Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում է 2023-2024 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

1․ գլխավոր

2024 թ. մայիսի 11-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, հաստատված ժամանակացույցի համաձայն, նախատեսված է իրականացնել 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 11 մասնագիտության 12 կրթական ծրագրերով:

Մայիսի 11-ին տեղի ունեցան «Հոգեբանություն», «Զբոսաշրջություն», «Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․գ․թ. Աննա Առաքելյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 12 շրջանավարտ. 6-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ փորձարարական տվյալները ուսանողները կարողացան վստահ ներկայացնել, անհրաժեշտության դեպքում՝ սեփական տեսակետների դիտանկյունից: Գերազանց գնահատականներ ստացած ուսանողների կողմից վերհանված խնդիրները համակողմանի ուսումնասիրված և վերլուծված էին, ներկայացված էին գործնական առաջարկներ:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է բարձրացնել՝

  1. հետազոտական աշխատանքի կազմակերպման հմտությունների մակարդակը,
  2. հետազոտական աշխատանքի արդյունքների խորքային վերլուծական կարողությունների մակարդակը,
  3. հետազոտության արդյունքների մեկնաբանության և ընդհանրական եզրահանգումներ անելու կարողությունների մակարդակը,
  4. հետազոտության արդյունքների մշակման տեխնոլոգիաների տիրապետման մակարդակը:

Նախագահի կողմից առաջարկվել է նաև ավարտական աշխատանքների թեմաները ձևակերպել կոնկրետ, որպեսզի հիմնախնդիրը և հետազոտության առարկան լինեն հստակ, իսկ թեմաները՝ հետազոտելի:

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Եվրոպական համալսարան» հիմնադրամի զբոսաշրջության ֆակուլտետի դեկան, աշխ.գ.թ., դոցենտ Գոռ Մանասյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 15 շրջանավարտ. 5-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ուսանող-շրջանավարտները մեծ մասամբ կարողանում էին հիմնավորել իրենց տեսակետները, բայց որոշ ուսանողների դեպքում նկատվում էին բանավոր խոսքի և ներկայացման թերություններ, հարցադրումներին պատասխանելիս որոշակի կաշկանդվածություն:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է ավարտական աշխատանքներում առավել մեծ ուշադրություն դարձնել տեսական հիմնավորումներին, հետազոտական-վերլուծական բաղադրիչին, թեմաների նպատակների շարադրման, դրված խնդիրների և արդյունքների կապին:

«Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, դոցենտ Մարիա Բաբյանը:

«Դիզայն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 12 շրջանավարտ. 10-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ»:

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 9 շրջանավարտն էլ ստացավ «գերազանց»:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է իր գոհունակությունը ավարտական աշխատանքների ղեկավարներից և ֆակուլտետի դեկանից՝ որակյալ աշխատանքների և բարձր մակարդակով կազմակերպված պաշտպանությունների համար:

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության կապակցությամբ նախագահն առաջարկել է, որ շարունակեն վստահել ղեկավարների և ուսանողների նախասիրություններին, նշել է, որ գրեթե բոլոր թեմաները բխում էին տարածաշրջանի պահանջներից և արդիական էին: Աշխատանքները բազմաժանր էին և հետաքրքիր: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է հնարավորություն ստեղծել ներկայացված նախագծերի իրականացման համար, գտնել շուկայի համապատասխան շահառուներ և դառնալ միջնորդ շրջանավարտի և գործատուի միջև:

Ս.թ. մայիսի 18-ին նախատեսված է իրականացնել «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» ու «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», 25-ին՝ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», 29-ին՝ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում և նորանոր ձեռքբերումներ ենք մաղթում արդեն ամփոփիչ ատեստավորում անցած մեր շրջանավարտներին, մյուսներին ցանկանում ենք ավարտական աշխատանքների բարեհաջող պաշտպանություն: