Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն առաջընթաց է գրանցել

2013թ. մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կիսամյակային ընդլայնված նիստ, որին ներկա էին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահը, փոխնախագահը, քարտուղարը, ՈՒԳԸ-ի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և անդամները, դասախոսներ, ուսանողներ:

ՈՒԳԸ-ի նախագահ Միքայել Մալխասյանը ներկայացրեց կիսամյակի գործունեության հաշվետվությունը: 2012-2013 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում կազմակերպվել են ավելի շատ գիտական միջոցառումներ, քան նախորդ հաշվետու ժամանակահատվածում՝ 17 միջբուհական ու 13 ֆակուլտետային գիտաժողովներ, 140-ից ավելի սեմինարներ ու կլոր-սեղան քննարկումներ, 40-ից ավելի ֆիլմի դիտումներ, մոտ 25 բաց դասեր, 6 օլիմպիադաներ, 20-ից ավելի բանավեճեր ու դատախաղեր, ավելի քան 20 գիտաճանաչողական էքսկուրսիաներ և այլ տիպի միջոցառումներ:

ՈՒԳԸ-ի փոխնախագահ Գրիգոր Շահինյանը նշեց, որ հաջողվել է շատ լավ արդյունք ստանալ. «Անցած կիսամյակում ֆակուլտետներ կային, որոնք գիտական միջոցառումներ կազմակերպելու իմաստով բավականին պասիվ էին: Այս կիսամյակում մեզ հաջողվել է շատ բեղուն աշխատանք կատարել»:

ԵՊՀ 4 ֆակուլտետների (Պատմության, Արևելագիտության, Իրավագիտության և Հայ բանասիրության) և Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունները արժանացել են «Գերազանց» գնահատականի: Եվս 4 ֆակուլտետների ՈՒԳԸ-ներ արժանացել են «Գերազանց վերապահումով» գնահատականի:

Նրանք պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

Պարգևատրվեցին նաև բոլոր ՈՒԳԸ-ների ամենաակտիվ անդամները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ի ամենաակտիվ անդամ էր ճանաչվել Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանը: Նա ստացավ և՛ իր, և՛ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի պարգևները:

Մայիսի վերջին լույս կտեսնի նաև Հայ գրատպության 500 և ՈՒԳԸ-ի 65-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 240 աշխատանք:

Հավելենք, որ մասնաճյուղի ՈՒԳԸ-ն աննախադեպ առաջընթաց է գրանցել թե՛ միջոցառումների քանակության, թե՛ ծավալների տեսանկյունից, որի համար վաստակել է 130 միավոր և դրանով զբաղեցրել 3-րդ տեղը ԵՊՀ ՈՒԳԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ: Նախորդ ուսումնական կիսամյակում 53 միավորով (նոր սանդղակով՝ մոտավորապես 65) այն 5-րդն էր և արժանացել էր «Գերազանց վերապահումով» գնահատականի: