Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ժան-Պիեռ Մահեի և մի խումբ մտավորականների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին հայագիտության ու գրականագիտության անվանի ներկայացուցիչներ ֆրանսիացի հայագետ Ժան-Պիեռ Մահեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ  Հ.Էդոյանը (բանաստեղծ), Ավ.Իսահակյանը, Զ.Ավետիսյանը, Վլ.Կիրակոսյանը, Մ.Գիլավյանը, Ս.Աբրահամյանը, բան. գիտ. դոկտոր, դոցենտ Վ.Դևրիկյանը, բան. գիտ. թեկն. Հր.Սարիբեկյանը և այլք:

Մասնաճյուղի նիստերի դահլիճում նրանք ուսանողների հետ ունեցան հանդիպում, որին ներկա էին նաև տնօրեն Ս.Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Տնօրեն Սամվել Առաքելյանը նախ ողջունեց հյուրերին, ապա ընդհանուր գծերով ուսանողներին ծանոթացրեց նրանց և հատկապես հայագիտության ջերմ նվիրյալ Ժան-Պիեռ Մահեի հետ:

Մահեի հայանվեր գործունեության մասին խոսքով հանդես եկան Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը և հայտնի բանաստեղծ Հենրիկ Էդոյանը:

Ֆրանսիացի ներհուն գիտնական, Սորբոնի քաղաքակրթությունների ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Ժան-Պիեռ Մահեն արդեն 50 տարի է, ինչ զբաղվում է հայագիտությամբ: Մահեն, որի կոթողային աշխատություններից են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» թարգմանությունը, «Գրիգոր Նարեկացին և իր «Մատեան ողբերգութեան» երկը» և այլն, նոր է լույս ընծայել իր ամբողջական «Հայոց պատմություն»-ը` սկզբից մինչև մեր օրերը:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողության հետ հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրեց իր նոր գիրքը, հիշեց մի քանի ուշագրավ դրվագներ, մասնավորապես` Տավուշի և Կիրակոս Գանձակեցու վերաբերյալ պատմությունը:

Վերջում ծավալվեց հետաքրքիր քննարկում. Ժան-Պիեռ Մահեն սիրով պատասխանեց ներկաների ուղղած հարցերին:

Մասնաճյուղի կողմից Ժան-Պիեռ Մահեին նվիրվեց հավերժությունը խորհրդանշող գոբելեն: