Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսումնական պրակտիկա Դիլիջանում

Օրերս Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները   ուսումնական պրակտիկայի  ծրագրի շրջանակներում ուղևորվեցին  Դիլիջան և Հաղարծնի վանք:

Առաջին այցը եղավ հայտնի հայ գործարար Ջեյմս Թուֆենկյանի հիմնադրած «Հին Դիլիջան» («Old Dilijan») հյուրանոցառեստորանային համալիր։ Հայ-վրացական հին Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով այս համալիրը գտնվում է Շարամբեյան փողոցում (նախկինում՝ Քյարամի քուչա)։ Վայրը նախկինում  կոչվել է ոմն Քյարամա  կույր ծերունու  անունով, որը ոտնաձայներով է  ճանաչել  տեղի բոլոր  բնակիչներին։

Մեր ուսանողները ծանոթացան համալիրում մատուցվող սոցիալ-մշակութային ծառայություններին: «Հին Դիլիջան» հյուրանոցառեստորանային համալիրը բաղկացած է բազմաթիվ կառույցներից՝ հացատուն, գինետուն, «Հայկանուշ» ռեստորան, հյուրանոցային համարներ, երեքից ավելի հուշանվերների վաճառասրահներ` փայտամշակման, բրուտագործական  անկյուններով  և այլն։ Ուսանողները մեծապես տպավորված էին Եսայան թանգարանում ներկայացված հին հայկական ու վրացական կենցաղը բնութագրող ցուցանմուշներով` հատկապես գորգերով։ Հետաքրքիր զուգադիպությամբ այդ  օրը  համալիր էր այցելել  նաև համալիրի  հիմնադիր, մեծ գործարար Ջեյմս Թուֆենկյանը։

Հաջորդ այցը նախատեսված էր Հաղարծնի վանական համալիր։ Վերակառուցված վանական համալիր շրջայցի ընթացքում մեր ուսանողները ծանոթացան ճարտարապետության նորամուծություններին։

Ուղևորությունը բավականին տպավորիչ էր, հետաքրքիր և ուսանելի։