Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նվիրատվություն ԵՊՀ ԻՄ գրադարանին

2013թ. ապրիլի 8-ին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերությունը մասնաճյուղի գրադարանին նվիրաբերեց 60 գիրք՝ 300-ից ավելի գրքերից ու ամսագրերից, որոնք հավաքագրվել էին փետրվարին սկսված և վերջերս ավարտված գրքահավաքի շնորհիվ:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների համար նախատեսված գրքահավաքին աջակցել է նաև մասնաճյուղի գրադարանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հավաքագրված գրքերի մեջ ուսանողների և ավելի բարձր տարիքի անձնանց համար նախատեսված գրքերի առկայությունը՝ մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը որոշեց դրանց մի մասը նվիրաբերել կրթօջախի գրադարանին:

Նվիրատվությանը ներկա էին մասնաճյուղի գրադարանի վարիչը, գրադարանի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ: Ելույթ ունեցավ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը: Նա ներկայացրեց գրքահավաքի մանրամասները և գրքերը հանձնեց գրադարանին:

Հավաքագրված մյուս գրքերը առաջիկայում կտրամադրվեն մարզի մի շարք գյուղերի դպրոցների: