Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2023-2024 ուսումնական տարին

1. գլխավոր 2023թ. սեպտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Երևանի պետական համալսարանի հիմնը, 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:

Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը շնորհավորական ուղերձ հղեց բոլոր համալսարանականներին՝ բուհի ամբողջ անձնակազմին, ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին (տնօրենի ուղերձը տե՛ս այստեղ): Այս տարի Մայր բուհի սահմանապահ մասնաճյուղն իր հարկի տակ ընդունել է 161 առաջին կուրսեցիների:

2023-2024 ուստարում հաճելի անակնկալ էր սպասում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ վճարովի հիմունքներով ընդունված այն 4 դիմորդներին, ովքեր ընդունելության քննություններին հավաքել էին ամենաբարձր միավորներ:

Պարոն Մակարյանը ուսման վճարի լրիվ փոխհատուցման հավաստագրեր հանձնեց «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Աշոտի Վարդումյանին, «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Աստղիկ Գեղամի Ներկարարյանին, «Հոգեբանություն» մասնագիտության աառաջին կուրսի ուսանողուհի Սերինե Գեորգիի Պատառյանին և «Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մերի Հրաչյայի Բաղդասարյանին:

 Միջոցառման շրջանակներում իրականացվեց նաև «Տարվա ուսանող-2023» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը. ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Իննա Հրայրի Հարությունյանը պարգևատրվեց արծաթե մեդալով և հավաստագրով, իսկ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2023թ. շրջանավարտ Նարա Արմենի Մելքումյանը ստացավ հաղթողի հավակնորդի հավաստագիր:

Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Էռնեստ Խանումյանը՝ ընդգծելով. «Այս տարի Գիտելիքի և դպրության օրը տոնում ենք միասնությամբ և վճռականությամբ՝ վերստին կարևորելով ուսանողների շարունակական հզորացումը, ուսանողակենտրոն նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունն ու ուսանողների մասնակցությունը համալսարանական կյանքին` բոլոր դրսևորումներով»:

Ապա կայացավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց մասնաճյուղի այս տարվա առավելագույն միավորներ հավաքած դիմորդը՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լուիզա Աշոտի Մելիքբեկյանը: Համալսարանականները երդվեցին արժանի լինել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը: Պահպանելով ավանդույթը՝ գիտելիքի բանալին 4-րդ կուրսի ուսանողուհի Իննա Հրայրի Հարությունյանը փոխանցեց առաջին կուրսեցի Լուիզա Աշոտի Մելիքբեկյանին:

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:

Տոնական միջոցառումից հետո լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2023-2024 ուսումնական տարվա դասերը: