Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բռունո Կուտանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր

2024 թ. հունիսի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Բռունո Կուտանը: Տպավորված լինելով ԵՊՀ ԻՄ ուսանողների՝ ֆրանսերենի իմացության բարձր մակարդակով՝ Բ. Կուտանը ցանկություն է ունեցել հանդիպելու «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների հետ:

Նախ տեղի ունեցավ հանդիպում՝ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ. Պողոսյանի, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանի, միության ներկայացուցիչ Բ. Կուտանի և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ. Գասպարյանի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական բարեկամությանը, ԵՊՀ ԻՄ-ում իրականացվող «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրին և դրա զարգացման հեռանկարներին, մարզում ֆրանսերենի ամրապնդման և տարածման գործում մասնաճյուղի ունեցած դերին վերաբերող հարցեր: Պարոն Մակարյանը նշեց, որ նման հանդիպումները ոգևորող ու պարտավորեցնող են, մոտիվացնում են ուսանողներին ավելի խորացնելու և զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները:

Ջերմ և անմիջական հանդիպում-քննարկման վերջում ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը («Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Իննա Եգանյանի «Մակարավանք» գոբելենը) մասնաճյուղի անունից նվիրեց Բ. Կուտանին՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության և մասնաճյուղի ու միության ամուր համագործակցության:

Այնուհետև տեղի ունեցավ ֆրանսիացի հյուրի հանդիպումը ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի տարբեր կուրսերի ուսանողների հետ: Բռունո Կուտանը, լինելով պրոֆեսիոնալ մարզիկ (աթլետ), Օլիմպիական խաղերի մասնակից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին ներկայացրեց 2024 թ. հուլիսի 26-ին Փարիզում մեկնարկող Օլիմպիական խաղերի բացման արարողակարգը, խոսեց ֆրանսիական մշակույթից:

Ապա ծավալվեց քննարկում, որի ընթացքում ուսանողները պարոն Կուտանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ զարգացնելով նաև ֆրանսերենով բանավոր հաղորդակցվելու իրենց հմտությունները: