Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ հավատարմագրման գործընթացը միջազգային փորձագետների ուշադրության կենտրոնում է

ԵՊՀ հավատարմագրման գործընթացը միջազգային փորձագետների ուշադրության կենտրոնում է:
2013 թ-ի հունիսի 17-ին և 18-ին միջազգային փորձագիտական խումբը հավատարմագրման նպատակով կայցելի ԵՊՀ` համալսարանում կրթության որակի ապահովումը և որակի մշակույթն ուսումնասիրելու համար: Այցի ընթացքում խումբը հարցազրույցներ կունենա ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների խմբերի հետ:

ԵՊՀ բոլոր ուսանողներին և աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու «դյուրացված» բաց քննարկումներին: Նրանք կարող են ներկայացնել ցանկացած խնդիր: Տեղեկատվության գաղտնիությունն ապահովված է, սակայն փորձագիտական խումբը տեղեկատվությունը կօգտագործի միայն գնահատման նպատակներով և չի կարող լուծումներ առաջադրել կամ որոշումներ ընդունել առանձին անձանց խնդիրների վերաբերյալ:

Փորձագիտական խմբի ղեկավարն է պրոֆեսոր Վան Քեմպը (NVAO փորձագետ, Նիդեռլանդներ), իսկ անդամներն են` պրոֆեսորներ Յան Կիյնը (NVAO փորձագետ, Նիդեռլանդներ), Յուրի Սուվարյանը (Գիտությունների ազգային ակադեմիա), Արա Ամիրյանը (Հայկական պետական ագրարային համալսարան) և ուսանողուհի Զարուհի Սարգսյանը (Գլաձոր համալսարան): Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգողներն են Սուսաննա Կարախանյանը և Անի Մկրտչյանը:

Վերոնշյալ օրերին փորձագիտական խմբի հետ հանդիպելու համար պետք է նախապես գրանցվել: Այդ նպատակով կարող եք կապ հաստատել ՈԱԱԿ-ի համակարգողներ Սուսաննա Կարախանյանի (s.karakhanyan@anqa.am) և Անի Մկրտչյանի հետ (ani.mkrtchian@gmail.com):

Անուն-ազգանունը, ֆակուլտետն ու կրթական ծրագիրը նշելուց բացի` պետք է նաև հակիրճ ներկայացնել այն թեման, որի մասին խոսվելու է: Գրանցման վերջնաժամկետն է 2013 թվականի հունիսի 14-ը: Փորձագիտական խմբի հետ հանդիպումը կտևի առավելագույնը 10 րոպե:

ԵՊՀ-ն կտրամադրի փորձագիտական այցի մանրամասները, իսկ ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով կազմված ԵՊՀ ինստիտուցիոնալ ինքնագնահատման զեկույցի նախագծի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այստեղ: