2015թ. նոյեմբերի 3-ին «Սերվիս» մասնագիտության IV կուրսի ուսանողները «Հյուրանոցային և ռեստորանային մարքեթինգ» դասընթացի շրջանակներում այցելեցին Ենոքավան համայնքում գործող հյուրանոցային համալիր:
Այցի նպատակն էր տեսական գիտելիքները կիրառել գործնականում` կատարել դաշտային հետազոտություն և ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.
• ինչպիսի՞ն է հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների պահանջարկը,
• ի՞նչ ծառայություններ են մատուցվում. դրանց իրականացման ձևերը,
• ո՞րն է բիզնեսի նպատակային շուկան,
• ի՞նչ գնային քաղաքականություն է կիրառվում,
• ինչպիսի՞ն է մրցակցային դաշտը,
• որքա՞ն է մարքեթինգային բյուջեն,
• ի՞նչ մարքեթինգային ռազմավարությամբ է առաջնորդվում բիզնեսը,
• զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:
Ուսանողներին դիմավորեցին համալիրի տնօրենը̀ Տիգրան Չիբուխչյանը, երկու աշխատակիցներ̀ Արամն ու Նարեկը (նա, ի դեպ, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ է):
Նրանք նախ ուսանողներին ներկայացրին համալիրի լյուքս, դելյուքս և ստանդարտ տիպի հյուրատները, նրանց հիմնական տարբերությունները, գները և լրացուցիչ ծառայությունները̀ ձիարշավներ, երեկոյան խարույկ, ձկնորսություն, սպորտային խաղեր, այցելություն մարզի տեսարժան վայրեր, ինչպես նաև սեփական արտադրության կաթնամթերք և մսամթերք (էկոսնունդ):
Յուրաքանչյուր հյուրատան բաց պատշգամբից բացվում էր աշնանային հիասքանչ բնապատկեր:
Պարոն Չիբուխչյանը նշեց, որ համալիրն ընդգրկում է էկո, գյուղական, ռեկրեացիոն և էքստրեմալ տուրիզմի ձևերը, ներկայացրեց նոր` “Zip Line” ծառայությունը, որն առաջինն է ՀՀ-ում:
Նա անակնկալ մատուցեց ուսանողներին` որպես համալսարանից առաջին այցելուների` հնարավորություն տալով նրանց օգտվել ծառայությունից:
Այցելության վերջում համալիրի տնօրենը կատարեց մի քանի գործնական առաջարկ.
• բիզնես համագործակցություն,
• աշխատատեղ (գիդ, մենեջեր, մատուցող, նկարիչ),
• տուրիստական ծառայությունների ոլորտում կարևոր չորս համակարգչային ծրագրերի ուսուցում համալսարանում և ապագա մենեջերների պատրաստում:
Դեպի «Ապագա Տուր» կատարած այցելությունից ուսանողները վերադարձան հաճելի տպավորություններով, հյուրանոցային տնտեսությանը և ընդհանրապես զբոսաշրջությանը վերաբերող օգտակար գիտելիքներով ու գործնական հմտություններով: