Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Վստահության կառուցումը Հարավային Կովկասում»

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի շվեդական ասոցիացիայի համագործակցությամբ իրականացնում է «Վստահության կառուցումը Հարավային Կովկասում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մարդու իրավունքների ու վստահության ամրապնդման հարցերով հետաքրքրված երիտասարդության կարողությունների զարգացմանն ու անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների փոխանցմանը, ինչպես նաև երիտասարդների մարզային համագործակցությանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է Երևան քաղաքում և ՀՀ 6 մարզերում (Տավուշ, Կոտայք, Սյունիք, Վայոց Ձոր, Արագածոտն, Գեղարքունիք) անցկացնել իրազեկության բարձրացման միջոցառումներ/սեմինարներ մարդու իրավունքների վերաբերյալ: Դրանից հետո յուրաքանչյուր համայնքից առավել ակտիվ 2 երիտասարդներ կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացին, որը տեղի կունենա ս.թ. օգոստոսին Ծաղկաձորում:

Դասընթացի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների և վստահության կառուցման արժեքների մասին գիտելիքները, երիտասարդներին զինել Ծրագրեր մշակելու և իրականացնելու անհրաժեշտ հմտություններով` իրենց համայնքներում տեղական նախաձեռնություններով հանդես գալու համար: Տեղական նախաձեռնությունները կիրականացվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին` ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագիրը կամփոփվի նոյեմբերին Երևանում տեղի ունենալիք եզրափակիչ խորհրդաժողովով, որտեղ կներկայացվեն իրականացված նախաձեռնությունները և կքննարկվեն հետագա համագործակցության ուղիները:

Իջևանում սեմինարը տեղի կունենա ս.թ. հունիսի 26-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 28 լսարանում (ք. Իջևան, Ուսանողական 3):