Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության նիստ

1․ գլխավոր 2024 թ. հունվարի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ 6 օրակարգային  և 2 ընթացիկ հարցերով:

Նիստում մասնավորապես քննարկվեցին 2024-2025 ուստարվա ԵՊՀ ԻՄ ուսման վճարների չափերին, 2023-2024 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությանը, 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված պրակտիկաներին և 2-րդ կիսամյակի պրակտիկաների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հաղորդումներ ներկայացվեցին 2023-24 ուստարվա 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման, 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների, տնօրենության նախորդ նիստի որոշումների կատարողականի մասին:

Առաջին հարցի կապակցությամբ նշվեց, որ թեև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի որոշ կրթական ծրագրերի համար իրականացվող ծախսերը գերազանցում են ուսման վարձավճարների չափերին, այնուամենայնիվ փոփոխություններ կատարելիս անհրաժեշտ է առավելագույնս հաշվի առնել տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը և սահմանամերձ մարզին բնորոշ այլ հանգամանքներ: Ըստ այդմ՝ որոշվեց ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին առաջարկել ոչ մեծ չափով փոփոխություններ իրականացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2024-2025 ուստարվա ուսման վճարների չափերում:

Երկրորդ հարցի մասին նշվեց, որ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը 32 է, հեռակա ուսուցման համակարգում՝ 15:

Առկա ուսուցման համակարգում հետազոտական աշխատանքների ընդհանուր թիվը պետք է լիներ 382, որից 273-ը՝ եզրափակիչ գնահատումով, 109-ը՝ առանց եզրափակիչ գնահատման:

Հեռակա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ ունեցող դասընթացների թիվը 15 է, որից 13-ը եզրափակիչ գնահատումով է, 2-ը՝ առանց եզրափակիչ գնահատման: Եզրափակիչ գնահատմամբ աշխատանքների թիվը պետք է լիներ 245, առանց եզրափակիչ գնահատման դեպքում՝ 21:

Մյուս հարցի վերաբերյալ նշվեց, որ 2023-2024 ուստարվա ընթացքում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 13 պրակտիկա՝ 4 ուսումնական (առկա ուսուցում), 6 արտադրական /մանկա­վար­ժա­կան/ (չորս՝ առկա ուսուցում, երկու՝ հեռակա ուսուցում), 2 մասնագիտական (հեռակա ուսուցում) և 1 գիտամանկավարժական (հեռակա ուսուցում):

Պրակտիկաները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի և մասնագիտական ամբիոնների կողմից Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին ներկայաց­ված ծրագրերի:

Երկրորդ կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների,  նախատեսված է 33 պրակտիկա (20-ը՝ առկա ուսուցման համակարգում, 13-ը՝ հեռակա): Առայժմ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են առկա ուսուցման պրակտիկաների համար: Կատարվել է թափուր ժամերի բաշխում (զեկուցագիր գրվել է Կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից), բոլոր ծրագրերը ներկայացվել են Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին, կատարվել է պրակտիկաների իրականացման վայրերի քննարկում:

2023-24 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի I լուծարքային շրջանի կազմակերպման մասին նշվեց, որ այն կիրականացվի ս.թ. փետրվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում: Լուծարքների անցկացման նպատակով հատկացվել են տեսախցիկներով կահավորված լսարաններ, պատրաստվել են առարկայական հանձնաժողովների կազմերը և ժամանակացույցները:

Հաջորդիվ ներկայացվեց, որ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերն սկսելու համար իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ կապված կազմակերպման ժամանակացույցի, դասացուցակների կազմման, դասամատյանների տրամադրման և այլնի հետ:  Արդեն պատրաստ են դասացուցակները, հաստատվելուց հետո սեղմ ժամկետներում կտեղադրվեն կայքում, դրանց մասին կիրազեկվեն դասախոսները և ուսանողները: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է ս.թ. փետրվարի 7-ից սկսելու երկրորդ կիսամյակի առկա ուսուցման դասապրոցեսը:

Տնօրենության նախորդ նիստերի որոշումների կատարողականին անդրադառնալիս նշվեց, որ ընդունված որոշումներն իրականացվում են:

Բացակայությունների թույլատրելի սահմանը հատած ուսանողների հետ իրականացված խորհրդատվական և բացատրական աշխատանքներից հետո որոշակիորեն բարելավվել է դասապրոցեսին նրանց մասնակցության ընդհանուր վիճակը:

Ընթացիկ առաջին հարցի վերաբերյալ նշվեց, որ մասնաճյուղում իրականացվում է 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման համար դիմումների ընդունելության գործընթացը. առկա ուսուցման համակարգի համար այն կտևի մինչև ս.թ. փետրվարի 21-ը, հեռակա ուսուցման համար՝ մինչև մարտի 12-ը:

Այս պահին իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար դիմել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 4 նախկին ուսանողներ (2-ը՝ առկա ուսուցման, 2-ը՝ հեռակա): Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:

Որոշվեց ԵՊՀ ԻՄ 4 նախկին ուսանողներին թույլատրել վերականգնելու իրենց ուսանողական իրավունքները:

Վերջին ընթացիկ հարցի կապակցությամբ որոշվեց 120 ժամ և ավելի անհարգելի բացակայության պատճառով առկա ուսուցման համակարգի 1 ուսանողի հեռացնել մասնաճյուղից: