Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում անցկացվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը

1. գլխավոր

2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժինը Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ կազմակերպել է «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը 4 դպրոցում (Իջևանի ավագ դպրոց, Իջևանի վարժարան, Աչաջրի և Գանձաքարի միջնակարգ դպրոցներ):

2024 թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին այդ 4 դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների՝ խաղի նախորդ փուլը հաղթահարած և իրենց լավագույնս դրսևորած 8 աշակերտներ:

Խաղը վարեցին ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը, ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Աբազյանը («ՀԼԳ» II կուրս), ՈՒԳԸ անդամ Լիլիթ Թամրազյանը («Պատմություն» II կուրս) և Սաթինե Սահակյանը («ԻԿՄ» II կուրս):

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում աշակերտներին տրվեց ընդհանուր զարգացվածությունը ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները երկրորդ փուլում խաղը շարունակելու հնարավորություն ստացան: Երկրորդ փուլ անցան Իջևանի ավագ դպրոցից Սվետլանա Իսրայելյանը և Յանա Կիրակոսյանը, Աչաջրի միջնակարգ դպրոցից Դավիթ Սարուխանյանը, Իջևանի վարժարանից Ռոբերտ Ապրեսյանը, Գանձաքարի միջնակարգ դպրոցից Արամ Արզումանյանը և Արսեն Աղաջանյանը:

Երկրորդ փուլում մասնակիցները, 12-ից ընտրելով 2-ական թեմա, 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Հաջորդ փուլ անցան Սվետլանա Իսրայելյանը, Յանա Կիրակոսյանը և Դավիթ Սարուխանյանը:

Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Իջևանի ավագ դպրոցի աշակերտուհի Սվետլանա Իսրայելյանը: Նա պարգևատրվեց պատվոգրով և մեդալով, ստացավ մասնաճյուղի կողմից նվիրաբերված գիրք (Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ-1» և «Սև հովազ-2»), այլ նվերներ:

   Իջևանի ավագ դպրոցի աշակերտուհի Յանա Կիրակոսյանը և Աչաջրի միջնակարգ դպրոցի աշակերտ Դավիթ Սարուխանյանը, գրավելով 2-րդ և 3-րդ տեղերը, պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և նվերներով:

Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բուկլետներ և ինքնակպչուններ (սթիքերներ): Աշակերտները շատ տպավորված էին խաղով և ոգևորված, որ եզրափակիչ փուլում կարողացան բարձր պահել իրենց դպրոցի պատիվը:

ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի կողմից նման միջոցառումների կազմակերպումը նպատակ ունի ամրապնդելու դպրոց-բուհ կապը և բարձրացնելու ուսման նկատմամբ սովորողների մոտիվացիան: