Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է

ԵՊՀ ԻՄ (3)

1918 թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին. իրականացավ հայ ժողովրդի՝ անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը:

Մայիսյան հերոսամարտերի (Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի) բովում ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը, որը, հիրավի, մեր պատմության շրջադարձային էջերից է: Բագրատունյաց Հայաստանի անկումից շուրջ 1000 և Կիլիկյան Հայաստանից 600 տարի անց անկախ Հայաստան էր ստեղծվում:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը: Անկախության տարեդարձի օրը` 1919 թ. մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:

Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցավ ընդամենը երկու տարվա կյանք՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց: Սակայն մեծ է նրա պատմական նշանակությունը, անգնահատելի՝ նրա դերը հայոց պետականությունը վերագտնելու գործում:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից, երբ Հայաստանը կրկին անկախություն ձեռք բերեց:

1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Հանրապետության տոն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից Հանրապետության տոնի առթիվ շնորհավորում ենք համայն հայությանը՝ մեր ժողովրդին ցանկանալով ուժ, միասնականություն և իմաստնություն, մեր պետությանը՝ հզորացում և առաջընթաց:

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը, կեցցե՛ հայ ժողովուրդը….