Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների ուսումնական պրակտիկաները հագեցած էին ճանաչողական այցերով

1. գլխավոր

2023-2024 ուստարվա II կիսամյակում իրականացվել են մի շարք ճանաչողական այցեր ԵՊՀ ԻՄ «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման ուսանողների ուսումնական պրակտիկաների շրջանակներում: Տվյալ մասնագիտության առկա ուսուցման 2-րդ կուրսում անցկացվել է «Ուսումնական պրակտիկա-2»-ը (ղեկավար՝ մ.գ.թ., ասիստենտ Հ. Ազիզյան), հեռակա ուսուցման 2-րդ կուրսում՝ «Ուսումնական պրակտիկա-1»-ը (ղեկավար՝ ասիստենտ Ա. Ուլիխանյան), հեռակա ուսուցման 3-րդ կուրսում՝  «Ուսումնական պրակտիկա-2»-ը (ղեկավար՝ դասախոս Ս. Սաֆարյան):

Գործունեությունը, ինչպես նշել է Արիստոտելը, տեսության և պրակտիկայի կենդանի միասնությունն է, հետևաբար չկա տեսություն՝ առանց պրակտիկայի, և չկա պրակտիկա՝ առանց տեսության: Նույնը կարելիէ ասել և ուսումնական գործընթացի մասին. տեսական գիտելիքներից բացի՝ ուսանողներին անհրաժեշտ են գործնական կարողություններ և հմտություններ, որոնք կարելի է ձեռք բերել պրակտիկաների միջոցով:

Պրակտիկաները մասնագիտության կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքներով տվյալ ոլորտի մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ գործընթաց են: Ուսումնական պրակտիկաներն ուսանողներին հնարավորություն են տալիս ամրապնդելու, լրացնելու և խորացնելու  ուսումնառության ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները և դրանք կիրառելու գործնականում, բարձրացնելու ուսանողների գիտակրթական բավարարվածության և մասնագիտական իրազեկվածության մակարդակը, ստեղծելու ուսումնական և աշխատանքային մոտիվացնող միջավայր:

Ելնելով «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման ուսումնական պրակտիկաների ծրագրերից՝ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակում կազմակերպվել է երթուղիների իրականացում հետևյալ ուղղություններով՝

  • Քաղաքային տուր Իջևանում,
  • Իջևան–Թուֆենկյան Հին Դիլիջան համալիր–Բեսթ Վեսթեռն հյուրանոցային համալիր–Դիլիջանի զբոսայգի («Verev rope park»)–Ալպյան ամրոց հյուրանոցառեստորանային համալիր–Հաղարծին–Իջևան,
  • Իջևան–Պարզ լիճ–Գոշ գյուղ–Իջևան,
  • Իջևան–Քոբայրի վանք–Օձուն վանական համալիր–«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց–Իջևան,
  • Իջևան–Վարդենյանց լեռնանցք–Օրբելյանների իջևանատուն–Նորավանք վանական համալիր–Մագելանի քարանձավ–Հայրավանք–Իջևան:

 Երթուղիների իրականացման նպատակն էր ուսանողներին հաղորդակից դարձնել զբոսաշրջության երեք հիմնական ուղղությունների բաղադրիչներին՝

  • զբոսաշրջային ձեռնարկություններ (թանգարան-հյուրանոցներ),
  • պատմական հուշարձաններ-եկեղեցիներ,
  • բնական հուշարձաններ-ազգային պարկեր:

Ուսումնական պրակտիկաների ընթացքում իրականացված այցերի շրջանակներում ուսանողները գնահատեցին ՀՀ սոցիալ-մշակութային ծառայությունների և զբոսաշրջության զարգացման գործում ազգագրական, կրոնական արժեքների, ազգային արվեստի և ճարտարապետության դերն ու նշանակությունը, ինչպես նաև համեմատեցին այլ տարածաշրջանների և Տավուշի մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքները և սոցիալ-մշակութային ծառայությունների օբյեկտները: