Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրն է

ԵՊՀ ԻՄ (6)

1991 թ. ՀՀ անկախության վերականգնմամբ նոր՝ ազգային սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն առաջացավ: Նոր Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: 2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում: Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց:

1995 թվականի Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել 2005, 2015 և 2020 թվականներին:

Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր, իսկ ՀՀ կառավարության՝ 2013 թ. հուլիսի 4-ի նիստում ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ն ամրագրվեց նաև որպես պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի օր: Հայաստանի դրոշի պատմությունը սկսվում է 1918 թ. մայիսի 28-ից, երբ ձևավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայաստանի ազգային խորհուրդը սկսեց քննարկել պետական դրոշի հարցը: Այդ ժամանակ ՀԽՍՀ ապագա ակադեմիկոս Ստեփան Մալխասյանի ելույթից հետո՝ 1919 թ. հունիսին, կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշն ընդունելու մասին որոշում կայացվեց: Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը՝ ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, նարնջագույնը (ծիրանագույն)՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը: Գույների նշանակության մեկ այլ նկարագրություն տրվեց 20-րդ դարասկզբին. կարմիրը պատմության ընթացքում սպանված միլիոնավոր հայերի թափված արյունն է, ներառյալ Հայոց ցեղասպանության ժամանակ, կապույտը պարզ, խաղաղ երկինքն է, որին ձգտում է Հայաստանը, ծիրանագույնը` հայոց բերրի հողի գույնը, հայ ժողովրդի աշխատասիրության խորհրդանիշը (նաև ծիրանը` Հայաստանի խորհրդանշական պտուղը): Տարիներ անց՝ 1990 թ. օգոստոսի 24-ին «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքով հաստատվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. այն 1919 թ. եռագույնի օրինակով վերականգնված դրոշն էր` պաստառ, որը բաղկացած էր երեք, միմյանց հավասար հորիզոնական շերտերից` կարմիր, կապույտ և ծիրանագույն:

Ինչպես դրոշը, Առաջին հանրապետության զինանշանը ևս «ՀՀ պետական զինանշանի մասին» օրենքով դարձավ արդեն Հայաստանի Հանրապետության զինանշանը: Հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի 4 թագավորությունների՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշեսյանների, Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա ու ժապավեն:

Պետական օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի՝ 1991 թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը՝ «Մեր հայրենիք»: «ՀՀ պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքով 2006 թվականին այն դարձավ Հայաստանի Հանրապետության օրհներգը: Խոսքերի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը՝ Բարսեղ Կանաչյանը:

Շնորհավո՜ր ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը….