Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մարզի աշակերտները մրցեցին ԵՊՀ ԻՄ-ում

  2013թ. ապրիլի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դպրոցականների ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էին Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժինն ու Ուսանողական գիտական ընկերությունը:

Մասնակցում էին Տավուշի մարզի 11 դպրոցների (Բերդի վարժարան, Իջևանի և Բերդի ավագ, Այրումի, Ազատամուտի, Աչաջրի, Դովեղի, Թեղուտի, Խաշթառակի, Բերդավանի, Գետահովիտի միջնակարգ դպրոցներ) 12-րդ դասարանի աշակերտներից կազմված 5-հոգանոց թիմեր:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, ֆակուլտետների դեկանները, ՄԿՄԿ բաժնի վարիչը, ՈՒԳԸ-ի նախագահը, դասախոսներ, ուսանողներ:

Խաղը վարում էր Մելինե Մելիքյանը: Այն ընթացավ երկու փուլով: Երկրորդ փուլ անցան առավելագույն միավորներ հավաքած 5 թիմեր:

1-ին տեղը գրավեց Բերդավանի, 2-րդ տեղը` Խաշթառակի միջնակարգ դպրոցը:

Ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին,  դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին, շնորհավորեց հաղթողներին: Նա խոսեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և նրա մասնագիտությունների մասին, խորհուրդ տվեց ընտրել ճիշտ մասնագիտություն և լավ սովորել:

1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերը ստացան պատվոգրեր ու մրցանակներ: Մյուս թիմերը ստացան շնորհակալագրեր: Մրցանակ տրվեց նաև Իջևանի ավագ դպրոցին, որը պատասխանել էր մրցանակային հարցին: