Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կիրառական արվեստի ֆակուլտետում կայացավ ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը

2013թ. ապրիլի 19-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում կայացավ ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը, որին ներկա էին ֆակուլտետի գեղխորհրդի անդամները, աշխատանքները ղեկավարող դասախոսները:

Հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, վարչության ավագ տեսուչ Գ.Գյոզալյանը, Կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի մասնագետ Վ.Աղաբաբյանը, Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:

Ավարտական կուրսի ուսանողները իրենց աշխատանքները ներկայացրին Գեղխորհրդին՝ աշխատանքի կատարողականը ստուգելու, մինչև պաշտպանությունը անհրաժեշտ ցուցումներ ստանալու և բացթողումները լրացնելու համար:

Գեղխորհուրդը ուսանողներին ներկայացրեց ավարտական աշխատանքների պահանջները՝ համապատասխան միավորներով.

  1. Ներկայացման որակը (0-6),
  2. ձևակերպման որակը (0-6),
  3. կատարման ինքնուրույնության աստիճանը (0-6),
  4. արդիականությունը (0-2):

«Գեղանկարչություն» թեմայով ավարտական աշխատանք կատարող ուսանողները գեղխորհրդի կողմից  ստացան մի շարք ցուցումներ:

Մասնավորապես նշվեց, որ մեկի փոխարեն ներկայացվի երկու գեղանկար, բնանկարի կոմպոզիցիան լինի հավաքական էտյուդների արդյունք, որոնք նկարված լինեն բնօրինակից և համապատասխանեն մեր տարածաշրջանին:

Փայտի գեղարվեստական մշակմանը վերաբերող ավարտական աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել ընտրված փայտատեսակի կառուցվածքային առանձնահատկությունները, ընդգծել զարդանախշերը՝ աշխատանքների գեղարվեստական արժեքը մեծացնելու նպատակով, իսկ որոշ աշխատանքներ ապահովել պաշտպանիչ ծածկույթով:

Տեքստիլ բաժնի ավարտական աշխատանքների մասին ցուցումները վերաբերում էին գլխավորապես նրանց շրջանակներին և ցուցադրման հետ կապված խնդիրներին:

Կային գոբելեններ, որոնք շրջանակի կամ ենթաշրջանակի կարիք ունեին:

Ընդհանուր պահանջն այն էր, որ ուսանողները պաշտպանության ժամանակ կարողանան իրենց աշխատանքները ներկայացնել որպես պորտֆոլիո նախագծման արդյունք: