Նոր ուսումնական տարին ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում սկսվեց մեկնարկային խորհրդակցությամբ: Մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը նոր ուսումնական տարվա և այն ազդարարող Գիտելիքի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորեց կրթօջախի դահլիճում հավաքված ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին` մաղթելով նրանց աշխատանքային խանդավառություն, գիտական նոր ձեռքբերումներ, բարձր կարգապահություն, կայուն ու հարուստ գիտելիքներ, ուսման որակի աննախընթաց բարձրացում: Այդ ամենի համար կրթօջախում ստեղծվել են բոլոր պայմանները. նորոգվել-թարմացվել են լսարանները, ամբիոնները, հարստացվել է գրադարանը, համակարգչային սրահը, գործում են նորաստեղծ երկու բուֆետները, բուժկետը, և, ամենակարևորը, ստեծվում է մասնաճյուղի էլեկտրոնային կայքը, որի նպատակն ուսման գործընթացին մեծապես նպաստելն է. կայքում կտեղադրվեն դասախոսների դասախոսությունները, կրթական համակարգի հետ կապված տեղեկատվություն, համալսարանական առօրյան ներկայացնող ու լուսաբանղ հաղորդագրություններ , լուսանկարներ և այլն:
Համալսարանում հետևողականորեն իրականացվում են կրթական բարեփոխումները, առանձնապես լուրջ և հետևողական աշխատանքներ են իրականացվում շրջանավարտների մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ, որի արդյունքում կփոխվի բուհական կրթության ոլորտի վերաբերյալ հասարակական ընկալումը: Մասնաճյուղում գործում է Որակի հանձնաժողովը, որի գերխնդիրը որակի ապահովումն է հաստատության բոլոր ենթակառույցներում, ռազմավարական ծրագրի իրականացման ողջ գործընթացում:
– Համոզված եմ, որ մասնաճյուղն իր բոլոր ֆակուլտետներով, ամբիոններով և ուսանողների հետ պատվով կկատարի գիտական առաջընթացին և այսօրվա պահանջներին ու չափանիշներին համապատասխան որակյալ շրջանավարտներ պատրաստելու հայրենանվեր գործը, որ անհրաժեշտ է հայոց պետականության հարատևման, ազգային առաջընթացի համար, – վերջում նշեց հաստատության տնօրեն Ս. Առաքելյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էր Իջևանի թիվ 51191 զորամասի հրամանատար գնդապետ Մ. Մախսուդյանը, որը ջերմորեն շնորհավորեց դասախոսներին և ուսանողներին նոր ուսումնական տարվա առթիվ, առանձնապես հայրենիքի վաղվա զինվորներին, ովքեր պարտավոր են լինել գրագետ, քաղաքականապես զարգացած, տոգորված պատասխանատվության բարձր զգացումով: