Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ պաշտպանության նախարարությունը բոլոր բուհերի բակալավրիատի ու մագիստրատուրայի վերջին կուրսերի ուսանողներին առաջարկում է պարտադիր զինծառայություն անցնելու նոր տարբերակ:

Ուսանողները կարող են մեկ տարի սովորել ՊՆ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից որևէ մեկում, ապա ծառայության անցնել որպես սպաներ: Այս տարի ընդունելություն է իրականացվելու երեք՝ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրետանավորի, Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում կապավորի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով: 

Մեկամյա ուսումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն այժմ 3 տարի ժամկետով պարտադիր զինծառայության պայմանագիր է կնքում, իսկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է կրկին երկարաձգել այն՝ շարունակելով ծառայողական կարիերան զինված ուժերում կամ անցնել քաղաքացիական աշխատանքի:

Շրջանավարտը ստանում է լեյտենանտի զինվորական կոչում և որպես դասակի հրամանատար վիճակահանությամբ պարտադիր զինծառայության է անցնում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից որևէ մեկում: Գերազանց առաջադիմությամբ ավարտածները ներկայացված ցանկից անձամբ են ընտրում այն զորամասը, որտեղ պետք է ծառայության անցնեն:

Ծրագրում ներգրավվել ցանկացող ուսանողները մինչև գարնանային զորակոչի սկիզբը պետք է դիմումներ լրացնեն իրենց տարածքային զինկոմիսարիատներում: Ընդունվելու համար կարևոր նախապայմաններն են առողջական լավ վիճակը, ֆիզիկական և ինտելեկտուալ պատրաստվածությունը:

Աղբյուրը՝ www.ysu.am: