Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

 1․ գլխավոր

2024 թ. հունիսի 15-29-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվեց 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 7 կրթական ծրագրով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Հունիսի 15-ին կայացան «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն», 22-ին և 29-ին՝ «Հոգեբանություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ, մ․գ․թ․ Լուիզա Միլիտոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 25 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 19-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ավարտական աշխատանքներում հստակ սահմանված են աշխատանքի նպատակը, խնդիրները, հետազոտության օբյեկտը, առարկան, գործնական և տեսական նշանակությունը: Դրանցում ներկայացված են տարրական մանկավարժության և տվյալ թեմայի դասավանդման մեթոդիկայում առկա նոր մոտեցումները:

Ավարտական աշխատանքների թեմաների կապակցությամբ նախագահը նշել է, որ դրանք ճիշտ են ընտրված, համապատասխանում են իրենց մասնագիտական ուղղվածությանը և հնարավորություն են տալիս ներկայացնելու տեսական և գործնական գիտելիքները, կարողությունները: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ նախագահը կարևորել է ներկա մակարդակի պահպանումը և հիմնարար փաստաթղթերի ուսումնասիրության շեշտադրումը:

«Պատմություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, պ․գ․դ․ Խաչատուր Ստեփանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 20 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ», 15-ը՝ «բավարար»:

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության, շրջանավարտների կողմից դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է, որ համաչափություն պահպանվի. հայոց պատմության բոլոր շրջանների վերաբերյալ ներկայացվեն ավարտական աշխատանքների թեմաներ:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է բարձրացնել սովորողների ձեռք բերած գիտելիքների և պատկերացումների կիրառման, դատողություններ անելու կարողությունների մակարդակը, ավելի մեծ ուշադրություն դարձնել նրանց վերլուծական և քննադատական մտքի ձևավորման վրա:

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր ՀՀ կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչության հատուկ հետազոտությունների բաժնի պետ, տ.գ.թ․ Գևորգ Մինասյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 21 շրջանավարտ. 8-ը ստացավ «լավ», 13-ը՝ «բավարար»:

Ավարտական աշխատանքների թեմաների կապակցությամբ հանձնաժողովի նախագահը նշել է, որ դրանք ընդհանուր առմամբ արդի տնտեսական հիմնարցերի վերաբերյալ էին և համապատասխանում էին որակավորման պահանջներին: Ըստ նրա՝ ցանկալի կլիներ, որ թեմաների շրջանակն ավելի լայն լիներ, և բացառվեին միևնույն ոլորտին վերաբերող թեմաները, ինչը հնարավորություն կտար անդրադառնալու այլ արդիական հարցերի: Միևնույն ժամանակ, որոշ թեմաներ կրում էին ընդհանրական բնույթ, և այդ աշխատանքներում հետազոտական հարցերը հստակ չէին ձևակերպված:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է.

  1. Ավարտական կուրսերի ուսանողների համար ներդնել «Հետազոտության մեթոդներ» առարկան, որի շրջանակում ուսանողները կսովորեն առաջադրել հետազոտական հարցեր, իրականացնել գրականության վերլուծություն, ձևավորել հիպոթեզներ, ստուգել դրանք քանակական և ոչ քանակական մեթոդներով և ներկայացնել արդյունքները հիմնական շահառուներին:
  2. Ուսանողների հաղորդակցման կարողությունները բարձրացնելու նպատակով ուսանողներին ներգրավել ՀՀ տարբեր համալսարաններում պարբերաբար կազմակերպվող գիտական կոնֆերանսներում և սեմինարներում, որտեղ նրանք հնարավորություն կունենան լսելու փորձառու մասնագետների գիտական ելույթները և հարցեր ուղղելու նրանց:
  3. Ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառման մակարդակը բարձրացնելու համար ուսանողները ոչ միայն ուսումնական պրակտիկա անցնեն գործատուների մոտ, այլև ունենան համատեղ “Capstone Project”-ներ, որոնց շրջանակում կաշխատեն գործատուների կողմից առաջադրված խնդիրների վրա՝ ներկայացնելով արդյունքները ինչպես գործատուներին, այնպես էլ համալսարանի գիտական ղեկավարներին:

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Եվրոպական համալսարան» հիմնադրամի զբոսաշրջության ֆակուլտետի դեկան, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ Գոռ Մանասյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 11 շրջանավարտ. 7-ը ստացավ «լավ», 4-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ամփոփիչ ատեստավորումը կազմակերպված էր ըստ ներկայացված պահանջների և պատշաճ:

Մասնագետների պատրաստման որակի և շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է ավարտական աշխատանքներում մեծ ուշադրություն դարձնել գործնական նշանակության և կիրառելիության վրա (մեծացնել աշխատանքների կիրառականության ասպեկտը), դրանցում առավել հստակ ձևակերպել նպատակը և խնդիրները:

«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․գ․թ. Աննա Առաքելյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 շրջանավարտ. 2-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»:

Ավարտական աշխատանքների թեմաների առնչությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է դրանցում հստակ և կոնկրետ ձևակերպել առաջադիր հիմնախնդիրը, որպեսզի թեմայի վերնագրից շեղումներ չարձանագրվեն:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է բարձրացնել հոգեբանական հետազոտությունների կազմակերպման գիտելիքների, հետազոտությունների իրականացման և արդյունքների մշակման կարողությունների մակարդակը, ուշադրություն դարձնել հիմնախնդիրների ուսումնասիրության տեսական հիմքերի, մեթոդաբանական և մեթոդական խնդիրների գիտականությանն ու համարժեքությանը:

«Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Վանաձորի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի դոցենտ, ք․գ․թ․ Արմինե Ղազարյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 13 շրջանավարտ. 7-ը ստացավ «լավ», 6-ը՝ «բավարար»:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ավարտական աշխատանքներում գերակշռի փորձարարական մասը:

Առաջարկվել է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում շարունակել «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությամբ կրթությունը:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի դոցենտ, տեխ․ գիտ. թեկնածու Նարինե Կոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 15 շրջանավարտ. 2-ը ստացավ «լավ», 13-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ աշխատանքները բավարարում էին բակալավրի ավարտական աշխատանքներին ներկայացվող պահանջները:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ավելի շատ ուշադրություն դարձնել պրակտիկ խնդիրների լուծման վրա: Նախագահի կարծիքով՝ ցանկալի է, որ հատկապես տեխնիկական աշխատանքները լինեն ռեալ աշխատող:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք ամփոփիչ ատեստավորում անցած մեր շրջանավարտներին, նրանց ցանկանում ենք նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ մասնագիտական ոլորտում և անձնական կյանքում: