2024 թ. մայիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Իջևանի ավագ դպրոցում կայացավ «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների 12 աշակերտներ:
Խաղը վարեցին ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը («ՀԼԳ» II կուրս) և 2 անդամ՝ Էլյա Խեմչյանը («ՀԼԳ» II կուրս) և Մարգարիտա Փիրումյանը («ՏՄՄ» II կուրս):
Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան երկրորդ փուլում շարունակելու խաղը:
Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Տվյալ փուլի արդյունքների համաձայն՝ հաջորդ փուլ անցան Սվետլանա Իսրայելյանը, Լիլիթ Գասպարյանը և Յանա Կիրակոսյանը:
Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Սվետլանա Իսրայելյանը, ով պարգևատրվեց պատվոգրով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գրքով (Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»):
Յանա Կիրակոսյանը և Լիլիթ Գասպարյանը զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները՝ պարգևատրվելով պատվոգրերով:
Աշակերտները շատ տպավորված և ոգևորված էին խաղով: Երրորդ փուլ անցած աշակերտները կմասնակցեն մասնաճյուղում կայանալիք եզրափակիչ փուլին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նման նախաձեռնությունները նպաստում են դպրոց-բուհ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մոտիվացնում են աշակերտներին ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և զարգանալ բազմակողմանիորեն: