Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների աշխատանքների ցուցահանդես

1. գլխավոր

2024 թ. հունիսի 11-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հեղինակային աշխատանքների ցուցահանդեսը, որն իրականացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Ցուցահանդեսի կազմակերպման գործում մեծ դեր է ունեցել ԵՊՀ ԻՄ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Էրիկ Ամյանը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Տավուշի մարզի տարբեր ոլորտների, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, աշակերտներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, «Վերնատուն» պատկերասրահի փոխտնօրեն Ռ. Մանվելյանը, Իջևանի համայնքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լ. Ղալումյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ. Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա. Սարհատյանը՝ ողջունելով ցուցահանդեսի բոլոր այցելուներին ու մասնակիցներին, կարևորելով նման միջոցառումների դերն ու նշանակությունը մարզի հոգևոր-մշակութային կյանքում:

Ցուցահանդեսում ներկայացված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների՝ շուրջ 50 բազմաժանր աշխատանքներ (գեղանկար, գորգ, կարպետ, գոբելեն, մանրանկար, ապակենկար, մաքրամե, բատիկ, ասեղնագործություն, կերամիկա, փայտե փորագրություն, գրքի գեղարվեստական ձևավորում և այլն):

Այցելուները մեծապես տպավորված էին ներկայացված գործերի ժանրային և թեմատիկ բազմազանությամբ, դրանց կիրառական նշանակությամբ և կատարման վարպետությամբ:

Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացված ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: