Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրեա գիտնական Յաիր Աուրոնի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. հուլիսի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահում տեղի ունեցավ հանդիպում իսրայելցի պատմաբան Յաիր Աուրոնի, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի, արտասահմանցի հյուրերի հետ:


Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլք:


Արդեն հայերեն է թարգմանվել հրեա գիտնական և պատմաբան, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր, Սորբոնի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, պատմաբանների ու ցեղասպանագետների միջազգային մի շարք կազմակերպությունների անդամ, բազմաթիվ աշխատությունների հեղինակ Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գիրքը, որի համար նա 2000 թվականին ներկայացվել է կանադական «Լիոնալ Գելբեր» մրցանակին:

Արխիվային հետազոտությունների վրա հիմնված այդ գրքում Հայոց եղեռնը դիտարկվում է որպես նախորդողը 20-րդ դարի ցեղասպան բոլոր գործողությունների, հանգամանորեն ներկայացվում Օսմանյան կայսրության երկու ազգային փոքրամասնությունների` հրեաների ու հայերի այդ ժամանակվա վիճակը և քաղաքական ուժերի վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ:


Հանդիպման սկզբում մեծարգո հյուրին ողջունեցին Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը և մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` նրան շնորհակալություն հայտնելով նվիրյալ գործունեության համար:

«Ես համոզված եմ, որ Ձեր գիրքը կարդացող որևէ մեկը ձեռքը չի մեկնի դեպի զենքը: Խաղաղությու՛ն բոլոր ազգերին և կրկին շնորհակալություն Ձեզ»,- նշեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը:


Այնուհետև Յաիր Աուրոնը ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետը` ընդգծելով նրա ճանաչման անհրաժեշտությունը նման նախճիրները կանխելու նպատակով. «Չճանաչելով, չքննարկելով այլ ազգերի ցեղասպանությունը` մենք նվաստացնում ենք նաև Հոլոքոստը… Մենք պարտավոր ենք հարգելու նաև այլ ժողովուրդների հիշողությունը, պարտավոր ենք խորհրդարանական մակարդակով առաջ տանել Հայոց ցեղասպանության քննարկումը:

Մենք` իսրայելցիներս, պետք է առաջինը ճանաչեինք այդ ցեղասպանությունը: Սրտիս խորքում հայերն ինձ համար իմ եղբայրներն են»,- նշեց հրեա պատմաբանը:


Վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից հյուրերին տրվեցին նվերներ: