Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ուղերձը նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ

Ուղերձի նկարը

  Տասնամյակներ շարունակ ուսումնական տարվա սկիզբն ազդարարող Գիտելիքի օրվան բոլոր ուսանողները, պրոֆեսորադասախոսական ողջ կազմը սպասել են սրտի անհուն թրթիռով, և հանդիպումը դարձել է տոնական շքեղ իրադարձություն հատկապես առաջին կուրսեցիների համար. չէ՞ որ իրականություն են դարձել 12 երկար տարիների նրանց երազանքները…

Ուրեմն՝ իմ ջերմագին շնորհավորանքները նախ ձե՛զ՝ ԵՊՀ իջևանի մասնաճյուղ ընդունված առաջին կուրսեցինե՛ր, ձե՛զ, որ բռնել եք հենց մե՛ր բուհի ճանապարհը, եկել՝ կյանք տալու ձեր բոլոր նվիրական ցանկություններին ու մտահղացումներին:

Թո՛ղ բարի լինի ձեր մուտքը մեր կրթօջախ, թո՛ղ որ այստեղ՝ հանրապետության լավագույն բուհերից մեկում, գիտության ու կրթության լույսը ձեզ մղի գիտական որոնումների, մասնագիտական ինքնատիպ մտահղացումների, թո՛ղ որ առավել ակտիվ հասարակական դիրքորոշում ունենաք՝ ազնիվ, անշահախնդիր ու համարձակ, ու նաև ձեր շնորհիվ ու մասնակցությամբ ստեղծվի համալսարանական բարձրակարգ միջավայր: 

Ափսոսանքով ավելացնեմ, որ ձեզ հայտնի պատճառները մեզ թույլ չտվեցին այս հիշարժան օրը նախորդ տարիների պես նշանավորել տոնական միջոցառումներով… Բայց  մեր համալսարանն ունի հարուստ ավանդույթներ, և ես  համոզված եմ, որ ձեր մեջ շնորհալի շատ ուսանողներ կան, որոնք մեր կրթօջախում հաճախակի կազմակերպվող բազմաբովանդակ միջոցառումներին իրենց մասնակցությունը կբերեն և գեղագիտական բավականություն կպատճառեն բոլորիս…

Համոզված եղեք, որ ձեր ուսանողական տարիները կլինեն գիտական առումով բարձր գիտելիքների ձեռքբերման տարիներ, անձնական առումով` անհատական նոր հետաքրքրությունների ու հույզերի, անմոռաց հիշողությունների տարիներ… Դուք կդառնաք պահանջված մասնագետներ  ու  բարձր կպահեք մասնաճյուղի անունն ու  պատիվը…

Դարձյալ շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում ամենայն բարիք, նպատակասլացություն, ազնիվ աշխատանք,  մասնագիտական հաջողություններ ու ձեռքբերումներ ուսմնառության ընթացքում և անձնական կյանքում…

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթ. գիտ. թեկն., դոցենտ Անուշավան Մակարյան