումնառություն կազմակերպելու համար:
Նշվեց, որ 2016–2017 ուստարում մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 10 մասնագիտությունների գծով ընդունվել է 196 դիմորդ (նախորդ ուստարվա 161-ի փոխարեն), այդ թվում 38-ը՝ անվճար, 123-ը՝ վճարովի, իսկ հեռակա ուսուցմամբ 7 մասնագիտությունների գծով` 201 դիմորդ (նախորդ ուստարվա 217-ի փոխարեն): Նախորդ տարվա համեմատ նկատելի է դիմորդների թվի էական աճ առկա ուսուցման համակարգում: Մասնաճյուղի դիմորդների շուրջ 99%-ը (228 դիմորդից 225-ը) Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտներն են: Ընդունելության համակազմի պահպանման և ընդլայնման համար մասնաճյուղը շարունակաբար ակտիվացնում է համագործակցությունը մարզի միջնակարգ և ավագ դպրոցների հետ, ապահովում մասնաճյուղի ակտիվ գովազդարշավը: Կրթօջախն ունի պայմանագրեր մարզի 4 ավագ դպրոցների ու քոլեջների հետ և հստակ կազմված ժամանակացույցով կազմակերպել է հանդիպումներ մարզի 4 ավագ և 50 հիմնական դպրոցների, ինչպես նաև Իջևանի և Բերդի վարժարանների շուրջ 970 աշակերտների հետ:
Ընդգծվեց, որ մասնաճյուղի հարստությունն իր ուսանողներն են: 2016-2017 ուստարում մասնաճյուղն ունեցել է բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ սովորող 1685 ուսանող, նրանցից 1533-ը՝ վճարովի համակարգում:
Պետության կողմից ուսման վարձի (ուսանողական նպաստի ձևով) լրիվ փոխհատուցում է ստացել 115 ուսանող (այդ թվում՝ 4-ը արտամրցութային): Պետական և ներբուհական կրթաթոշակներ են հատկացվել մասնաճյուղի 140 ուսանողների, որոնցից անվանական կրթաթոշակ է ստացել 10 ուսանող: 2016-2017 ուստարում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից օգտվել է 470 ուսանող, այդ թվում՝ 183-ը՝ առկա ուսուցման համակարգում:
Հաշվետու ուստարում ուսումնական գործընթացի բարելավման և արդյունավետ կազմակերպման համար մասնաճյուղում կատարվել են լսարանների, արվեստանոցների, լաբորատորիաների և այլ ուսումնական տարածքների վերանորոգման (շուրջ 1781 ք.մ.) աշխատանքներ, 365 ք.մ. փայտե հատակ վերանորոգվել կամ փոխարինվել է, հիմնանորոգվել է 300 ք.մ. ցեմենտբետոնե ծածկույթ, կատարվել է ուսումնական տարածքների տեխնիկական վերազինում և այլն:
Ուսումնառության գործընթացը կազմակերպվել է հետևյալ ռեսուրսներով՝ տեսասարքով համալրված համակարգչային 5 սրահ և 5 լսարան, ինտերակտիվ ուսուցման (On-line) 1 լսարան, լեզուների ուսուցման 2 մասնագիտական լսարան, 1 մասնագիտական լաբորատորիա, 8 արվեստանոց:
Մասնաճյուղում ինքնազարգացող մանկավարժական միջավայր է ստեղծել բուհում ներդրված և արդյունավետ գործող մասնագիտական կրթության կառավարման յուրահատուկ մոդելը՝ բակալավրի կրթական ծրագրի ղեկավարի «ինստիտուտ»-ը: Ըստ մասնաճյուղի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույցի` կրթական ծրագրերի ղեկավարները Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի մասնագետների անմիջական աջակցությամբ վերանայել են գործող ծրագրերի կրթական վերջնարդյունքները ՈԱՇ-ի պահանջներին և միջազգային առարկայական հենանիշերին համապատասխան, դասախոսների և 4-րդ կուրսի ուսանողների հետ կազմակերպել են քննարկումներ: Համապատասխանեցվել են ծրագրի և նրա բաղկացուցիչ մասը կազմող դասընթացների կրթական վերջնարդյունքները, կազմակերպվել են դասավանդման, ուսումնառության և հետազոտության փոխկապակցման ժամանակակից փորձի և բակալավրի կրթական ծրագրերում դրանց կիրառման հնարավորության ուսումնասիրություններ և քննարկումներ: Վերանայվել են կրթական վերջնարդյունքների ձևավորման համար ընտրված դասավանդման և ուսումնառության մեթոդները, որ շատ կարևոր է դարի մարտահրավերներին դիմակայելու, ժամանակի պահանջներին համապատասխան բարձրորակ կրթություն ապահովելու գործում: Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում առցանց հարցման միջոցով կատարված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` դասախոսների 78%-ն իր գիտական գործունեության արդյունքները ներառում է դասախոսություններում, դասընթացները կազմակերպվում են բավարար մակարդակի հետազոտական տարրի ընդգրկմամբ` դրա միջոցով ուսումնառության ընթացքում ուսանողի մեջ ձևավորելով վերլուծական և քննադատական հմտություններ:
Մասնաճյուղի կարևորագույն ներուժը և հաջողության հիմնական գրավականը նրա բարձրակարգ գիտամանկավարժական կազմն է: Հաշվետու ուստարում մասնաճյուղում դասավանդել են հիմնական և համատեղությամբ 126 դասախոսներ, այդ թվում՝ 3 պրոֆեսոր (2.4 %), 38 դոցենտ (30,1 %), 51 ասիստենտ և 34 դասախոս (67.5 %), որոնցից գիտական աստիճանով՝ 3 դոկտոր և 66 թեկնածու, ընդ որում՝ գիտական աստիճան ունեցող դասախոսների հաշվեկշիռը 50 %-ից ավելի է: Մասնաճյուղում դասախոսների միջին տարիքը 47 է. մինչև 35 տարեկան դասախոսների թիվը 30 է (23,8%), 36-65 տարեկան՝ 87 (69,1 %), 65-ից բարձր՝ 9 (7,1 %): Կանայք կազմում են հիմնական դասախոսական կազմի 45,25 %-ը (57): 2016/2017 ուստարում մասնաճյուղն ունեցել է 1 դոկտորանտ, 2 ասպիրանտ և 9 հայցորդ: Լրիվ հաստիքային համարժեքով ուսանող-դասախոս հարաբերակցությունը կազմել է 20,6:
Դասախոսների (հատկապես երիտասարդ) գիտամանկավարժական և մասնագիտական գործունեությունը գտնվում է մասնաճյուղի տնօրենության ուշադրության կենտրոնում, որն աջակցում ու խրախուսում է նրանց ինքնակրթության և ինքնազարգացման բոլոր դրսևորումները: Հաշվետու ուստարում անբասիր աշխատանքի համար մասնաճյուղի երկու դասախոս պարգևատրվել են ԵՊՀ-ի հուշամեդալով, 5-ը երաշխավորվել են դոցենտի գիտական կոչում ստանալու համար:
Դասախոսների գիտական գործունեությանն աջակցում է նաև մասնաճյուղի «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուն, որտեղ անվճար տպագրվում են աշխատակիցների հոդվածները: Հաշվետու ուստարում «Ակունք»-ում հրատարակվել են մասնաճյուղի դասախոսների ավելի քան 35 հոդվածներ:
Հաշվետու ուստարում հրատարակվել են նաև մասնաճյուղի դասախոսների 2 մենագրություն, 5 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկ, 63 գիտական հոդված, զեկուցման 1 թեզիս: 1 դասախոս ընդգրկված է ՀՀ ԳԿ 2 պետական դրամաշնորհային ծրագրերում, 10 դասախոս մասնակցել է տարբեր գիտաժողովների, որից 3-ը ՀՀ-ում, 2-ը արտասահմանում և 3-ը ԱՊՀ երկրներում կայացած միջազգային գիտաժողովներ են: 6 դասախոս մասնակցել է 12 հանրապետական և 4-ը՝ մեկական միջազգային ցուցահենդեսների, 2 դասախոս կազմակերպել է անհատական ցուցահանդես (ՀՀ-ում, ԱՄՆ-ում): Գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է ստացել մասնաճյուղի 1 երիտասարդ դասախոս:
ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական կազմի մասնագիտական կարողությունները, մանկավարժական հմտությունները, դասավանդման որակը և արդյունավետությունը պարբերաբար գնահատվում են ԵՊՀ-ի կողմից իրականացվող ուսանողական հարցումների միջոցով: 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի հարցումների արդյունքների համաձայն՝ բոլոր մասնագիտությունների գծով միջին թվաբանական միավորն ըստ ամբիոնների բարձր է 4.65-ից:
Որպես բացթողում ներկայացվեց դրամաշնորհային ծրագրերում մասնաճյուղի աշխատակիցների քիչ ընդգրկվածությունը և նշվեց, որ առաջիկայում պետք է մեծ ուշադրություն դարձնել, քայլեր ձեռնարկել, որ մասնաճյուղի դասախոսները հնարավորինս շատ ընդգրկվեն Գիտության պետական կոմիտեի կողմից առաջարկվող և այլ գիտական դրամաշնորհային ծրագրերում:
Ընդգծվեց, որ առավել հետևողական պետք է լինել միջազգային համագործակցությունը ընդլայնելու, ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերը զարգացնելու գործում:
Նշվեց, որ մասնաճյուղն իր հեղինակության ամրապնդման, հասարակական վարկանիշի բարձրացման նպատակով վարում է տեղեկատվության տարածման, գովազդային-լրատվական, քարոզչական համապատասխան քաղաքականություն մասնաճյուղի պաշտոնական կայքի (http://ijevan.ysu.am/), «Facebook» սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի էջի, ինչպես նաև մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների և ուսանողական կառույցների էջերի միջոցով:
Կառավարման գործընթացի թափանցիկության, աշխատակիցների և ուսանողների իրազեկվածության ապահովման, գործունեության և ուսման մեջ տեղեկույթի փոխանակման տեսանկյունից մեծ է կայքի՝ որպես աշխատանքի արդյունավետության գերժամանակակից գործոնի դերը: Ընդամենը 6 տարվա պատմություն ունեցող կայքը դարձել է ուսանողների «սիրելին»: ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 403 ուսանողներից 203-ը 2017 թ. հարցման ժամանակ պատասխանել է, որ կայքից օգտվում է «շատ հաճախ» ու «հաճախ»: 4.6-ից բարձր միջին գնահատականներով նրանք փաստել են, որ բավարարված են կայքի կառուցվածքից, նորությունների լուսաբանումից, տեղեկատվության ստացման հարմարավետությունից և լիարժեքությունից: Մասնաճյուղի պաշտոնական կայքը 2017 թ. օգոստոսի դրությամբ ունի 204 էջ (նախորդ տարվա 194 էջի փոխարեն), տեղադրված է 1825 նյութ, 7936 ֆայլ (նախորդ տարվա 6051 ֆայլի փոխարեն): Կայքի «ԶԼՄ-ները մեր մասին» էջում տեղադրված են մասնաճյուղի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների կողմից հրապարակված հոդվածներ ու տեսանյութեր: Հաշվետու ուստարում 1-ին լրատվականով, “YouTube”-ով, տարբեր կայքերով լուսաբանվել են շուրջ 13 իրադարձություն:
Մասնաճյուղում տարեցտարի բարձրացվում է ներքին և արտաքին տեղեկատվական ռեսուրսների մատչելիությունը, որին աջակցում են անվճար ինտերնետ կապը, էլեկտրոնային ընթերցասրահը, էլեկտրոնային հարուստ պաշարները: Մասնաճյուղի գրադարանային ֆոնդը հաշվետու ուստարում համալրվել է շուրջ 700 միավոր գրականությամբ և ներառում է 15324 գիրք, որից 6510-ը դասագիրք է, 2921-ը ծրագրային գեղարվեստական, 3357-ը՝ ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ գրքեր են, գրադարանը համալրված է 1950 էլեկտրոնային-տեղեկատվական և 586 այլ նյութերով՝ գիտական տեղեկագրեր ու հանդեսներ, քարտեզներ և այլն: Մեծաքանակ ուսումնագիտական և մասնագիտական գրքեր է հատկացրել Մայր բուհը:
Ուսանողական և ուսումնագիտական միջավայրի ձևավորման գործում մատնանշվեց ուսանողական կառույցների անփոխարինելի դերը: Ներկայացվեց, որ հաշվետու ուստարում Ուսանողական խորհրդի (ՈՒԽ) կողմից կազմակերպվել են տարբեր տոների, հիշատակների նվիրված մշակութային և մարզական շուրջ 39 միջոցառումներ, մրցույթներ և հանդիպումներ: ՈՒԽ-ի անդամները մասնակցել են համապետական ուսանողական եռօրյա խորհրդաժողովին, ՄԱԿ-ի ազգային ասոցիացիայի կազմակերպած եռօրյա դասընթացներին, համագործակցել են ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի, Ինֆոտանի, ՀՈՒԱԱ-ի «Կրթական ավտոբուս» ծրագրի, ՀԿ-ների և բարձրագույն կրթության կազմակերպման փորձագետների հետ՝ կազմակերպելով խաղեր, թեմատիկ դասընթացներ և այլն: Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) կողմից կազմակերպվել են զեկուցումների շարքեր ֆակուլտետներում, սեմինարներ, խորհրդատվական դասընթացներ: ՈՒԳԸ անդամները մասնակցել են «Երիտասարդության խնդիրները և պետության զարգացման միտումները» խորագրով հանրապետական գիտաժողովին և այլն:
Մասնաճյուղի գիտխորհրդի նիստում երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության զարգացման, Իջևանի մասնաճյուղի կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԵՊՀ արծաթե մեդալով պարգևատրվեց տնօրենի խորհրդական, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, մասնաճյուղի մեծ երախտավոր, նրա հիմնադրման ակունքներում կանգնած և մինչև օրս նրա բոլոր ձեռքբերումների մասնակից Անուշավան Հայկարամի Մակարյանը:
ՀՀ երկրապահ կամավորականների միության «5-րդ բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած աշխատակիցներ, ՈՒԳԸ համակարգող, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Սամվելի Ալավերդյանը և գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Արմենի Պողոսյանը:
Նիստի վերջում պարոն Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2018 թվականը լինի խաղաղության, երջանկության, անսպառ հաջողությունների ու ձեռքբերումների տարի:
Նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն: