Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գերմանացի հյուրերի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Բավարիայի Այխշտետ Ինգոլշտադ համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հարալդ Պեխլաները և նույն համալսարանի տուրիզմի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի մի խումբ ուսանողներ: Նրանց ուղեկցում էին Գերմանիայի Միջազգային Համագործակցության (GIZ) «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակներում Տավուշի մարզի ու Ռեգենի տարածաշրջանի միջև համագործակցության գերմանական կողմի գործընկերներ Հերբերթ Ուննաշը, Սուսաննե Վագները և Ռեգինա Քաուշինգերը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Այցելության նպատակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռեգենի տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ուղղությամբ նախնական քայլեր ձեռնարկելն էր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր: Հայ և գերմանացի ուսանողների միջև անգլերեն լեզվով տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, խոսեցին իրենց նախասիրությունների և ընդհանուր հետաքրքրություննների մասին: Տնօրենի կողմից առաջարկվեց մասնաճյուղում ստեղծել գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն, որպեսզի հետագա հաղորդակցումը լինի գերմաներենով:

Հյուրերն այցելեցին նաև մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահ, որտեղ ծանոթացան ֆակուլտետի շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա և այլն) ստեղծագործություններին:

Պատկերասրահի տպավորությունների գրքում պրոֆեսոր Պեխլաները կատարեց գրառում իր ստացած ջերմ տպավորությունների վերաբերյալ:

Երկու կողմերն էլ շահագրգռված էին հետագա լուրջ համագործակցության համար: