Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Գրքի բանկ»-ը ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ին տրամադրել է ավելի քան 600 գիրք

2013թ. մայիսի 20-ին «Գրքի բանկ»-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությանը տրամադրեց 130 գիրք, իսկ մեկ ամիս առաջ տրամադրել էր 500-ից ավելի գիրք:

«Գրքի բանկ»-ը նախաձեռնել է «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն՝ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: «Գրքի բանկ»-ի նպատակն է ամրապնդել գիրք նվիրելու  մշակույթը Հայաստանում, հասարակությանը մասնակից դարձնել համայնքային զարգացմանը, աջակցել համայնքային գրադարաններին։

Այս ուսումնական կիսամյակում մասնաճյուղի ՈՒԳԸ-ն նախաձեռնեց մարզի գյուղերի համար գրքերի հավաքագրման գործը, որին միացան մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները և մի շարք կազմակերպություններ: Արդյունքում հավաքագրված մոտ 500 գրքերը տրամադրվեցին Խաչարձան, Աղավնավանք, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան համայնքների դպրոցներին:

Ապա սկսվեց համագործակցությունը մասնաճյուղի ՈՒԳԸ-ի և «Գքրի բանկ»-ի միջև, որի արդյունքում տրամադրված ավելի քան 600 գրքերից 80-ը նվիրաբերվել է մասնաճյուղի գրադարանին, իսկ մնացածն առաջիկայում կտրամադրտվի Տավուշի մարզի մի շարք համայնքների գրադարաններին և դպրոցներին: