Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավոր ծնունդդ, Ամենայն հայոց զորավար

Այսօր՝ 2015թ. փետրվարի 25-ին, լրանում է հայ մեծագույն զորահրամանատար, ֆիդայապետ, ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակը։

Անդրանիկ Թորոսի Օզանյանը (Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա) ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Օզանյանի ազգանվան ծագումը գալիս է Շապին Գարահիսարի մոտ գտնվող Օզան գյուղից։ Հայ զորավարը մեկ տարեկան հասակում կորցրել է մորը։ Վերջինիս մահից հետո Անդրանիկին խնամել է ավագ քույրը։

Անդրանիկ Օզանյանը ամուսնացել է 17 տարեկան հասակում, սակայն մեկ տարի անց նրա կինը մահացել է։ Այնուհետև մահանում է նաև Անդրանիկի նորածին որդին։
Աբդուլ Համիդ սուլթանի օրոք, երբ վատթարանում է հայերի դրությունը, Անդրանիկ Օզանյանը վերցնում է զենքը և պայքարում կեղեքիչների դեմ։

1880-ական թվականներին Անդրանիկը հիմնականում բնակվում էր Կոստանդնոպլսում։ 1897թ. վերադառնալով Արևմտյան Հայաստան` Անդրանիկը միանում է Աղբյուր Սերոբի խմբին։ Մինչև 1904թ. հայ զորավարը պայքարում է Աբդուլ Համիդի դեմ։

1905թ. Անդրանիկը ճամփորդության է մեկնում տարբեր երկրներ, որտեղ փորձում է տեղեկացնել արևմտահայության ծանր վիճակի մասին։

1912թ. Անդրանիկ Օզանյանը ձևավորում է վաշտ և առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Բուլղարիայի կազմում մարտնչում է Օսմանյան կայսրության դեմ։ Իր զորաջոկատով Մարիցա գետի ափին ջարդելով թուրքական մեծաքանակ բանակը` նա Բուլղարիայի կառավարության կողմից արժանանում է բարձրագույն պարգևի` «Ոսկե խաչի»:

1914 թվականին` Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես, Անդրանիկը վերադառնում է Կովկաս և ձևավորելով առաջին հայկական կամավորական գունդը` ղեկավարում է թուրքական բանակի դեմ մղված կռիվները, որոնց արդյունքում զորավարը պարգևատրվում է Գևորգյան 4-րդ կարգի շքանշանով և բազում այլ մեդալներով:

Առաջին աշխարհամարտի ժամանակ Զորավարը մի շարք նշանակալից հաղթանակներ է տոնում, որոնցից ամենահիշարժանը Դիլմանի ճակատամարտն էր։
1918թ. մայիսին «խենթի պես քաջ» Անդրանիկի դիվիզիան Վորոնցովկա ավանի մոտ կասեցնում է օսմանյան զորքի առաջխաղացումը դեպի Թիֆլիս, ապա մարտերը շարունակվում են Ղարաքիլիսայի ուղղությամբ:

Զորահրամանատարի դերը խիստ նշանակալից էր նաև Զանգեզուրի պաշտպանական մարտերում: Այնուհանդերձ, Անտանտի դաշնակիցների վարած քաղաքականության ու Հայաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների հետ հակասություններ ունենալով` Անդրանիկը 1922թ. հեռանում է Հայաստանից:

1927թ. օգոստոսի 31-ին մեծագույն հայը իր մահկանացուն կնքում է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: 1928թ. նրա աճյունը տեղափոխվում է Փարիզ, 2000 թվականին` Հայաստան։ Նրա աճյունն այժմ ամփոփված է Երևանի Եռաբլուր պանթեոնում։
Անդրանիկ Օզանյանը Հայոց պատմության մեծագույն հայերից մեկն է, ողջ հայության սիրելի զորավարը, «ամենահմայիչ, ամենառոմանտիկ, ամենավառ մարտիկներից մեկը, որ երբևէ տեսել է մարդկությունը»:

Իր իսկ խոսքով ասած` նա իր կյանքում երբեք չի ձգտել անձնական երջանկության ու բարօրության, ձգտել և պայքարել է միայն մի բանի` իր հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար, չի փնտրել իր վաստակի գնահատականը և ցանկացել է միայն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ինքը ծառայել է ամբողջ կյանքում:

Շնորհավորում ենք ծնունդդ, Ամենայն հայոց զորավար, փառք ու պատիվ մեր մեծերին: