Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏՈՒՐԻԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ Լ. ԼԱՃԻԿՅԱՆԻ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ


2014թ. մարտի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Լևոն Լաճիկյանի «Խաչվող ճանապարհներ» գրքի  անգլերեն թարգմանության և նրա կազմած «Հայաստան» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը:

Լ.Լաճիկյանը մեզանում հայտնի գեղագետ, արվեստաբան և մշակութային մեկնաբան է: Ծնվել է Գյումրիում, սովորել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա ավարտել տեղի ասպիրանտուրան` «Գեղագիտություն» մասնագիտությամբ: Արդեն մի քանի տասնամյակ նա իր գրիչն ու ջանքերը ծառայեցնում է ժամանակակից հայ մշակութային կյանքի լուսաբանման ու մեկնաբանման հույժ կարևոր գործին: Ավելին` նա նաև մասնակիցն է գրական-մշակութային այդ ընթացքի` իր բազմաթիվ հոդվածներով, գրքերով, իսկ վերջին տարիներին` նաև գծանկարներով:

Լաճիկյանի հարյուրավոր արվեստաբանական հոդվածների ընտրանին 2004թ. ամփոփվեց «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» գրքում, որն իրավամբ գնահատվեց որպես անցյալ դարավերջի հայ մշակութային կյանքի հանրագիտարան: Դրան հաջորդեցին Նյու Յորքում և Երևանում լույս տեսած նրա 2 գեղազարդ հատորները` նվիրված հայ գրերի գյուտին:

Նրա շուրջ 2 տասնյակ գիտական հոդվածները` նվիրված հայ միջնադարյան գեղագիտությանը, հրատարակվել են Հայաստանի և արտերկրի հայագիտական հանդեսներում («Բազմավէպ», «Հանդես ամսօրյա»  և այլն) և հանրագիտարաններում («Քրիստոնյա Հայաստան», «Հայ Սփյուռք»  և այլն): Այժմ նա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս է:

2006թ. Երևանում լույս տեսած «Խաչվող ճանապարհներ» ժողովածուն մեծ հաջողություն բերեց հեղինակին: Ընթերցողին այն գրավեց ոչ միայն բովանդակալից ու գեղեցիկ հայերենով շարադրված ուղեգրություններով, այլև ուշագրավ գծանկարներով: Դրանց միջոցով ընթերցողը մտովի կարողանում է «լինել» պատմական Հայաստանում, Լիբանանում, «շրջել» եվրոպական մի շարք երկրներով, ապա «այցելել» Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Գիրքն ընդգրկում է Լևոն Լաճիկյանի` տարբեր տարիների և տարբեր երկրներ կատարած այցելություններից հետո գրած շուրջ 2 տասնյակ ուղեգրությունները, որոնք յուրատեսակ խոհագրություններ և քնարական մտորումներ են Հայաստանի անցյալի ու ներկա պատմության, ինչպես նաև արտերկրում սփռված հայկական գաղթօջախների վերաբերյալ: Գրքի շարադրանքից երևում է հեղինակի հետաքրքրությունների լայն շրջանակը: Միաժամանակ պարզորոշ զգացվում է, որ այն պատկանում է գեղագետի և արվեստի տեսաբանի գրչին. հիմնականում այդ տեսանկյունից են քննված երկրներն ու բնակավայրերը:

Օտար ընթերցողին ներկայացնելու նպատակով անցած տարի «Խաչվող ճանապարհներ» գիրքը պետական պատվերի շրջանակներում Երևանում հրատարակվեց նաև անգլերեն` թարգմանությամբ Մարինա Բազաևայի և խմբագրությամբ Ռուզան Ավետիսյանի:  Իսկ անցած տարեվերջին «Տիգրան Մեծ»  հրատարակչությունը լույս ընծայեց Լևոն Լաճիկյանի կազմած «Հայաստան»  բանաստեղծական ժողովածուն, որն ամփոփում է մեր հին ու նորօրյա, դասական ու ժամանակակից բանաստեղծների քերթվածները Հայաստան աշխարհի և, ընդհանրապես, հող հայրենիի մասին:

Լևոն Լաճիկյանը նաև վավերագրական 8 ֆիլմերի սցենարի հեղինակ է, որոնցից մեկը 2004թ. մոսկովյան միջազգային կինոփառատոնում արժանացավ դիպլոմի: Նա Հայաստանի լրագրողների և նկարիչների միությունների անդամ է, փոխնախագահն է «Հայաստան-Լիբանան» բարեկամության ընկերության: Մինչև օրս կազմակերպել է անհատական 8 ցուցահանդես Երևանում, Գյումրիում, Գորիսում, Ստամբուլում և Նյու Յորքում: Արդի հայ մշակույթին մատուցած ծառայությունների համար 2010թ. նա արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Մասնաճյուղում անցկացված շնորհանդեսի ժամանակ Լ.Լաճիկյանի վաստակն արժևորեցին, նրա անձնական ու մասնագիտական բարձր հատկանիշները վերհանեցին գրադարանի վարիչ Նելլի Ստեփանյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Վարդան Ալեքսանյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս,  «Խաչվող ճանապարհներ» գրքի անգլերեն տարբերակի խմբագիր Ռուզաննա Ավետիսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկն. Վահան Աղաբաբյանը:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները ներկայացրին գրական-գեղարվեստական կոմպոզիցիա` կազմված «Հայաստան» բանաստեղծական ժողովածուից: